![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/10503816_239_0_780_541_1920x0_80_0_0_a172832be1f701249776d4b66fcb2b7c_thumb.thumb_.jpg)
Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան՝ «Եվրոպական վայրի բնության և բնական միջավայրերի պահպանման մասին» («Բեռնի կոնվենցիա») 1979թ. կոնվենցիայի հիման վրա։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Հայտարարության համաձայն՝ հայցը ներկայացվել է փետրվարի 12-ին։ Փաստաթղթում նշվում է, թե Հայաստանը «թույլ է տվել կոնվենցիայով ստանձնած շրջակա միջավայրի պահպանության իրավական պարտավորությունների բազմաթիվ խախտումներ»։
Բաքուն հայտարարում է, թե «Հայաստանից պահանջում է ամբողջական փոխհատուցում բնակավայրերի և վայրի բնության զանգվածային ոչնչացման համար, այն գործողությունների համար, որոնք բացասաբար են ազդել ադրբեջանական տարածքների վայրի բնության հարյուրավոր տեսակների և կենսամիջավայրերի վրա, ներառյալ՝ լայնածավալ անտառահատումները, էկոլոգիապես անարդյունավետ ծառահատումները, հանքարդյունաբերությունը և հիդրոէլեկտրակայանների կառուցումը»։
«Ադրբեջանը կշարունակի իր գործունեությունն արդարության ապահովման ուղղությամբ և միջազգային պատասխանատվության կենթարկի Հայաստանին օկուպացիայի ժամանակ շրջակա միջավայրի, կենդանիների տեսակների և բնակավայրերի ոչնչացման ու պաշտպանությանն ուղղված միջոցներ չձեռնարկելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։