Երեկվանից մեկնարկել է Առաջավորաց պահքը, որը հատուկ է միայն Հայ Առաքելական եկեղեցուն, տեւում է հինգ օր: Առաջավորացն առաջին պահքն է, որ հաստատվել է Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից, եւ հենց այդ պատճառով էլ կոչվում է առաջվորաց` առաջին:
Ինչպես ավանդում է մեզ պատմությունը, Խոր Վիրապից ելնելուց հետո Ս. Գրիգոր Լուսավորիչը, նախքան Տիրոջ հրաշքով դարձի եկած Տրդատ արքային, հայոց մեծամեծերին ու ողջ ժողովրդին մկրտելը, 65 օր շարունակ Քրիստոսի հավատքն էր քարոզում եւ այդ օրերից 5-ի ընթացքում պատվիրեց պահեցողությամբ եւ ապաշխարությամբ պատրաստվել մկրտության: Հնում պահք ասելով հասկանում էին մեր այսօրվա ծոմը, այսինքն՝ ընդհանրապես ոչինչ չէին ուտում. սակավ ջուր էին գործածում, կամ էլ ուտում էին միայն սակավ բանջարեղեն: Բայց հետագայում բանջարեղենին ավելացան բուսական ծագում ունեցող նաեւ այլ կերակուրներ ու մեղրը, եւ տարբերակում մտավ պահքի ու ծոմի միջեւ` ծոմը դարձնելով պահքի ավելի խիստ տեսակ: Առաջավորաց պահքը հիմնականում նախորդում է Ս. Սարգսի տոնին, սակայն տոնի հետ որեւէ առնչություն չունի:
Պահք պահելուց առաջ ցանկալի է գնալ եկեղեցի, մասնակցել երեկոյան ժամերգության եւ աղոթել, որ Աստված զորացնի՝ պահքը ճիշտ անցկացնելու եւ հոգեւոր օգուտներ քաղելու համար: Պահքից դուրս գալու համար կարեւոր է Ս. Սարգսի տոնին մասնակցել Ս. Պատարագին եւ հաղորդություն սատանալ:
Իսկ ինչո՞ւ ենք հինգ օր պահք պահում։
Մեր եկեղեցու հայրերը սրան մի քանի բացատրություն են տալիս:
Ա) Ինչպես արդեն ասվեց, Ս. Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ ողջ արքունիքը եւ հայ ժողովուրդն ապաշխարության եւ պահքի մեջ եղան 5 օր:
Բ) Քանի որ մարդը հինգ զգայարան ունի` տեսանելիք (աչքերը), լսելիք (ականջները), հոտոտելիք (քիթը), ճաշակելիք (բերանը) եւ շոշափելիք (ձեռքերն ու ոտքերը), որոնցով մեղանչում է, ուստի այս պահքի հինգ օրերի ընթացքում պիտի զղջա սրանցով կատարած իր մեղքերի համար, խոստովանի դրանք Աստծուն եւ ջանա այլեւս չմեղանչել:
Գ) Ինչպես հայտնի է, Աստված աշխարհն ու նրանում եղած ամեն ինչ ստեղծեց 6 օրում։ Վեցերորդ օրը ստեղծեց մարդուն եւ, թեեւ մինչ այդ արդեն ստեղծել էր բոլոր տեսակի կենդանիներին, տվել նրանց աճելու ու բազմանալու հրաման, սակայն ուտելու հրաման դեռեւս չէր տվել։ Այդ հրամանը (Տես` Ծննդ. 1:29-30) մարդուն ու կենդանական աշխարհին տվեց միայն վեցերորդ օրը, այսինքն` 5 օր հետո: Ուրեմն, աշխարհի ստեղծման առաջին 5 օրը, կարելի է ասել, պահքի կամ ծոմի օրեր էին, քանի որ ոչ ոք ոչինչ չէր ուտում։
Դ) Ըստ Եկեղեցու` հնգօրյա պահք սահմանել էին նաեւ Մովսեսից առաջ եղած նահապետները: Ավանդությունն ասում է, թե դրախտից արտաքսվելուց հետո, Ադամը 5 օր քաղցած մնաց: Նրանից սովորելով` նրա որդիներն էլ են հնգօրյա պահք պահել, օրինակ, Աբելը` զոհ մատուցելուց առաջ, կամ Սեթը, երբ իր հայր Ադամը մեռավ։ Ենովքն էլ 5 օր պահք էր պահում ամեն ամսամուտի, իսկ Նոյն այս պահքը պահել է տապան մտնելուց առաջ եւ այնտեղից ելնելուց հետո։
Աբրահամը, Հակոբը եւ Հովսեփն էլ են հնգօրյա պահք պահել: Եվ ըստ մեր Եկեղեցու հայրերի բացատրության` Առաջավորաց պահքի` նաեւ նահապետներից սահմանված լինելն է պատճառը, որ այս պահքի առաջին չորս օրերի րնթացքում (երկուշաբթիից մինչեւ հինգշաբթի) Աստվածաշնչից հատվածներ` ընթերցվածներ, չեն կարդում եկեղեցում, որովհետեւ այս պահքը հաստատվեց այն ժամանակ, երբ դեռ չէին գրվել ոչ Հին Կտակարանի, ոչ էլ առավել եւս Նոր Կտակարանի գրքերը:
ՀՆԴԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆԻ ԲԱՑՈՒՄԸ
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել հնդկական եւ համաշխարհային կինոյի աստղ Ռաջ Կապուրի 100-ամյակի շրջանակում կայացած հնդկական ֆիլմերի փառատոնի բացմանը։ Միջոցառմանը ներկա է եղել նաեւ ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։ Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ Հայաստանում հնդկական կինոյի օրերի անցկացումն արդեն դարձել է բարի ավանդույթ։
«Ռաջ Կապուրը մեծ կինոժառանգություն է թողել՝ հանդիսատեսին փոխանցելով նաեւ ժամանակի ոգին։ Նրա արվեստն աչքի է ընկնում մարդասիրությամբ, նրա կերպարները ներկայացնում են հասարակ ժողովրդի պատմությունը, ցավը, ուրախությունն ու հույսերը։ Ռաջ Կապուրի ֆիլմերը յուրահատուկ գույն են ավելացնում Հնդկաստանի մշակութային խճանկարին եւ դարձել են հնդկական կինոյի խորհրդանիշները՝ միաժամանակ հարստացնելով նաեւ համաշխարհային կինեմատոգրաֆիայի գանձարանը: Նրա կինոն շարունակում է հուզել մարդկանց սրտերը, իսկ նրա դավանած գաղափարները շարունակում են ուղենիշ լինել շատերիս համար։ Նրա ֆիլմերը հանդիսատեսն այսօր եւս դիտում է սիրով, որը փաստում է՝ կինոն կարեւոր գործիք է համամարդկային գաղափարներ տարածելու եւ մարդկանց կրթելու համար»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը: Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ փառատոնը նաեւ հիմք կհանդիսանա երկու երկրների կինոգործիչների միջեւ համագործակցությունը խորացնելու եւ համատեղ ֆիլմեր ստեղծելու համար:
Նշենք, որ փառատոնի շրջանակում տեղի է ունեցել նաեւ Ռաջ Կապուրի գործունեությանը նվիրված լուսանկարների ցուցահանդես։
ՇԵՐԸ ՏԱՐՎԱԾ Է ԵՐԻՏԱՍԱՐԴՈՎ
Շերը տարված է իր երիտասարդ ընկեր Ալեքսանդր «Ա. Ե.» Էդվարդսով եւ վախենում է կորցնել իր սիրելիին, պնդում է RadarOnline.com-ը։ «Նա վախենում է, որ Էդվարդսը կարող է լքել իրեն, դրա համար էլ կառչում է նրանից, կարծես նրա կյանքը կախված է դրանից», – ասել է աղբյուրը: Մեկ այլ աղբյուր նշել է. «Ալեքսանդրը գիտի, որ Շերը հզոր կապեր ունի շոու բիզնեսում, եւ նա նաեւ գիտի, որ Շերը խորապես հոգ է տանում նրանց մասին, ում սիրում է»:
ՊԱՇՏՊԱՆԸ ՎՆԱՍՎԱԾՔ Է ՍՏԱՑԵԼ
«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն վնասվածք է ստացել։ «Սեւիլիայի» դեմ Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի խաղում ուրուգվայցի ֆուտբոլիստը փոխարինվել էր 22-րդ րոպեին։ Նա չէր կարողացել շարունակել հանդիպումը Սաուլ Նյիգեսի սահանկումից հետո։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ռոնալդ Արաուխոն անցկացնում էր երրորդ հանդիպումը։ Նա մասնակցել է 8 հանդիպման ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում։ «Բարսելոնան» «Սեւիլիային» հաղթել էր 4:1 հաշվով։
«ՍԼՈՎԱՆԸ» ՀԱՂԹԵԼ Է «ՌՈՒԺՈՄԲԵՐՈԿԻՆ»
Սլովակիայի առաջնության 19-րդ տուրում չեմպիոն «Սլովանը» մրցակցի խաղադաշտում 5:1 հաշվով հաղթել է «Ռուժոմբերոկին»: Հյուրերից աչքի ընկավ նաեւ Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որը 84-րդ րոպեին խփել է «Սլովանի» 5-րդ գոլը։ Բարսեղյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ Այս տուրից հետո Տիգրան Բարսեղյանը շարունակում է գլխավորել ընթացիկ առաջնության ռմբարկուների աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 15 գոլ։ «Սլովանը» 47 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։



















































































