
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է 2015 թվականի ամռանը «Էլեկտրիկ Երևանի» բողոքի ակցիայի ցրումը և Հովհաննես Իշխանյանի կալանավորումը անօրինական ճանաչելու որոշումը։
«Էլեկտրիկ Երևանի» դեպքերից 10 տարի անց միայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրեց անօրինականության մասին որոշում։
«Իշխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ի որոշման մեջ ընդգծվում է, որ այս հանգամանքներում ոստիկանության բացառիկ հսկողության տակ գտնվող կալանավորին ավելի քան յոթ ժամ պահելը հավասարազոր է ազատությունից զրկելու։ Դատարանը նաև գտել է, որ կալանավորման հիմքեր չկան։
Ամեն բան սկսվեց 2015 թվականի հունիսի 19-ին, երբ «Ոչ թալանին» նախաձեռնությունը կազմակերպեց բազմահազարանոց հանրահավաք Երևանի Ազատության հրապարակում՝ պահանջելով չեղարկել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը։ Հունիսի 22-ին, չստանալով իրենց պահանջների պատասխանը, ցուցարարները երթով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ սկսեցին նստացույց։ Հունիսի 23-ի առավոտյան ոստիկանությունը ուժ կիրառեց՝ ցրելու նստացույցը, ինչի հետևանքով ձերբակալվեց 237 քաղաքացի, այդ թվում՝ լրագրողներ, ավելի քան 25 մարդ հոսպիտալացվեց։ Նրանց բոլորի դեմ հարուցվել էր քրեական գործ «խուլիգանություն» հոդվածով։
ՄԻԵԴ վճռում նաև ընդգծվում է, որ «Էլեկտրիկ Երևանի» բողոքի ցույցի ժամանակ ձերբակալությունները կատարվել են զանգվածային՝ առանց դիմողի գործողությունների հանցավորության անհատական գնահատման և առանց հանցագործության կատարման հիմնավոր կասկածի։
Հովհաննես Իշխանյանը, ում կալանավորման մասին ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել երեկ, մասնակցել է 2015 թվականի «Էլեկտրիկ Երևան» բողոքի ակցիաներին՝ որպես ակտիվիստ։ Հունիսի 23-ի առավոտյան, երբ ոստիկանությունը ջրցան մեքենաների միջոցով ցրեց Բաղրամյան պողոտայում նստացույց իրականացնող ցուցարարներին, Հովհաննես Իշխանյանը բերման ենթարկվեց և տեղափոխվեց Շենգավիթի ոստիկանության բաժանմունք։ Այնտեղ նա ենթարկվել էր խուզարկության, նրանից վերցրել էին մատնահետքեր, և նա Ձերբակալության պահման վայրում պահվեց մոտ յոթ ժամ՝ առանց սննդի և թաց հագուստով։ Նրան որևէ մեղադրանք չառաջադրվեց, և նույն օրը երեկոյան նրան ազատ էին արձակել։
Այս իրադարձությունները լայն արձագանք գտան ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային մակարդակում։ «Էլեկտրիկ Երևան» շարժումը դարձավ քաղաքացիական ակտիվության խորհրդանիշ՝ ընդգծելով հասարակության պահանջը՝ մասնակցելու որոշումների կայացման գործընթացին և պաշտպանելու իրենց սոցիալական իրավունքները։ Այժմ էլ կան բողոքի թափ ստացած ակցիաներ, որոնք, սակայն, իմպուլսիվ են և ոչ մշտական, որն էլ չի կարող ունենալ «Էլեկտրիկ Երևան» նախաձեռնության պես արդյունքներ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան