Սահմանադրությամբ նախատեսված իրավունքի իրացմամբ ձեւավորվել է նախաձեռնող խումբ, որը հանդես է եկել օրենքի նախագծի քաղաքացիական նախաձեռնությամբ: Այս մասին ասել է նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը` փետրվարի 11-ին Ազգային ժողովի հերթական նիստում քննարկման ներկայացնելով «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը: Զեկուցողի տեղեկացմամբ նախաձեռնող խումբը մեկ ամսում հավաքել է ավելի քան 60 հազար քաղաքացու ստորագրություն Հայաստանի 44 խոշորացված համայնքներից եւ Երեւանի վարչական շրջաններից: Ստորագրությունները ստուգվել են ԿԸՀ-ի կողմից. դրանք վավերական են եղել: Նախագիծը քննարկվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում` ստանալով դրական եզրակացություն:
Օրենքի նախագծում նշվում է` Հայաստանի Հանրապետությունը, արտահայտելով ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած բարեկեցիկ երկիր, հայտարարում է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկը:
Շարունակելով ներկայացնել նախագծի հիմնավորումները` Արտակ Զեյնալյանը նշել է` օրենքի նախագծի ընդունման նպատակն առաջադեմ, քաղաքակիրթ, զարգացած մարդկության ընտանիքին անդամակցելու` Հայաստանի ժողովրդի, նրա ներկա իշխանության կամքի, վճռականության ամրագրումն է:
Ըստ նախաձեռնողների` օրենքի նախագծի ընդունումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը` ուժերի հավասարակշռության վերականգնման միջոցով, Հայաստանի ազգային անվտանգության ապահովման հնարավորությունների մեծացմանը, ազգային բանակի համապատասխանեցմանը Եվրամիության անդամ երկրների բանակների արդիական չափանիշներին:
Նախաձեռնող խմբի համոզմամբ օրենքի նախագծի ընդունումը կնպաստի նաեւ մարդու իրավունքների շարունակական զարգացմանը եւ պաշտպանությանը, տնտեսական անվտանգության մեխանիզմների ստեղծմանը` գործող մենաշնորհների վերացմամբ, տնտեսության բազմազանեցմամբ, արտադրողականության եւ ապրանքների ու ծառայությունների որակի բարձրացմամբ, որը հնարավոր է միայն Արեւմուտքի եւ ԵՄ-ի հետ համագործակցությամբ, ներդրումներին ու տեխնոլոգիաներին հասանելիության ապահովմամբ, արդյունաբերության վերագործարկմամբ, տնտեսության կառուցվածքի փոփոխությամբ եւ ռեալ հատվածի մասնաբաժնի մեծացմամբ, լոգիստիկ նոր կապերի ստեղծմամբ, հայկական արտադրանքը եվրոպական շուկայում մրցունակ դարձնելով:
Պատգամավորները հարցեր են ուղղել զեկուցողին, որոնք վերաբերել են ԵՄ-ին անդամակցելու դեպքում ակնկալիքներին, մեր երկրում արտադրվող տարատեսակ ապրանքների համապատասխանեցմանը ԵՄ ստանդարտներին, մենաշնորհների վերացմանը, ՀՀ-ԵՄ կոմունիկացիաների զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, Երեւանում տրանսպորտի սակագնի փոփոխությանը, Հայաստանի` ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցին եւ այլն:
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ներկայացնելով օրինագծի համառոտ պատմությունն ու նախաձեռնության շարժառիթը, տեղեկացրել է, որ քննարկվող թեմայի վերաբերյալ հանձնաժողովն անցյալ տարի երկու խորհրդարանական լսումներ է կազմակերպել: Նշվել է, որ հանձնաժողովը, ինչպես նաեւ Կառավարությունը դրական եզրակացություն են տվել նախագծին: Անդրադառնալով բովանդակային որոշ բաղադրիչների` Արման Եղոյանը ներկայացրել է հաջորդական այն փուլերը, որոնք անհրաժեշտ է անցնել Հայաստանին` ԵՄ անդամակցության համար:
Հանձնաժողովի նախագահը պատասխանել է պատգամավորների հարցերին` անդրադառնալով տնտեսական համագործակցությանը, առեւտրաշրջնառությանը:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ քննարկվող նախագիծը համահունչ է վերջին տարիների Հայաստանի եւ ԵՄ ու ԵՄ անդամ երկրների հետ փոխգործակցության խորացման դինամիկային, ինչպես նաեւ Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներին: Արտաքին գործերի նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումը: «2022 թվականից Հայաստանում տեղակայված է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը, որը բազմիցս ապացուցել է, որ տարածաշրջանում կայունության հիմնասյուներից մեկն է»,- ասել է Պարույր Հովհաննիսյանը` տեղեկացնելով, որ ԵՄ խորհրդի կողմից վերջերս որոշում է կայացվել Հայաստանում երկարաձգել առաքելության ժամկետը եւս երկու տարով:
Հարցի քննարկումն ընդհատվել է ելույթների փուլում: Այն կշարունակվի այսօր ԱԺ հերթական նիստում:
ՈՎՔԵՐ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
Պետական եկամուտների կոմիտեն, Հայաստանի Հանապետության կառավարության հետ համատեղ, հիշեցնում է՝ 2025 թվականին, 2024 թվականի հաշվետու տարվա համար, եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն 2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացրած ֆիզիկական անձինք եւ նոր խմբերը (բացառությամբ դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող անձանց)։
Այսպիսով, եկամուտների հայտարարագիր են ներկայացնում ՀՀ ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք.
. 2024 թվականի ընթացքում համարվել են վարձու աշխատող,
. 2024 թվականի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացել են հարկվող եկամուտ,
. 2024 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ զբաղեցրել են «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության եւ (կամ) հանրային պաշտոններ,
. 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսացել են 2023 թվականի արդյունքներով մեկ միլիարդ դրամ եւ ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առեւտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր փայատեր, անդամ), hամարվում են «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված իրական շահառու,
. 2024 թվականի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն,
. Միաժամանակ, 2024 թվականի համար եկամուտների հայտարարագիր են ներկայացնում նաեւ հարկային տարվա ընթացքում հարկային գործակալ չհանդիսացողներից հարկվող եկամուտներ ստացած եւ եկամտային հարկն ինքնուրույն հաշվարկելու պարտավորություն ունեցող ֆիզիկական անձինք (օրինակ՝ բնակարանը վարձակալությամբ այլ ֆիզիկական անձանց տրամադրած, անկախ մասնագիտական աշխատանքներ կատարած անձինք)։ Այս դեպքում անչափահասի փոխարեն հայտարարագիր է ներկայացնում նրա ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն։























