![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/307304.jpg)
Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը Վաշինգտոնում կայացած «Հարավարևելյան Եվրոպայի և Արևելյան Միջերկրականի 6-րդ համաժողովի» շրջանակներում անդրադարձել է Թուրքիա-ԱՄՆ և ԱՄՆ-Հունաստան հարաբերություններին՝ նշելով, որ ԱՄՆ-ն պետք է ընտրություն կատարի թուրքական և հունական կողմերի միջև:
Թուրքական մամուլում նման հայտարարությունը պայմանավորվել է նրանով, որ մինչ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մշտապես գովում է իր թուրք գործընկերոջը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հունական կողմը փորձում է հարաբերություններ կառուցել Միացյալ Նահանգների նոր վարչակազմի հետ:
Պնդումներ է տարածվել նաև առ այն, որ այդ ուղղությամբ հունական կողմը համագործակցություն է սկսել «Հանրապետական կուսակցության» հետ կապ ունեցող «BGR» լոբբիստական ընկերության հետ:
Լոբբիստական կազմակերպության հետ համագործակցությունն էլ թուրքական մեդիատիրույթում բացատրվում է սենատոր Ռոբերտ Մենենդեսի քաղաքական ասպարեզից հեռանալու իրողությամբ, ով Թուրքիայի համար ընկալվում էր որպես «թուրքերի թշնամի»։
Թուրքական կողմը մեդիադաշտի մակարդակով Դենդիասի հայտարարությունները որակել է սկանդալային, իսկ դրանց վերաբերյալ ձևակերպումները տեղավորվել են «Դենդիասը չափն անցել է» տրամաբանության մեջ: