Armenian text to speach

ԿՈՂՄ Է ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԹԱՆԿԱՑՄԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ»  օրաթերթը զրուցել է ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ։ Մասնավորապես խոսել ենք ԱՄՆ-ում բնակարան գնելու եւ վերջին շրջանում հաճախ  ԱՄՆ մեկնելու մասին։

 

-Պարո՛ն Հակոբյան, տեւական ժամանակ է տեղեկություններ են արծարծվում, որ Դուք ԱՄՆ-ում տուն եք գնել, պատրաստվում եք այնտեղ տեղափոխվել: Ավելին՝ հունվար ամիսն այնտեղ եք  անցկացրել եւ Ամանորը եւս նշել եք ԱՄՆ-ում։ Որքանո՞վ են այս տեղեկությունները համապատասխանում իրականությանը։

-Հունվար ամսին ես այնտեղ չեմ եղել. գնացել եմ դեկտեմբերի վերջից մինչեւ հունվարի 12-ը։ Տարեկան երկու անգամ այցելում եմ երեխաներիս. նրանք իրենց մայրիկի հետ այնտեղ են ապրում։ ԱՄՆ-ում տուն չեմ գնել, պարզապես գնում եմ՝ նրանց տեսնելու։

-Ձեզ մեղադրում են, թե այնպիսի իրավիճակ եք ստեղծել, որ մարդիկ ցանկանում են տեղափոխվել՝ այլ երկիր ապրելու, այսինքն՝ Հայաստանը լքելու, Հայաստանից արտագաղթելու միտումներ եք ստեղծում։ Ձեր զավակները նույնպես այստեղ չեն ապրում, ԱՄՆ-ում են։ Որքանո՞վ եք ճիշտ համարում այս դիրքորոշումը։

-Երեխաներս այնտեղ չեն բնակվում, որովհետեւ արտագաղթել են, մենք  ամուսնալուծված ենք, իսկ երեխաներիս  մայրը բնակվում է ԱՄՆ-ում, եւ ես, որպես հայր, որոշել եմ, որ իրենք պետք է ապրեն իրենց մայրիկի հետ։

-Տուն, առանձնատուն չե՞ք գնել։

-Չունեմ ո՛չ առանձնատուն, ո՛չ բնակարան, առհասարակ որեւէ անշարժ կամ շարժական գույք  ԱՄՆ-ում չունեմ։

-Ձեր տան գողության վերաբերյալ Դուք նույնպես տեղեկություն տրամադրեցիք՝ նշելով, որ 7 մլն դրամի գողություն է եղել։ Ի՞նչ տեղեկություն ունեք, ովքե՞ր էին գողություն անողները։ Կասկածո՞ւմ եք ինչ-որ մարդկանց։

-Ոչ, չեմ կասկածում, դիմել եմ ոստիկանություն։ Ոստիկանական գործողություններ են այժմ իրականացվում, դեռ նորություն չունեմ։

-Ձեր շրջապատում կա՞ն այնպիսի  մարդիկ, որոնք վատ են տրամադրված Ձեր նկատմամբ, եւ, տեղյակ լինելով, որ Դուք ԱՄՆ-ում եք, կարող էին մտնել Ձեր բնակարան եւ գողություն անել։

-Չեմ կարծում, որ շրջապատում իմ դեմ  վատ տրամադրված մարդիկ կան։

-Պարո՛ն Հակոբյան, հանրային տրանսպորտից օգտվո՞ւմ եք։

-Ոչ։

-Ինչո՞ւ, ասում են՝ բարեփոխվել է, մարդիկ պետք է տրանսպորտից օգտվեն։

-Ես մեքենա եմ վարում եւ տրանսպորտից չեմ օգտվում։

-Իսկ ի՞նչ կարծիք ունեք տրանսպորտի թանկացման մասին։ Քաղաքացիների մի մասը բոյկոտում ու չի վճարում, մի մասն էլ կարծում է, որ փոփոխություն է եղել, եւ պետք է վճարել։ Դուք ի՞նչ կարծիք ունեք։

-Փոփոխություն է տեղի ունեցել, ու, բնականաբար, բոլոր փոփոխությունները միանշանակ չեն ընդունվում բոլորի կողմից. լինում են նաեւ դեմ արտահայտվողներ։ Իմ կարծիքով՝ այն շարժակազմը, այն ավտոբուսները, տրոլեյբուսները, որոնք մենք այսօր ունենք, դրանց համար  արժե  վճարել։ Կարծում եմ՝ արդարացված է։

-Իսկ նախկինում օգտվե՞լ եք տրանսպորտից, որ համեմատում եք այսօրվա եւ նախկին տրանսպորտները։

-Նախկինում օգտվել եմ, եւ բոլորս էլ տեսել ենք Երեւան քաղաքի «Գազելները»։ Իսկ այսօր գոնե չկան դրանք։

-Սոցիալական վիճակը թո՞ւյլ է տալիս գնալ նման թանկացման։ Օրինակ՝ քաղաքացիները դժգոհում են, որ թոշակը չի բարձրանում, աշխատավարձերի խնդիր կա, հայտարարագրի հարցն է առաջ եկել, ու այս ամենի ֆոնին իշխանությունը թանկացնում է տրանսպորտը։ Պետք չէ՞ր՝ հաշվարկ աներ իշխանությունը, նոր նման քայլի գնար։

-Որ ասում եք՝ թոշակը չի բարձրացել. թոշակն էլ, աշխատավարձն էլ բարձրացե են։ Միգուցե ոչ այնքան, որքան մարդիկ կուզենային։ Բնական է, որ եթե, դիցուք, X չափով աշխատավարձը բարձրանա, նրանք պահանջելու են՝ բարձրանա երկու X չափով. հետեւաբար, նորմալ եմ համարում։ Քաղաքացիների կարծիքը հաշվի առնվեց, եւ տրանսպորտը դարձավ 150 դրամ, քանի որ սկզբում բոլորովին այլ գին էր սահմանվել։

Քաղաքապետարանը ականջալուր եղավ մարդկանց պահանջին եւ վերանայեց իր որոշումն ու գինը սահմանեց 150 դրամ։

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է

Չնայած Ադրբեջանը որպես Ռուսաստանի Դաշնության բարեկամ եւ դաշնակից ներկայացնելու բոլոր փորձերին՝ ես մեր գործընկերությունը լավագույն դեպքում իրավիճակային եմ համարում։ Նման կարծիք է հայտնել խորհրդարանի ստորին պալատի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

 

«Ադրբեջանի կողմից դժգոհությունների սրացում կա։ Երբ խոսք եղավ ավիավթարի ողբերգության մասին, կարելի էր հասկանալ դառնությունը, որը զգում էին ոչ միայն Ադրբեջանում, այլեւ Ռուսաստանի Դաշնությունում։ Որոշակի պատճառներով Ադրբեջանը որոշեց որքան հնարավոր է երկար գրգռել այդ վերքը, թեեւ Ռուսաստանը ներողություն խնդրեց։ Արդեն մոտ 15 տարի է, ինչ ինձ արգելում են մուտք գործել Ադրբեջան։ Հիմա նման ճակատագրի է արժանացել Նիկոլայ Վալուեւին այն պարզ պատճառով, որ արտահայտել է իր կարծիքը։ Ադրբեջանում չեն կարող համաձայնել այն բանի հետ, որ ինչ-որ մեկն իր կարծիքն ունի Ադրբեջանում տեղի ունեցողի վերաբերյալ։ Ադրբեջանը շատ երկար ժամանակ շահագրգռված էր հաճոյանալով եւ բանակցելով՝ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների համար հարմարավետ պայմանների համար՝ ոչ միայն տնտեսական, այլ նաեւ ռազմաքաղաքական առումով»,- նշել է Զատուլինը։

