Ե՞րբ է նշվում Տյառնընդառաջը և ո՞րն է տոնի իմաստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ առաքելական սուրբ եկեղեցու տոները բազմազան, հետաքրքիր և սպասված են։ Հայոց եկեղեցին այսօր նշում է Տյառնընդառաջը՝ Տրնդեզը կամ մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։
Տոնը հայտնի է նաև այլ անուններով, ինչպիսիք են՝ Տնդալեշ, Տառինջ-տառինջ, Դառդառանջ, Դոռոնջ, Մելետ և այլն։ Տոնը նշվում է հազարամյակներ շարունակ և հայ քրիստոնյաների շրջանում բավականին սիրված է։ Տոնը նշվում է փետրվարի 14-ին՝ Քրիստոսի աստվածահայտնությունից՝ հունվարի 6-ից քառասուն օր հետո։

Այսօր՝ փետրվարի 13-ին, հայ առաքելական եկեղեցիներում սկսվում է Տյառնընդառաջի նախատոնակը, որին հաջորդում է նորապսակների օրհնության կարգը, իսկ հետո՝ ավանդական խարույկի շուրջ տոնական միջոցառումը։

Իսկ ինչպե՞ս է ծագել տոնի անվանումը․

Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։ Տոնի նախատոնակը ավետում է Տերունի տոնի սկիզբը։ Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողությունը, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 կողմերը։ Այդ արարողությանը հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը։ Եկեղեցուց վերցված կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկները՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ։
Բացի քրիստոնեական խորհրդից, տոնն ունի նաև ժողովրդական խորհուրդ, որը ևս հետաքրքիր է։ Ըստ ժողովրդական ավանդության՝ Տյառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ վառելն է և այդ խարույկի շուրջ տոնակատարությունը: Հնում խարույկը հիմնականում վառում էին ցորենի հասկերից, իսկ կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին Տյառնընդառաջի տոնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը և պտտեցնում կրակի շուրջը, իսկ մի մասը բաժանում, մի մասն էլ պահում՝ երեկոյան խնջույքի համար։ Պտտվելու ընթացքում, երբ թեժ կրակը հանդարտվել է, պտտվողները սկսել են կրակի վրայով թռչել։
Հին ժամանակներում ծխի ուղղությամբ հայերը կատարել են նաև գուշակություններ։ Հետևելով ծխի ուղղությանը, գուշակության միջոցով որոշել են տարվա բերքառատությունը․ եթե ծուխը թեքվել է հարավ կամ արևելք, ապա այդ տարվա համար ակնկալվել է առատ բերք, իսկ եթե ծուխը թեքվել է հյուսիս կամ արևմուտք, ապա համարել են, որ այդ տարվի երաշտ է լինելու։
Ծխի ուղղությամբ նաև որոշել են, թե որ կողմից է գալու հարսնացուն և/կամ փեսացուն։ Եղել է հատուկ պար նորապսակների համար, որի ժամանակ Տրնդեզի մոմերով կամ հատուկ ջահերով 7 ամուսնական զույգեր շրջապատել են պարող նորապսակներին չարիքներից պաշտպանելու համար և նրանք պարել են այդ շրջանի մեջ։

Աննա Սրապիոնյան




Լրահոս