Ռոբերտ Քենեդին նշանակվել է ԱՄՆ առողջապահության նախարարի պաշտոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Սենատի հաստատումից հետո Ռոբերտ Քենեդի Կրտսերը ստանձնել է առողջապահության նախարարի պաշտոնը՝ վերահսկողության տակ վերցնելով ԱՄՆ առողջապահական հսկայական համակարգը։ Քենեդիի օգտին քվեարկել է 52,  դեմ՝ 48 սենատոր։ Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը։

Երդման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ Գերագույն դատարանի դատավոր Նիլ Գորսաչիի ներկայությամբ։

Դեմ քվեարկած սենատորները քննադատություն են հնչեցրել Քենեդիի հասցեին՝ հիմնականում մատնանշելով նրա հակասական պնդումները պատվաստանյութերի և առողջապահական ոլորտում փորձի բացակայության առնչությամբ:

Ռոբերտ Քենեդին հայտնի է պատվաստանյութերի նկատմամբ իր բացասական դիրքորոշման համար։

«Մենք ունենք աշխարհի ամենաանառողջ բնակչությունը, – Fox News-ի հետ զրույցում նշել է նա։ – Մենք գնում ենք մոլորակի դեղերի 70%-ը և երկու-երեք անգամ ավելի շատ ենք ծախսում առողջապահության վրա, քան մյուս երկրները»։

Այս համատեքստում Քենեդին խոստացել է  ԱՄՆ-ն ​​կրկին առողջ դարձնել։

Նա նաև նպատակ ունի վերացնելու ԱՄՆ-ում քրոնիկ հիվանդությունների բարձր ցուցանիշները և վերականգնելու ամերիկացիների վստահությունը առողջապահական համակարգի նկատմամբ:

Որպես առողջապահության նախարար՝ Քենեդին ղեկավարելու է 1,7 տրիլիոն դոլարի բյուջեն և վերահսկելու է առողջապահական ապահովագրությունը, սննդի անվտանգությունը և պատվաստանյութերի հաստատումը կառավարող գործակալությունները:

Հատկանշական է, որ 2024 թվականին Քենեդին նախընտրական քարոզարշավից հետո հրաժարվել էր իր անկախ նախագահական հայտից և պաշտպանել Դոնալդ Թրամփին:




Լրահոս