«Դե!մ եմ»-ը հանդես կգա նոր պահանջով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դե!մ եմ» նախաձեռնության անդամները պատրաստվում են վաղը Ֆինանսների նախարարության մոտ ակցիա կազմակերպել:

Հիշեցնենք, որ վերջերս նախաձեռնությունը ևս մեկ ակցիա էր կազմակերպել նախարարության շենքի դիմաց, որն ուղեկցվել էր մետաղադրամների նետմամբ, որոնց ճակատագիրն այդպես էլ անհայտ մնաց:

Armlur.am-ի զրուցակիցն է նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը:

-Հայտնի է, որ վերջերս Ֆինանսների նախարարության դիմաց տեղի ունեցած ակցիայի ժամանակ ձեր հույսերն այնքան էլ չարդարացան: Ի՞նչ ակնկալիքներ ունեք վաղվա ակցիայից:

-Այս և նախորդ ակցիան համեմատելի չեն` պահանջների կոնտեքստով: Այն ժամանակ պահանջում էինք, որ վերջ տան իրենց ապօրինի հայտարարություններին, իսկ հիմա մեր պահանջն այլ է: Այժմ պահանջելու ենք ՍԴ որոշման հիման վրա պահպանել մեր իրավունքները, և պահանջելու ենք, որ Ֆինանսների նախարարությունն ու ՊԵԿ-ը հաշվետվությունների ծրագիրը փոփոխության ենթարկեն: Ըստ ՍԴ որոշման` մինչև սեպտեմբերի 30-ը որևէ մեկի գումարները, առանց իր ցանկության, չեն կարող պահվել: Ընդ որում, այդ ծրագիրը պետք է փոխվեր դեռ առաջին որոշումից հետո:

-Չնայած այն հանգամանքին, որ Դավիթ Սարգսյանն այս պահին պաշտոնակատար է, դուք, միևնույն է, կներկայացնե՞ք ձեր պահանջը:

-Քանի որ պաշտոնակատարն ունի նույն պարտականությունները, այդ պատճառով քաղաքացին կարող է իր պահանջները ներկայացնել:

-Իսկ ի՞նչ գործողություններով կուղեկցվի վաղվա ակցիան:

-Այնպես, ինչպես միշտ է եղել. օրենքի շրջանակներում, կլինեն պաստառներ, գոչեր, ելույթներ: Քաղաքացիների պահանջն է լինելու փոխել հաշվետվության ձևը: Ցավալին այն է, որ մեր երկրում անգամ դատարանի որոշման գործելուն պետք է պայքարով հասնենք:

-Իսկ ի՞նչ կասեք Մատենադարանի մոտ կայանալիք հավաքից:

-Դա, ընդհանրապես, այլ միջոցառում է: Շաբաթ օրը՝ ժամը 12-ին, հավաք ենք կազմակերպելու, որպեսզի ստեղծված իրավիճակի պայմաններում մեր պայքարի ուղղությունները հանրության հետ ի մի բերենք: Որևէ մեկն իրեն անմասն չպետք է զգա: Հանրության հետ կքննարկենք հետագա քայլերը, կլսենք բոլորի առաջարկները, բայց, այնուամենայնիվ, քայլերի ուղղությունն այն է, որ պայքարի վեկտորը հստակորեն ներկայացվի մարդկանց:

Տաթև Հարությունյան




Լրահոս