783 ՀԱԶԱՐԻՑ 5000-Ն ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ԼՐԱՑՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024 թվականից մեկնարկել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի երկրորդ փուլը, որի շրջանակում 2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագրերը ներկայացվում են մինչեւ 2025 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ։ Այս համակարգի շրջանակում հայտարարագիր է լրացրել 5 հազար 766 ֆիզիկական անձ, այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։

Հարցին, թե քանի անձ է մինչեւ այժմ ներկայացրել համընդհանուր հայտարարագիր, ՀՀ ՊԵԿ-ից պատասխանել են. «ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տեղեկություններով՝ 10.02.2025 թվականի դրությամբ 2023 թվականի հաշվետու տարվա համար 59 հազար 052 ֆիզիկական անձ, իսկ 2024 թվականի հաշվետու տարվա համար 5 հազար 766 ֆիզիկական անձ ներկայացրել է եկամտային հարկի եւ սոցիալական վճարի հաշվարկ՝ հայտարարագիր։ Հարկ է նշել, որ այս ցուցանիշները դինամիկ աճող են»,- ասված էր ՊԵԿ-ի պատասխանում։ Նկատենք, որ ներդրված համընդհանուր հայտարարագրումն այնքան մեծ աղմուկ բարձրացրեց քաղաքացիների շրջանում, որ ոչ միայն քաղաքացիական ճնշման արդյունքում, այլ նաեւ համակարգում առկա հերթերի եւ համակարգի բացերի պատճառով իշխանությունները հայտարարագրման վերջնաժամկետը երկարեցրին մայիսի 1-ից մինչեւ նոյեմբերի 1-ը։

Հարցին, թե որն է եղել հայտարարագրեր ներկայացնելու ժամկետների երկարաձգման պատճառը, ՊԵԿ-ը պարզաբանել է, որ հայտարարագրերի ներկայացման ժամկետի երկարաձգման հարցը նույնականացման քարտ չունեցող քաղաքացիներին բավարար ժամանակ տրամադրելու համար է արվել։ Այնինչ ահազանգերը, որ անձնագրայիններում անգամ ասեղ գցելու տեղ չկա, չեն դադարում։ Սա այն դեպքում, երբ ներդրվել են միլիոններ՝ անձնագրայիններում հերթագրման համակարգեր ներդնելու համար, բայց խնդիրը, միեւնույնն է, չի կարգավորվում։ Նշենք նաեւ, որ այժմ հերթագրման ամենամոտ ժամկետը հունիս ամսին է։ Հարկ է նշել, որ տարեվերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել է 782 հազար 832 աշխատատեղ։ Ստացվում է՝ մոտ 783 հազար քաղաքացի պետք է հայտարարագիր ներկայացնի, սակայն 1.5 ամսում անգամ 5 տոկոսը հայտարարագիր չի ներկայացրել։ Ասել է թե՝ ՀՀ քաղաքացիները բոյկոտում են հայտարարագրի որոշման դեմ:

 

 

 

 

 

Այսօր լրացավ 1 ամիսը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան դեպքից, սակայն դեռ պարզ չէ, թե ինչ կատարվեց Մհեր Սահակյանի հետ, ինչ հանգամանքներում նրա մեքենան հայտնվեց ձորի խորքում, ինչպես մահացավ։ «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ՀՀ քննչական կոմիտե, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ նշանակված փորձաքննությունների մասով եզրակացությունները դեռ չեն ստացել։ Սա նշանակում է, որ 1 ամիս անց դեռ առեղծված է մնում պատգամավորի մահը։ Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, ՆԳՆ ՓԾ 911 ծառայություն ահազանգ էր ստացվել, որ Երեւան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում ավտոմեքենա է ընկել ձորը, մոտ 350-400 մետր գլորվել է խորքում: Ավտոմեքենայի մեջ փրկարարները հայտնաբերել էին Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Մհեր Սահակյանի մարմինը, ում նախորդ օրվանից որոնում էին: Պատգամավորի գործընկերները ArmLur.am-ի հետ զրույցում պատմել էին, որ Սահակյանը օդանավակայան էր գնացել, դիմավորել էր արտերկրից վերադարձած ծնողներին, տարել տուն, ապա դուրս եկել՝ ասելով, թե գործեր ունի: Դեպքից 1ամիս անց կարեւոր հարցերը մնում են անպատասխան։ Ո՞ւր է գնացել Մհեր Սահակյանը: Ո՞ւմ հետ է եղել: Ինչո՞ւ է հասել Տիգրանաշենի ոլորաններ: Հարազատները նշում են՝ այդ տարածքներում ծանոթ-բարեկամ չունեն։ Ո՞ւմ հետ էր խոսել վերջին անգամ, ի՞նչ էր ասել։ Կարո՞ղ էր ինչ-որ մեկը նրան այնտեղ հասցնել՝ վնասելու նպատակով: Հնարավո՞ր է՝ որեւէ ՔՊ-ական կամ ՔՊ-ամերձ քինախնդրություն դրսեւորի, վրեժխնդիր լինի նրանից, որ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ՝ 2023 թվականի մարտի 31-ին, հարվածեց ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին: Ինչո՞ւ կա այս հարցը, որովհետեւ ՔՊ-ականները դաժան վրեժխնդիր եղան երիտասարդ Սամվել Վարդանյանից:

