
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը քննչական կոմիտեն վերածել է ընտանեկան միության: Երեկ վերջինս իր հորեղբոր որդուն Հրաչիկ Պողոսյանին նշանակեց ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնի պետ: Մինչ այդ Հրաչիկ Պողոսյանը ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ էր , իսկ ահա նախագահ հոերբոր որդու շնորհիվ դարձավ պետ:
Մեր հրապարակմանն ի պատասխան՝ Կոմիտեից հայտնեցին․
«Հերքում. Հրաչիկ Պողոսյանը չի հանդիսանում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի հորեղբոր որդին
Հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը՝ Քննչական կոմիտեն «Armlur.am» լրատվական կայքի խմբագրությունից պահանջում է «Հերքում» խորագրի ներքո հրապարակել հետևյալ տեքստը.
«Armlur.am» լրատվական կայքում այսօր հրապարակված «ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քննչական կոմիտեի նախագահը հորեղբոր որդուն պետ է նշանակել. ընտանեկան միություն» վերտառությամբ հրապակման մեջ տեղ գտած տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:
Հրաչիկ Պողոսյանը չի հանդիսանում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի հորեղբոր որդին և որևէ ազգակցական կապի մեջ չի գտնվում վերջինիս հետ:
Մինչ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնի պետի պաշտոնում նշանակվելը՝ Հրաչիկ Պողոսյանը 2023-2025 թվականներին հանդիսացել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ և ընդգրկված է եղել առաջխաղացման ցուցակում:
Հետևապես, լրատվական կայքի պնդումը, թե «Քննչական կոմիտեի նախագահը հորեղբոր որդուն պետ է նշանակել …», սխալ է:
Քննչական կոմիտեում կադրային քաղաքականությունը վարվում է բացառապես հաշվի առնելով անձի պրոֆեսիոնալիզմը, մասնագիտական կարողությունները և հմտությունները:
Քնար Մանուկյան