Երկու ճշմարտություն՝ Արդարադատության նախարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ  բոլոր լրատվամիջոցներով շրջանառվում էին արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի գլխավորությամբ  ԱՆ 150 տղամարդ աշխատակիցների  դոնորական արյուն հանձնելու  տեսանյութերը:

Բնականաբար` գլխավոր դերում ինքը` Թովմասյանն էր, ում «անձնազոհ» արարքը, սակայն, ստվերեց  նույն օրը ՄԻՊ գրասենյակի հրապարակած  ձայնագրությունն այն մասին, թե ինչպես են  Արդարադատության նախարարության ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման  եւ հատուկ բաժինների աշխատակիցները  ծեծի ենթարկում 32-ամյա մի քաղաքացու, ով իր ենթադրելի սխալի համար բազմիցս ներողություն է խնդրում իրեն ծեծի ենթարկող, հայհոյող եւ նվաստացնող  ԱՆ համազգեստավոր  աշխատակիցներից (ըստ ձայնագրության` բարձրաստիճան սպաներից):

Ուշագրավ է, որ  Հրայր Թովմասյանի ղեկավարած կառույցի աշխատակիցները, ի թիվս այլ հայհոյանքների, քաղաքացուն  նվաստացնելիս բազմիցս օգտագործում են այն նույն բառը, որով ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը  ԱԺ ամբիոնից բնութագրեց  Հրայր Թովմասյանին:

Ընդ որում, հանուն արդարության, պետք է նշել, որ  ծեծի ենթարկված քաղաքացին, դատելով ձայնագրությունից, ի սկզբանե իրեն լավ չի պահել: Այն է` սխալ, արգելված  վայր է մուտք գործել, եւ իրեն «դուք»-ով դիմող փոխգնդապետին ոչ  պատշաճ պատասխան է տվել: Կարճ ասած` «ղալաթ» է արել: Ինչին ի պատասխան` հետեւել է ծեծն ու նվաստացումը:

Բնականաբար`  նախարարի պաշտոնակատար Թովմասյանը,  ձայնագրության հրապարակումից եւ ՄԻՊ-ի միջամտությունից հետո,  շտապել է ծառայողական քննություն նշանակելու մասին հրաման ստորագրել` այդպիսով փորձելով  փրկել իր` վերջին շրջանում առանց այն էլ  շրիշակից ցածր ընկած վարկանիշը: Նախարարն, իհարկիե, կարող է ասել, թե իր համար անընդունելի է իր աշխատակիցների նման պահվածքը, եւ ինքը չի կարող պատասխանատու լինել ԱՆ հարյուրավոր աշխատակիցներից յուրաքանչյուրի արարքների համար:

Խնդիրն այն է, սակայն, որ  հանրությունը, եւ հատկապես դատապարտյալներն ու նրանց հարազատները, ինչպես նաեւ իրավապաշտպանները, շատ լավ հիշում են  դատապարտյալների կողմից որպես բողոքի նշան բերանները կարելու ծայրահեղ քայլը «փիրսինգ»-ի  հետ համեմատելու Թովմասյանի ցինիկ հայտարարությունը, որից ակնհայտ դարձավ նրա վերաբերմունքը համակարգում առկա իրավիճակի հանդեպ:

Իր պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ «ղալաթներ»-ից հետո իմիջը բարելավելուն ուղղված անձնազոհ դոնորի երեկվա PR ակցիան  համոզիչ չէր լինի, եթե անգամ չլիներ այն ստվերող  նշված միջադեպը: Խնդիրն այն է, որ դոնորական արյուն հանձնելը բարեգործություն է, իսկ բարեգործությունն անում են առանց այդ մասին բարձրաձայնելու, առավել եւս` սեփական մերկ եւ ոչ այնքան բարետես մարմինն ի ցույց դնելու:




Լրահոս