«Ռուսաստանն ինքը խոցելի վիճակում է, քանի որ վիճում է հավաքական Արեւմուտքի հետ: Սա ճիշտ ժամանակն է ցույց տալու իսկական վերաբերմունքը թե՛ ռուսական տան, թե՛ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ: Չնայած Ադրբեջանը որպես Ռուսաստանի Դաշնության բարեկամ եւ դաշնակից ներկայացնելու բոլոր փորձերին՝ ես մեր գործընկերությունը լավագույն դեպքում իրավիճակային եմ համարում։ Ես չգիտեմ, թե Ադրբեջանը ում հետ է բարեկամ բացի ինքն իրենից, բայց նա Թուրքիայի համար կրտսեր ռազմավարական գործընկեր է եւ կրտսեր դաշնակից։ Ռուսաստանի համար նա դաշնակից չի եղել ու չի լինի, ամենայն հավանականությամբ, հաշվի առնելով Ադրբեջանի ղեկավարության ներկայիս գործողությունների ուղղությունը։ Այն, առանց ամաչելու, մեզ համար խնդիրներ է ստեղծում ոչ միայն Ռուսական տան, այլեւ շատ այլ հարցերում։ Եթե մինչ այժմ փորձում էինք դա չնկատել, ապա այժմ դա պարզ է դառնում նույնիսկ կույրերի ու խուլերի համար»,- նկատեց նա։

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն արգելել էր Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուեւի մուտքը երկիր։ Պատգամավորին համապատասխան ցուցակներում ընդգրկելու մասին հայտնել է հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։

 

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀԱՄԵՄԱՏՈՒՄ Է

Հայաստանը, որքան էլ գրավիչ լինի ԵՄ-ին անդամակցելու գաղափարը, չի կարող հրաժարվել ԵԱՏՄ շուկայից՝ հօգուտ եվրոպականի։ Այս մասին Ազգային ժողովի նիստում «Հայաստանի Հանրապետության Եվրամիությանն անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ Պատգամավորի խոսքով՝ ցանկացած երկրի համար շատ կարեւոր է տնտեսության դիվերսիֆիկացիան։ Սակայն, եթե խոսենք, օրինակ, գազամատակարարման մասին, ապա ոչ միայն Հայաստանը, այլեւ ԵՄ երկրներն իրենք են գազ ստանում Ռուսաստանից։ Վերջիններս, իրենց ողջ ցանկությամբ, դեռ լիովին չեն դիվերսիֆիկացրել իր մատակարարումները։ «Ինչ վերաբերում է առեւտրի դիվերսիֆիկացմանը, ապա Հայաստանի արտահանման քառորդից ավելին ուղղվում է ԵԱՏՄ երկրներ։ Հիմնականում, իհարկե, դեպի Ռուսաստան։ Դե, եթե հաշվի առնենք հենց հայկական արտահանումը, առանց հաշվի առնելու երրորդ երկրներ վերաարտահանումը, ապա ԵԱՏՄ մասնաբաժինն ավելի մեծ կլինի»,- նկատել է պատգամավորը։

 

 

 

ՈՐՈՇՈՒՄԸ ԿՎԵՐԱՆԱՅԵ՞Ն

Երկքաղաքացիություն ունեցող, սակայն վրացական անձնագրով ու վարորդական վկայականով երթեւեկող ջավախահայերը  Հայաստանի տարածքում պարեկների կողմից  պարբերաբար զանգվածային տուգանվում են: Այս մասին Ազգային Ժողովի հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Ըստ նրա, հայկական վարորդական վկայականի բացակայությունը չպետք է հիմք հանդիսանա ջավախահայերին տուգանելու համար։ Դանիելյանը նշեց, որ դիմել է ՆԳՆ, պատասխանել են, որ այս պահին իրենց կողմից շրջանառության մեջ է դրված օրենսդրական նախաձեռնություն, որով երկքաղաքացիները կկարողանան այլ երկրի վարորդական վկայականով 1 ամիս երթեւեկել Հայաստանի Հանրապետությունում։

«Այս ամբիոնից ցանկանում եմ նշել՝ մեկամսյա ժամկետը չի լուծում խնդիրը, առաջարկում եմ վերանայել ժամկետների հարցը, հետո քննարկել։ Վերանայեք այս անհասկանալի որոշումը,  այլապես  բոլոր հիմքերն ունեմ կասկածելու, որ ստեղծում եք արհեստական բարդություններ ջավախահայերի կապը Հայաստանի հետ խզելու համար»,- ասել է պատգամավորը:

 




Լրահոս