Armenian text to speach

Եղել է Արցախում, աջակցել է Կոնգրեսում հայկական շահերին. Թուլսի Գաբբարդը՝ ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ Սենատը հաստատել է Թուլսի Գաբբարդի թեկնածությունը՝ Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում։ Նրա թեկնածությունը պաշտպանել է 52 սենատոր, դեմ են եղել 48-ը, գրում է The New York Times-ը։

Գաբբարդը կղեկավարի ԱՄՆ ներքին և արտաքին հետախուզական ծառայությունները, ներառյալ Կենտրոնական հետախուզական վարչությունը (CIA) և Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI)։

Գաբբարդն իր քաղաքական կարիերան սկսել է 2002 թվականին։ Նա Իրաքի պատերազմի վետերան է, ով 2004-ից 2005 թվականներին ծառայել է բժշկական բաժանմունքում: Այնուհետև նա դարձել է Հավայան կղզիների ազգային գվարդիայի մայոր, իսկ ավելի ուշ ստացել է ԱՄՆ բանակի պահեստազորի փոխգնդապետի կոչում: Գաբբարդը 2013-2021 թվականներին ծառայել է որպես Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի անդամ: 2019 թվականին նա հայտարարել էր ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին, սակայն հետագայում աջակցել էր Ջո Բայդենին։

2022 թվականի հոկտեմբերին Գաբբարդը լքել էր Դեմոկրատական ​​կուսակցությունը, աջակցել Դոնալդ Թրամփին և 2024 թվականի հոկտեմբերին միացել Հանրապետական ​​կուսակցությանը։ 2024 թվականի նոյեմբերին Դոնալդ Թրամփը նրա թեկնածությունն առաջադրել էր Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում։

Նշենք, որ Գաբբարդը բավական սերտ հարաբերություններ է պահպանում ԱՄՆ հայկական կառույցների հետ։ 2017 թվականին նա որպես Կոնգրեսի անդամ այցելել է Հայաստան և Արցախ՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից կազմակերպված համաժողովի շրջանակներում, աջակցել է Կոնգրեսում հայկական շահերին, քվեարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևերի օգտին և դատապարտել է Ադրբեջանի հարձակումն Արցախի դեմ։

Նա ծագումով Հավայան կղզիներից է, այս նահանգը 2016 թվականին ճանաչել էր Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

 




Լրահոս