Պակիստանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 11 բանվոր է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պակիստանի հարավ-արևմուտքում գտնվող Բելուջիստանի նահանգի Հարնայի շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 11 բանվոր, ևս 6-ը վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է Geo TV-ն՝ վկայակոչելով Հարնայի իշխանություններին։

Պայթյունը տեղի է ունեցել բանվորներին ածխահանքեր տեղափոխող մեքենայի մոտ:

Բելուջիստանի կառավարությունը հրամայել է հետաքննել տեղի ունեցած պայթյունը։ Տեղեկություններ կան, որ ինքնաշեն պայթուցիկը տեղադրված է եղել ճանապարհի եզրին, և այն գործի է դրվել հեռակառավարվող սարքով։

Վերջին շրջանում բազմաթիվ ռումբերի պայթյուններ են գրանցվել Հարնայի Շահրագի շրջանում, որտեղ գտնվում են ածխի հանքերը։

Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին և վարչապետ Շեհբազ Շարիֆը խստորեն դատապարտել են տեղի ունեցած պայթյունը՝ խորը վիշտ հայտնելով մարդկային կյանքերի կորստի կապակցությամբ։




Լրահոս