
Պետական եկամուտների կոմիտեն ընդունել է Հայաստանում գտնվող Եվրոպական Միության փորձագիտական առաքելությանը՝ մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի (VLAP) մշակման նպատակով, հայտնում են ՊԵԿ-ից:
«Առաքելության նպատակն է գնահատել փաստաթղթերի պաշտպանության, սահմանների կառավարման և միգրացիայի ոլորտներում Հայաստանի պատրաստվածության ընդհանուր իրավիճակը, ինչպես նաև նպաստել վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի նախապատրաստմանը:
ԵՄ գործընկերներին ներկայացվել են մաքսային վարչարարության ոլորտում ՊԵԿ ռազմավարական հիմնական ուղղությունները, վերջին տարիներին իրականացված բարեփոխումները, մարտահրավերները և զարգացման հեռանկարները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև սահմանային ընթացակարգերի կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր։
Առաքելության շրջանակում ԵՄ պատվիրակությունը այցելել է Բագրատաշեն և Այրում սահմանային անցակետեր՝ տեղում ծանոթանալու մաքսային մարմինների գործունեությանը։ Նախատեսվում է նաև այց «Զվարթնոց» օդանավակայան»,- ասված է հաղորդագրության մեջ: