ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծննդյան իրավունքի սահմանափակում, USAID-ի լուծարում․ Թրամփի սկանդալային կարգադրությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է մի շարք կարգադրություններ, որոնք վերաբերվում են ինչպես արտաքին քաղաքականությանը, այնպես էլ երկրի ներքին հարցերին։ Կարգադրությունից շատերը իրար են խառնել ամբողջ աշխարհը՝ մայրցամաքից մայրցամանք, անգամ ԱՄՆ-ից Հայաստան 10-11 հազար կիլոմետր հեռավորությամբ։

ԱՄՆ նախագահի կարգադրությունները վերաբերվում են ինչպես երկրի ներսում տեղի ունեցող իրավիճակներին, այնպես էլ երկու երկրների հակամարտությունների դադարեցմանը, նաև շատ դեպքերում պատժամիջոցներ սահմանելուն։ Թրամփը նախագահությունը ստանձնելուց ժամեր անց ռեկորդային կարգադրությունների ցանկ ստորագրեց, որոնց թիվը հատեց 50-ը։

ArmLur.am-ը զետեղել է ամերիկյան կարգադրություններից թերևս ամենասկանդալայինները։

Դրանցից մեկը վերաբերվում է Իրանի նկատմամբ առավելագույն ճնշում կիրառելուն։ Փետրվարի 5-ին Թրամփը ստորագրել է կարգադրություն, որով նախատեսվում է վերականգնել Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությունը։ Այս քայլի նպատակն է խոչընդոտել Իրանի նավթի արտահանումը և նվազեցնել այլ երկրների կողմից իրանական նավթի գնումները։ Թրամփը նաև հայտնել է, որ հույս ունի Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծել բանակցությունների միջոցով և ցանկություն է հայտնել հանդիպել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Հաջորդ կարգադրությունը կարող է ԱՄՆ-ին մտցնել նոր տեղեկատվական պատերազմի դաշտ։ Արհեստական բանականության ոլորտում նախաձեռնության  մասին կանոնադրությունն է։ Հունվարի 23-ին Թրամփը ստորագրել է արհեստական բանականությանը վերաբերող գործադիր հրաման, որի նպատակն է արագացնել այս ոլորտի զարգացումը և ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը արհեստական բանականության ոլորտում։ Նախագահը նաև հանդիպել է տեխնոլոգիական առաջատար ընկերությունների ղեկավարների հետ՝ քննարկելու ոլորտի զարգացմանն ուղղված ներդրումները։ Ամերիկացի մասնագետները կարծում են՝ Թրամփը ձգտում է գլխավորել տեղեկատվական ոլորտը և հնարավորություն չտալ արևելյան երկրներին դրսևորվել։

Աշխարհը ցնցած հաջորդ կարգադրությունը, որով ծննդյան իրավունքով սահմանափակվում է քաղաքացիության ստացումը, շատերին հեռվացրել է ԱՄՆ գնալու մտքերից։ Համաձայն այս հրամանագրի՝ նախատեսվում է սահմանափակել ԱՄՆ-ում ծնված երեխաների քաղաքացիության իրավունքը, եթե նրանց ծնողները գտնվում են երկրում առանց համապատասխան թույլտվության կամ ժամանակավոր վիզայով։ Սակայն Մերիլենդ նահանգի դաշնային դատարանը արգելափակել է այս հրամանի կիրառումը՝ նշելով, որ այն հակասում է ԱՄՆ Սահմանադրության 14-րդ լրացմանը։

Թրամփի դեմ են արտահայտվում առանձին նահանգներ, սակայն աշխարհը սկսելու է հաշվի նստել գերտերության հետ։

Թրամփի գրիչը հասել է նաև իրավական ոլորտ, և հաջորդ հրամանագրով վավերացվել է մահապատժի վերականգնումը։ Նա վերականգնել է մահապատժի կիրառումը դաշնային մակարդակով և հատկացումներ կատարել նահանգային իշխանություններին՝ համապատասխան դեղամիջոցներով ապահովելու համար։ Մահապատժի նկատմամբ դաշնային մակարդակով նախկինում հայտարարված մորատորիումը վերացվել է։

Վարչակազմը նախաձեռնել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեության դադարեցման գործընթացը՝ նպատակ ունենալով կրճատել ծախսերը և վերանայել գործակալության գործունեությունը։ Այս քայլը ներառում է USAID-ի Վաշինգտոնի կենտրոնակայանի փակումը, ավելի քան 50 բարձրաստիճան աշխատակիցների վարչական արձակուրդի ուղարկումը և գործակալության համակարգչային համակարգերի նկատմամբ վերահսկողության հաստատումը։

Այս կարգադրությունները վկայում են Թրամփի վարչակազմի ակտիվ գործունեության մասին՝ ուղղված ինչպես արտաքին քաղաքականության, այնպես էլ ներքին կարգավորման հարցերին։ Բացի սա, այսօր հայտնի դարձավ նաև, որ Վարչակազմն ամբողջ աշխարհում ԱՄՆ դեսպանատներին խնդրել է նախապատրաստվել աշխատակազմի կրճատման։ ԱՄՆ դիվանագիտական ​​կորպուսի հիմնանորոգման Թրամփի ջանքերի շրջանակում դեսպանատներին հանձնարարվել է ուսումնասիրել ինչպես ամերիկացի, այնպես էլ տեղացի աշխատակիցների կրճատման հնարավորությունը՝ յուրաքանչյուրը 10%-ով, այնուհետև աշխատուժի ցուցակը մինչև փետրվարի 14-ն ուղարկել Պետքարտուղարություն, որից հետո կորոշվեն հետագա գործողությունները:

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Լրահոս