2024 թվականի ապրիլի 16-ին նրան զինված դիմակավորված անձինք մահակներով դաժան ծեծի ենթարկեցին ու խոշտանգեցին, միայն այն բանի համար, որ ավտոբուսում վիրավորել էր ՔՊ-ական (հիմա արդեն նախկին) պատգամավոր Հակոբ Ասլանյանին: Գուցե եղանակային պայմաններով պայմանավորված մոլորվե՞լ էր 14 տարի այդ մեքենան վարող Մհեր Սահակյանը: Միգուցե ինչ-որ մեկը մեքենան վարել է նրա ուղղությա՞մբ, ինչի պատճառով էլ Սահակյանի ավտոմեքենան գլորվել է ձորը:

Իսկ գուցե իսկապես դժբախտ պատահա՞ր է տեղի ունեցածը, եւ մյուս հարցերը չեն կարող գոյություն ունենալ:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 5-ի համարում գրել էր, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ինքն իրեն 12 հոգու հետ գործուղել է Լյուքսեմբուրգ, ապա Բելգիա, եւ իր հետ տարել է ընդամենը 2 պատգամավորի. պատվիրակության մյուս անդամները Ազգային ժողովի նախագահի գրասենյակի ներկայացուցիչներն էին: Այս հրապարակման մեջ Ազգային ժողովի նախագահի թիմակիցներին խոցել էր հատկապես «Արդուկի գծով խորհրդական Աշխեն Հայրապետյան» ձեւակերպումը, որի առնչությամբ ստիպված եղանք առանձին հարցում ուղարկել:

 

 

 

Շիրակի մարզում միս արտադրողները եւ մսագործները փետրվարի 3-ին բողոքի ակցիա էին իրականացնում՝ դժգոհելով, որ Շիրակում սպանդանոց չկա, փոխարենը կա սպանդանոցում մորթ իրականացնելու Կառավարության հստակ որոշումը: Եթե շուկայում հայտնաբերվի ոչ սպանդանոցային ծագման միս, կա՛մ կտուգանեն, կա՛մ միսը կառգրավեն: Շիրակցիները պետք է Արմավիրի մարզ հասնեն՝ մսամորթի համար: Երբ սպանդանոցային մորթի մասին էր խոսվում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր էլ մտածել, որ այդ օրենքը շրջանցող առաջին անձը հենց ինքն է լինելու։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 29-ին «Ինստագրամում»  տեսանյութ էր հրապարակել՝ «չխախտելով  իջեւանական ավանդույթները»։ «Ժողովուրդ» օրաթերթը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին հարցում էր ուղարկել՝ պարզելու՝ արդյոք Նիկոլ Փաշինյանի խանձած խոզը սպանդանոցում էր մորթվել, թե ոչ։ ՍԱՏՄ-ից ստացանք կառավարական ընտանիքին արդարացնող պատասխան։ «Համաձայն «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի՝ ոչ սպանդանոցային պայմաններում կենդանիների մորթը թույլատրվում է անձնական սպառման համար (այդ թվում՝ կրոնական եւ այլ ընդունված ծիսակատարությունների դեպքում»,- ասված է «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի խանձած խոզը չի մորթվել սպանդանոցում: Այսինքն՝ Փաշինյանը օրենք է ընդունում ուրիշների այլ ոչ իր կամ իր ընտանիքի համար:




Լրահոս