ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո ինչ ճակատագիր է սպասվում ԵՄ անդամակցության նախաձեռնությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի խորհրդարանը երեկ՝ 63 կողմ, 7 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը, որը Ազգային ժողով էր հասել «Եվրաքվե» նախաձեռնության միջոցով:
Նախագիծն ընդունվեց միայն իշխող ՔՊ խմբակցության ձայներով, ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու նախագծին, իսկ «Հայաստան» խմբակցությունն ընդհանրապես չի մասնակցել քվեարկությանը։
Նախագծում ասվում է, որ ՀՀ-ն այսպիսով «արտահայտում է հայ ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած ու բարեկեցիկ երկիր»։ Իսկ ինչ գործընթացներ են հաջորդելու ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո։

Նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ զրույցում Արտակ Զեյնալյանն  ArmLur.am-ի հետ նշում է, ըստ ընթացակարգի, այն պետք է դեռ երկրորդ ընթերցմամբ ընդունվի խորհրդարանում, այնուհետև, ՀՀ նախագահը պետք է հաստատի։
Ըստ Զեյնալյանի՝ ՀՀ-ն պետք է ակտիվ բանակցություններ վարի ԵՄ անդամ երկրների հետ՝ հիմնվելով Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՍԵՊԱ) վրա։

Նշենք՝ Հայաստան-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում, սակայն դրա հիմնական մասերի ժամանակավոր կիրառումն ուժի մեջ է մտել 2018-ի հունիսի 1-ից: Այն վավերացվել է Հայաստանի Հանրապետության, բոլոր ԵՄ անդամ պետությունների և Եվրոպական խորհրդարանի կողմից՝ սահմանելով կարևոր նշաձող ԵՄ-Հայաստան հարաբերություններում։ Համաձայնագրի դրույթներով ամրագրվում Է Եվրոպական միության և Հայաստանի միջև փոխգործակցության ոլորտների լայն շրջանակը, այդ թվում` ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ամրապնդումը, ավելի շատ աշխատատեղերի և գործարար հնարավորությունների ստեղծումը, օրենսդրության կատարելագործումը, հանրային անվտանգության և ավելի մաքուր շրջակա միջավայրի ապահովումը, ինչպես նաև ավելի լավ կրթության և հետազոտական հնարավորությունների ապահովումը։ Երկկողմ օրակարգը միաժամանակ նպաստում է ԵՄ-ի՝ Արևելյան գործընկերության շրջանակում Արևելյան հարևանության երկրների հետ հարաբերությունները։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս