ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելը Հայաստանի սուվերեն իրավունքն է. Զախարովա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հայաստանի սուվերեն իրավունքն է համարում ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին հավանություն տալը։

Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին Զախարովան ասել է ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում։

Միևնույն ժամանակ Զախարովան շեշտել է, որ Եվրամիության և ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխհարաբերությունները կրում են փոխադարձ բացառող բնույթ։

«Հարցը քաղաքական նախասիրությունների մեջ չէ, այլ նրա մեջ, որ բոլոր նորմատիվ-իրավական բազաները եւ տարիֆային համակարգերը, որոնց հիման վրա կառուցվել են փոխհարաբերությունները Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի շրջանակներում, կրում են փոխադարձ բացառող բնույթ։

Փորձերը ինչ-որ ձեւով խուսափելու բարձրաձայնել այդ խնդիրը, իրենից ներկայացնում են ուղղակի իրականության ժխտում: Խոսքն, իհարկե, Հայաստանի սուվերեն ընտրության մասին է, մենք ոչ մի դեպքում դա չենք ժխտում, բայց հենց Հայաստանի գործող իշխանության վրա է վճռորոշ պատասխանատվությունը ժողովրդին պարզաբանելու իրենց կողմից պլանավորվող քայլերի բոլոր հետեւանքները։ Դա պետք է հասկանալ»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը և ավելացրել, որ տվյալ դեպքում հանրությանը պետք է ոչ միայն հետեւանքների նյուանսները պարզաբանել, այլ  փորձը, որ կա այլ պետությունների պարագայում, եւ բերել կոնկրետ օրինակներ պատկերն ամբողջացնելու համար:

Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը։  Նախագծին կողմ է քվեարկել իշխող խմբակցության 63 պատգամավոր, Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը քվեարկությանը չի մասնակցել, իսկ ընդդիմադիր մյուս խմբակցության՝ «Պատիվ ունեմ»-ի պատգամավորները դեմ են արտահայտվել օրենքի նախագծին։ 




Լրահոս