Կարելի է բերել բազմաթիվ փաստեր, պայքարի եւ անձնազոհության բազմաթիվ դրվագներ, բայց այդ ամենն անիմաստ է, երբ գործ ունենք տիեզերական մակարդակի անբարոյականության, ստորության եւ ցինիզմի հետ։ Այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
«Երբ «Ֆրիդոմ Հաուսը» ներկայացնում էր Արցախում էթնիկ զտման մասին անգլալեզու զեկույցը՝ փաստագրելով ադրբեջանական հանցագործությունները, քննարկման ժամանակ հարց տվեցի, թե ինչպես կարելի է անել, որ զեկույցը հասանելի լինի նաեւ հայ հանրությանը, որպեսզի մարդիկ ծանոթանան Արցախում կատարվածին, եւ ի վերջո վերանա այն անիմաստ հարցերի շարանը, թե «ինչու չկռվեցիք», «կարելի էր մնալ ու պայքարել» եւ այլն:
Երեւի միամտություն էր կարծել, թե զեկույցը կամ բազմաթիվ այլ փաստագրող նյութեր կարող են որեւէ բան փոխել, քանի որ ատելության խոսք գեներացնող այդ թեզերը հրապարակ են նետվում քաղաքական իշխանության եւ նրանց սպասարկող լրատվամիջոցների կողմից, եւ դրա դեմ պայքարը ենթադրում է պայքար պետական քարոզչամեքենայի դեմ։ Ի պատասխան ԱԺ նախագահի՝ կարելի է բերել բազմաթիվ փաստեր, պայքարի եւ անձնազոհության բազմաթիվ դրվագներ, բայց այդ ամենն անիմաստ է, երբ գործ ունենք տիեզերական մակարդակի անբարոյականության, ստորության եւ ցինիզմի հետ», – գրել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ կարելի էր մնալ Ղարաբաղում ու կռվել, պայքարել: «Դուք դուրս եկաք Արցախից, որովհետեւ անվտանգ չէր, չնայած՝ կարելի էր մնալ եւ պայքարել, բայց դուք դուրս եկաք»,- ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով ացրախցի լրագրողի հարցին, թե ե՞րբ կարող է վերադառնալ իր հայրենիք։ Լրագրողի՝ «բայց այնտեղ մարդիկ մորթվում էին» դիտարկմանը, Ալեն Սիմոնյանը կրկին պատասխանել է՝ «պետք էր կռվել»։
«Կարելի էր պայքարել այն զենքերով, որոնք ՀՀ-ն տվել էր: Պետք էր կռվել։ Հայաստանը կռվել է։ Պետք էր այնտեղ իշխանություն փոխել, բերել հաճո իշխանություն, հայտարարել, որ մենք այդ նույն բանն անելու ենք ՀՀ-ում, եւ օրեր անց ստորագրել այդ հռչակված պետության վերացման մասին», – հավելել էր Ալեն Սիմոնյանը։
Անդրադառնալով արցախահայության վերադարձի հնարավարությանը՝ նա ասել է. «Ամեն ինչ կարվի, եւ դուք կվերադառնաք այնտեղ, երբ անվտանգ կլինի»։ Լրագրողի ճշտող հարցին, թե ե՞րբ անվտանգ կլինի, Սիմոնյանը պատասխանել է՝ «երբ խաղաղության պայմանագիր կկնքենք, եւ բոլոր հարաբերությունները կկարգավորենք»։
Անդրադառնալով հարցերին, թե ինչու՞ այլեւս չի օգտագործում «Արցախ» անունը, Ալեն Սիմոնյանն ասել է. «Ես քաղաքական գործիչ եմ, եւ դեմ եմ, որ ինչ-որ այլ երկրի քաղաքացի իմ երկրի քաղաքներից մեկն անվանի թուրքական, ադրբեջանական անուններով, եւ ես իմ քաղաքական գործչի էթիկան պետք է պահպանեմ։ Ձեզ թվում է՝ ես քաղաքացիական ակտիվի՞ստ եմ եւ պետք է հաճո բանե՞ր ասեմ»։
2 ՀՈԳԻ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ
Օրերս թմրանյութի իրացման դեպք է բացահայտվել Երեւանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալները իրացնելիս ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնի ծառայողները, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երեւան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկների հետ համատեղ Արմենակյան փողոցի 127 հասցեի մոտից ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալել եւ համայնքային ոստիկանության Մարաշի բաժին են տեղափոխել Երեւանի բնակիչներ 66-ամյա Գեւորգ Մ.-ին՝ իր կողմից վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, եւ 60-ամյա Արտակ Մ.-ին: Ոստիկանությունում Գեւորգ Մ.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 10.66 գրամ ընդհանուր քաշով սպիտակ գույնի «մեթանֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող բյուրեղանման զանգված եւ 19.64 գրամ ընդհանուր քաշով դարչնագույն գույնի «հերոյին» տեսակի թմրամիջոցին նմանվող փոշենման զանգված։ Նա հայտնել է, որ նշված թմրամիջոցը ձեռք է բերել Արտակ Մ.-ից, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 2.62 գրամ ընդհանուր քաշով «մեթանֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող բյուրեղանման զանգված եւ 7.69 գրամ ընդհանուր քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգված:
Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
ՀՐԴԵՀ Է ԲՌՆԿՎԵԼ
Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում. ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց փողոցի թիվ 70/23 հասցեում գտվող «Նոր Գինդ» պահեստի տարածքում կրակ եւ ծուխ է նկատվում: Դեպքի վայր են ժամանել Երեւանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ՝ փրկարարական ուժերի վարչության պետի պաշտոնակատար Վարդազարյանի, Երեւանի փրկարարական վարչության պետ Կիրակոսյանի եւ Երեւանի փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է պահեստամասերում՝ պահեստի մոտ 120 քմ հատվածում եւ բակի 150 քմ տարածքում, ինչպես նաեւ կայանված BMW մակնիշի ավտոմեքենայում եւ «Նոր Գինդ» ՍՊԸ շինանյութի պահեստի 1-ին եւ 2-րդ հարկերի հատվածում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել նաեւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երեւան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Գեւորգ Թորոսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաեւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ:
Թե ինչն է եղել առաջացած կրակի պատճառը, դեռեւս պարզվում է:
ԹԱԼԱՆԻ ԳՈՐԾԸ ՉԻ ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ
«Իմ անձնական փորձից ասեմ. ես մարդ եմ, ում մեքենան տարվա մեջ հինգ անգամ թալանում են, վերջին դեպքն էլ թարմ է. բայց, բացի թալանելուց, նաեւ այլ գործողություններ են արել»:
Այս մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Հետաքրքիր է, որ այդ հանցագործությունները տեղի են ունենում անմիջապես ոստիկանության հարեւանությամբ, տունս, բախտի բերմամբ, այդտեղ է: Ես տեսախցիկները հանում եմ, տրամադրում եմ ոստիկանությանը, ասում են, որ բան չկա, տեսախցիկները միգուցե չեն ֆիքսել, այդ գողերն էլ թալանում են: Դրանից հետո հանցագործության մասին հաղորդումներ չեմ տալիս, արդեն զահլես գնացել է: Օրը ցերեկով գալիս են, մարդկանց մեքենաները թալանում են, ու վերջը ոչ մի գործ չի բացահայտվում»,- ասել է պատգամավորը։
ՔԿ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ ԱՐԳԵԼՎԱԾ ԻՐԵՐ ՏԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների եւ արգելված իրերի ներթափանցման, ազատազրկված անձանց կողմից դրանց պահման եւ ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու եւ կանխելու ուղղությամբ, հայտնում են քրեակատարողական ծառայությունից:
Այսպիսով՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների եւ քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները 2025 թվականի հունվարի ընթացքում ազատազրկված անձանց անձնական զննությամբ, տեսակցության եկած քաղաքացիների մոտից, ներնետված, ինչպես նաեւ խցերում եւ բնակելի գոտու այլ հատվածներում պատրաստված թաքստոցներից հայտնաբերել են 26,74 գրամ թմրամիջոցների նմանվող զանգվածներ, 126 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 111 պարագա, 8 wi-fi սարք, 39 կտրող-ծակող առարկա, 208,5 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք եւ արգելված այլ իրեր։
Թվարկված բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական, վարչական, կարգապահական վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։
Քրեակատարողական ծառայությունը կոչ է անում, պատասխանատվության չենթարկվելու համար, զերծ մնալ անօրինական գործողություններից եւ խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները։























