Armenian text to speach

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Հայաստանի վարչապետի՝ 2025թ. փետրվարի 10-ին «Արմենպրես»-ում հրապարակված հոդվածում արված հայտարարությունները, թե Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա, Արեւմտյան Ադրբեջանի համայնքի նպատակների մասին հայտարարությունները, ինչպես նաեւ բազմաթիվ այլ անհիմն հայտարարություններ ուղղված են իրականությունը խեղաթյուրելուն եւ համաշխարհային հանրությանը մոլորեցնելուն»։

 

Ինչպես տեղեկացրել է APA-ն, վերոնշյալի մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածը։

«Հետաքրքիր է այն փաստը, որ ռազմական ներուժ ունենալու իրավունքը պաշտպանող վարչապետը ներկայացնում է մի երկիր, որը, ի լրումն 30 տարվա օկուպացիայի, չնայած Եռակողմ համաձայնագրի հիման վրա ստանձնած պարտավորություններին, 3 տարի Ադրբեջանի տարածքում պահել է ավելի քան տասը հազար պատրաստված զինված ուժեր՝ ծանր սպառազինությամբ զինված։

44-օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստանի ռազմական ծախսերը գրեթե եռապատկվել են՝ 2021թ. 600 մլն դոլարից հասնելով 2024 թ. 1,6 մլրդ դոլարի։ Ավելին՝ վերջերս կնքված ռազմական պայմանագրերի հիման վրա Հայաստանը ձեռք է բերում հարձակողական զինատեսակներ, որոնք կարող են խոցել մեծ հեռավորություններից, հիմնականում՝ Ադրբեջանի տարածքների ուղղությամբ։

Հաշվի առնելով Հայաստանի Սահմանադրության եւ իրավական ակտերում առկա տարածքային պահանջները, ինչպես նաեւ ռեւանշիզմի աճը՝ Հայաստանի ռազմական ներուժի ստեղծման հիմնավորումն անազնիվ է եւ ուղղակի վտանգ է ներկայացնում Ադրբեջանի անվտանգության համար։

Բացի այդ, միանգամայն անհիմն են Հայաստանի պնդումները Արեւմտյան Ադրբեջան համայնքի գործունեության եւ նպատակների վերաբերյալ, որոնց հիմնական նպատակը, հիմնված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային պակտում, Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայում, այլ կարեւոր միջազգային ակտերում, մարդկանց անվտանգ եւ արժանապատիվ վերադարձն է այն տարածքներ, որտեղից նրանք վտարվել են։ Հայաստանի վարչապետի կողմից այս իրավունքի մերժումը տարբեր պատրվակներով, այդ թվում՝ համայնքի հայտարարված նպատակների սխալ մեկնաբանմամբ, եւս մեկ անգամ ցույց է տալիս այս երկրի քաղաքականության դաժանության աստիճանը, ինչը հանգեցնում է նրան, որ Հայաստանում, որտեղ ժամանակին ադրբեջանցիները կազմում էին բնակչության հիմնական մասը, ներկայում ադրբեջանցիներ չկան։

Ցավոք, 2022թ. Հայաստանի վարչապետի հղումները Պրահայի հանդիպմանը, Ալմաթիի 191թ. հռչակագրին, խաղաղության համաձայնագրի նախագծի կետերին, որոնք կոչված են հաստատելու, որ Հայաստանն իսկապես չունի եւ չի ունենալու հավակնություններ Ադրբեջանի հանդեպ, հասցվել են զրոյի հենց պարոն Փաշինյանի կողմից, երբ նա, մի քանի ամիս անց, 2023թ. սեպտեմբերին շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի տարածքում անօրինական ռեժիմի «անկախության» առիթով, ինչպես նաեւ այն պայմանների անտեսման հետեւանքով, որոնք նշված են Ալմաթիի հռչակագրին միանալու ժամանակ, եւ տարածքային հավակնությունները, որոնք պարունակվում են Հայաստանի Սահմանադրությունում։

Ինչ վերաբերում է սպառազինությունների վերահսկման մեխանիզմների ստեղծմանը, որը վարչապետը հուսահատորեն խթանում է, ապա հայտնի է, որ Հայաստանն ավելի քան 30 տարի կոպտորեն խախտել եւ խարխլել է սպառազինությունների վերահսկման մեխանիզմները, որոնց մասնակցել է, թաքցրել է իր ռազմական տեխնիկայի եւ զենքի մեծ մասը միջազգային սպառազինությունների վերահսկման մեխանիզմներից եւ ապօրինի տեղակայել դրանք մեր տարածքներում։ Միջազգային պայմանագրերի նկատմամբ այս մոտեցումը թույլ է տալիս եզրակացնել, որ Հայաստանի դիրքորոշումն անկեղծ չէ։ Մենք վճռականորեն կոչ ենք անում Հայաստանին հրաժարվել այն հայտարարություններից եւ գործողություններից, որոնք խաթարում են խաղաղության հասնելու հեռանկարները», – նշել է Ա.Հաջիզադեն։

 

 

 

ՎԱՐԺԱՆՔ ԿԼԻՆԻ

Փետրվարի 12-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն,  ՀՀ ՆԳ նախարարության փրկարար ծառայության Երեւան քաղաքի փրկարարական վարչության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը Հայոց ցեղասպանության թանգարանում անցկացնելու է վարժանք՝ «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը Հայոց ցեղասպանության թանգարանում» թեմայով: Ըստ սցենարի՝ հրշեջ-փրկարարական ջոկատը Հայոց ցեղասպանության թանգարանում իրականացնելու է մարդկանց տարհանում եւ հրդեհաշիջման աշխատանքներ: Այս վարժանքով պայմանավորված՝ Հայոց ցեղասպանության թանգարանի տարածքում կլինեն հրշեջ տեխնիկայի միջոցները (մեքենաներ, կրակմարիչներ եւ այլն)։ Վարժանքի նպատակն է մարդկանց իրազեկվածության բարձրացումը եւ հրդեհների ժամանակ ռիսկերի կառավարումը: Հայոց ցեղասպանության թանգարանը վաղն աշխատելու է բնականոն աշխատանքային ժամանակացույցով:

 

 

ՆՈՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

ԱԺ հերթական նիստի մեկնարկին խոսնակ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարեցված անդամի մանդատը տրվում է  Արմինե Խերանյանին։ Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանը օրեր առաջ է ավտովթարի զոհ դարձել։ Խերանյանի երդումից հետո Սիմոնյանը ներկայացրեց օրակարգը, որտեղ ընդգրկված է ընդամնեը 8 օրենքի նախագիծ։

 

 

 

ՆԱԽԿԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԳՈՐԾԸ 

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին նոր մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու հոդվածներով։ Հիշեցնենք, որ Արմեն Գեւորգյանը մեղադրվում էր խոշոր չափերով կաշառքի, փողերի լվացման եւ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու համար:

 




Լրահոս