Armenian text to speach

ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ԽՆԴԻՐՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Երեւանի թիվ 109 ավագ դպրոց եւ Երեւանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջ՝ ծանոթանալու ուսուցման պայմաններին, խնդիրներին, լսելու սովորողների մտահոգություններն ու առաջարկները: «Ինձ համար շատ կարեւոր է լսել ձեր կարծիքը, առաջարկներն ու հարցերը ուսումնական գործընթացի կազմակերպման, մասնավորապես՝ նոր չափորոշչի ներդրման առանձնահատկությունների, ուսումնական միջավայրի համար անհրաժեշտ պայմանների առկայության եւ այլ հարցերի վերաբերյալ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը սովորողների հետ զրույցում:

 

Նա, մասնավորապես, հետաքրքրվել է՝ հիմնական դպրոցն ավարտելուց հետո աշակերտներն ի՞նչ սկզբունքով են ընտրություն կատարել, ի՞նչ մասնագիտական կողմնորոշում ունեն, արդյոք ընտրած հոսքը համապատասխանում է մասնագիտական ընտրությանը եւ այլն: Այս համատեքստում նախարարի տեղակալը կարեւորել է ավագ դպրոցում նպատակային առարկաների ընտրությունը եւ ուսուցումը՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում  կրթությունը շարունակելու տեսանկյունից: ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաեւ մասնագիտական կողմնորոշման խմբակներին՝ հույս հայտնելով, որ դրանք կօգնեն  աշակերտներին ճիշտ պլանավորել իրենց ուսումնառության հետագա ընթացքը: Արաքսիա Սվաջյանին նաեւ հետաքրքրել է՝ տարվա ընթացքում երկու անգամ ընդունելության քննություն հանձնելու գործընթացն ինչպես են գնահատում աշակերտները. արդյունավե՞տ է, թե՞ ոչ: Վերջիններս ընդգծել են, որ երկու անգամ քննություն հանձնելու հնարավորությունը դյուրին է դարձնում բուհ  ընդունվելու գործընթացը, քանի որ իրենց գիտելիքը տվյալ փուլում ստուգելով՝ կարողանում են ավելի հեշտությամբ կողմնորոշվել երկրորդ փուլին մասնակցելու հարցում:

Աշակերտները ներկայացրել են իրենց տպավորությունները նոր չափորոշչի եւ կրթական ծրագրի մասին՝ անդրադառնալով նաեւ նոր դասագրքերին եւ տարբեր առարկաների  աշխատանքային տետրերին։

Նշենք, որ այժմ Երեւանի թիվ 109 ավագ դպրոցում սովորում է 218 աշակերտ:

Երեւանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջում, որտեղ սովորում է 740 ուսանող, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ծանոթացել է շենքային պայմաններին, առկա խնդիրներին, դրանց լուծմանն ուղղված նախաձեռնություններին:

Նա, մասնավորապես,  հետաքրքրվել է ուսումնական գործընթացի կազմակերպմամբ, քոլեջի գույքային հագեցվածությամբ, ուսումնական պրակտիկաների իրականացման արդյունավետությամբ, ուսանողների հաճախելիությամբ եւ այլ հարցերով։

Նախարարի տեղակալի խոսքով՝ դասավանդող անձնակազմի մասնագիտական զարգացման խրախուսումը եւ վարձատրության բարելավումը պետության համար առաջնահերթ են, եւ ատեստավորման գործընթացն այդ մեխանիզմներից մեկն է։ Նա տեղեկացրել է, որ ՄԿՈՒ ոլորտում դասավանդողների համար 2025 թվականին առաջին անգամ կիրականացվի նաեւ տարակարգի տրամադրման գործընթացը, որը եւս աշխատավարձի բարձրացման հավելյալ հնարավորություն է ապահովում։ Արաքսիա Սվաջյանը  հույս է հայտնել, որ քոլեջների եւ ուսումնարանների բոլոր դասախոսները եւ վարպետները ակտիվորեն կդիմեն տարակարգ ստանալու համար:




Լրահոս