Ապրիլի 10-ին ՀՀ կառավարության նիստում կքննարկվեն մի շարք հարցեր, որոնցից մեկն առնչվում է կուսակցությունների մասին օրենքում փոփոխություններ անելուն:
Օրենքի համահեղինակները ՀՀԿ-ական պատգամավորներն են, որոնք առաջարկում են, որպեսզի կուսակցության ներսում աուդիտի անցկացման պահանջը գործի ոչ թե ըստ ակտիվների չափի, այլ տարեկան շրջանառու միջոցների սահմանված շեմից բարձր լինելու դեպքում:
Կառավարությունն ի պատասխան առաջարկում է հետևյալը`. «… աուդիտ չի անցկացվում այն դեպքում, երբ կուսակցությունը լիազոր մարմնին հայտարարություն է ներկայացնում հաշվետու տարում կուսակցության ակտիվների մասով փոփոխությունների բացակայության մասին:
Ներկայացված առաջարկությունը համահունչ է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հիշյալ որոշման պահանջներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 8-ի N 1272-Ն որոշման դրույթներին:
Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագիծն ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առաջարկության ընդունման դեպքում»:
Կառավարության այս նիստում կքննարկվի նաև ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանի` «Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որին կառավարությունը տվել է դրական եզրակացություն ՝ միաժամանակ առաջարկելով համագործակցել Հայաստանի Հանրապետության կառավարության հետ մեկ միասնական նախագծերի փաթեթ ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու համար:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում բնապահպաններն ահազանգում են Արարատյան հարթավայրում տիրող աղետալի վիճակի` մասնավորապես Արարատյան դաշտավայրում քաղցրահամ ջրերի օգտագործման ծավալների նվազման մասին, որի պատճառը ձկնաբուծական ընկերություններն են:
Տեղեկացնենք, որ նիստը վարելու է փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:
Սոնա Դավթյան