Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար ժաննա Անդրեասյանն ընդունել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերին:
Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը եւ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Ադդե Հովասափյանը:
Նախախարը կարեւորել է դեսպանության եւ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հետ արդյունավետ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով ներդնել ջանքեր դրա շարունակականության ապահովման համար: Անդրադառնալով կրթության ոլորտում փոխգործակցությանը՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարեւորել է Բրիտանական խորհրդի դերը եւ աջակցությունը Հայաստանում անգլերենի ուսուցման մեթոդաբանության մշակման եւ ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման ու վերապատրաստման, բուհերում «Ստեղծագործ միտք» ծրագրի իրականացման հարցերում, ինչպես նաեւ շնորհակալություն հայտնել «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում ակտիվ ներգրավվածության համար: Մասնավորապես, «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում Հայաստանն ակտիվ համագործակցում է Մեծ Բրիտանիայի բուհերի՝ Լոնդոնի արվեստների համալսարանի եւ Լոնդոնի համալսարանական քոլեջի կրթության ինստիտուտի հետ:
ԿԳՄՍ նախարարն ընդգծել է նաեւ Լոնդոնի կրթության ամենամյա համաշխարհային համաժողովին մասնակցության կարեւորությունը՝ որպես հարթակ ոլորտում միջազգային փորձին ծանոթանալու եւ Հայաստանի փորձառությունը ներկայացնելու համատեքստում: Անդրադառնալով մշակույթի ոլորտում համագործակցությանը՝ Ժաննա Անդրեասյանը կարեւորել է, մասնավորապես, համատեղ աշխատանքը ՀՀ մշակույթի պահպանության եւ զարգացման 2023-2027 թթ. ռազմավարության մշակման ուղղությամբ՝ նշելով, որ Կառավարության կողմից հաստատված ռազմավարությունը Բրիտանական խորհրդի աջակցությամբ հասանելի է նաեւ անգլերենով: Վկայակոչելով արդեն իսկ իրականացված նախաձեռնությունները՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել քննարկելու նաեւ մշակույթի ոլորտում համատեղ նախաձեռնությունների իրականացման նոր հնարավորությունները՝ ընդգծելով, որ այս ոլորտում համագործակցության զարգացման մեծ ներուժ կա: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարեւորել է նաեւ բրիտանական փորձի ուսումնասիրման եւ ինստիտուցիոնալ համագործակցության հնարավորությունը:
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ ընդգծել ՀՀ կառավարության, մասնավորապես՝ ԿԳՄՍ նախարարության հետ արդյունավետ համագործակցությունն ու դրական առաջխաղացումը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ու փորձի փոխանակումների հնարավորություններին՝ արդյունավետ համագործակցության ընդլայնման համատեքստում:
38-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ-ՏՈՆԱՎԱՃԱՌ
Փետրվարի 7-23-ը Հնդկաստանի Ֆարիդաբադ քաղաքում անցկացվում է Սուրաջկունդի արհեստների 38-րդ միջազգային փառատոն-տոնավաճառը, որը միավորում է տարբեր երկրների մշակութային ժառանգությունը եւ արհեստների վարպետներին։ ՀՀ կրթության գիտության մշակույթի եւ սպորտի նախարարության փոխանցմամբ՝ հեղինակավոր այս միջոցառմանն ամեն տարի Հայաստանը ներկայացնում են «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի վարպետները՝ ասեղնագործուհի Արմենուհի Խաչատրյանը, գորգագործության վարպետ Մարինե Ղարիբյանը եւ տիկնիկագորրծ Թագուհի Ասատրյանը։ Հիմնականում ներկայացվում են հայկական գործվածքը (կարպետներ, ասեղնագործ եւ թաղիքից պատրաստված աշխատանքներ, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ) եւ հուշանվերներ, զուգահեռ իրականացվում են ձեռագործ աշխատանքների վարպետության դասեր:
Սուրաջկունդի արհեստների ամենամյա փառատոներին Հայաստանի ներկայացուցիչների շարունակական մասնակցությունն ամրագրված է 2022 թվականի հուլիսի 4-ին Երեւանում կայացած «Առեւտրի, տնտեսական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության եւ մշակույթի բնագավառներում hայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի արձանագրության» դրույթներում: Այն ուղղված է Հայաստան-Հնդկաստան մշակութային համագործակցության խթանմանը` ընդգծելով երկու ժողովուրդների մշակութային կապերն ու համատեղ ավանդույթները։
ՄԱՍՈՒՆՔԸ ԿԲԵՐՎԻ ԱՇՏԱՐԱԿԻ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ
Փետրվարի 14-ն՝ Տեառնընդառաջի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ եւ Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից առաջին անգամ Աշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցի կբերվի Սուրբ Սարգիս Զորավարի մասունքը։ Արագածոտնի թեմից հայտնում են, որ ձեւավորված ավանդույթի համաձայն, Սուրբ Մասունքով կկատարվի մատաղի աղի օրհնության արարողություն եւ կմատուցվի Սուրբ եւ անմահ Պատարագ, սկիզբը՝ 10:30:



















































































