ԱՐԴՈՒԿԻ ԳԾՈՎ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԳԱՂՏՆԻ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 5-ի համարում գրել էր, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ինքն իրեն 12 հոգու հետ գործուղել է Լյուքսեմբուրգ, ապա Բելգիա, եւ իր հետ տարել է ընդամենը 2 պատգամավորի. պատվիրակության մյուս անդամները Ազգային ժողովի նախագահի գրասենյակի ներկայացուցիչներն էին: Այս հրապարակման մեջ Ազգային ժողովի նախագահի թիմակիցներին խոցել էր հատկապես «Արդուկի գծով խորհրդական Աշխեն Հայրապետյան» ձեւակերպումը, որի առնչությամբ ստիպված եղանք առանձին հարցում ուղարկել:

 

. Աշխեն Հայրապետյանը, որը գրեթե բոլոր գործուղումների ժամանակ ուղեկցում է Ալեն Սիմոնյանին, կոնկրետ ի՞նչ գործառույթ է իրականացնում:

. Խնդրում ենք ներկայացնել, թե որպես խորհրդական, Աշխեն Հայրապետյանը մինչ օրս քանի՞ խորհուրդ է տվել Ալեն Սիմոնյանին, որո՞նք են եղել դրանք, եւ ինչպե՞ս է այդ խորհուրդները կիրառել ԱԺ նախագահը (ներկայացնել ամբողջական ցանկով):

. ՔՊ-ական պատգամավորները «Ժողովուրդ» օրաթերթին պատմել են, որ Աշխեն Հայրապետյանը Ալեն Սիմոնյանի հագուստի արդուկի եւ կոստյումի ուսերի փոշիների հարցերով է զբաղվում: Վերջերս էլ նոր սարքավորում է ձեռք բերել՝ ուսերի փոշիները մաքրելու համար»:

Այս պարզ հարցադրումներին, որոնք ենթադրում էին հստակ պատասխաններ եւ պարզաբանումներ, ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը պատասխանել է. «Աշխեն Հայրապետյանը կատարում է ԱԺ նախագահի հանձնարարությունները եւ իր հաստիքին համապատասխան գործառույթները»:

Մնացած հարցերը բարեխղճության էտալոն Ալեն Սիմոնյանը իր խոսնակի միջոցով համարել է «Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքով չնախատեսված հարցում»: Թեեւ լավ կլիներ՝ իրավաբան ԱԺ նախագահը իմանար, որ իր նախկին օգնականին (ամենայն հավանականությամբ բարձր աշխատավարձ ստանալու համար) խորհրդական դարձնելուց բացի՝ պարտավոր է պատասխանել, թե ինչ գործառույթներ է իրականացնում անգամ հայեցողական այդ պաշտոնյան բացի կենցաղային հարցերից:

Իհարկե, դժվար է պատկերացնել, թե Աշխեն Հայրապետյանը ինչ խորհուրդներ է տալիս Ալեն Սիմոնյանին, բայց այս անպատասխան հարցաշարը շատ հարցերի պատասխան էր արդեն:

 

 

 

ՍՏՈՒԳԱՅՑԵՐ՝ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ

Երեկ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում։ Ստուգայցեր են իրականացվել «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 56-րդ եւ 80-րդ հոդվածների հիման վրա՝ ապահովելու Երեւանի ավագանու հաստատած կանոնների պահպանումը, ինչպես նաեւ քաղաքային բյուջե վճարվող պարտադիր այլ վճարների մուտքագրումը:

 

 

ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության հարցերով պետնախարար Սանջայ Սեթի հետ: Քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

 

 

ՔՊ ՎԵՐՆԱԽԱՎԻՑ

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնել է. «ՔՊ վերնախավի համար Հայաստանի ներսում եւ Սփյուռքում մարդկանց պառակտումը եւ իրար նկատմամբ ատելությունը, քաոսը դարձել են իշխանության մնալու երաշխիք: Մեր մեջ այս արատավոր երեւույթների գլխավոր սերմանողը, տարածողն ու հովանավորը ՔՊ վերնախավն է եւ ՔՊ-ի քարոզչական մեքենան: Արցախցիների հետ կապված ԱԺ նախագահի երեկվա խոսքերը դա եւս մեկ անգամ ապացուցեցին: ՔՊ-ն դրանից է սնվում, ու դա է նրան ուժ տալիս ճիշտ նույն կերպ, ինչ ադրբեջանական իշխանության համար` թշնամանքը հայերի նկատմամբ»:

 

 

ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը պահանջում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հրապարակային ներողություն խնդրել Արցախի տեղահանված ժողովրդից եւ զերծ մնալ արցախցիների պայքարն ու հայրենիքի պաշտպանությունը սակարկման ենթարկող որեւէ գնահատականից՝ միաժամանակ մեկնաբանել սեփական հայտարարությունը, թե ով եւ ում էր զանգում Արցախից ու խնդրում բացել այսպես կոչված սահմանը: Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը, ի պատասխան արցախցի լրագրողի հարցի, ասել էր. «Որովհետեւ երբ որ դուք դուրս եկաք այդտեղից, անվտանգ չէր։ Չնայած՝ կարելի էր մնալ ու մինչեւ վերջ պայքարել այն զենքերով, որոնք Հայաստանը թողել եւ տվել էր, քաղաքական սատարումով, բայց դուք դուրս եկաք։ Պետք էր կռվել»։ Լրագրողի դիտարկմանը, որ մարդիկ մորթվում էին, Սիմոնյանը կրկնեց. «Պետք էր կռվել։ Պետք էր կռվել։ Հայաստանը կռվել է, պետք էր կռվել»։

 

 

 

ՀԵՌԱՆԿԱՐ ՉՈՒՆԻ

«Մենք մեկնարկում ենք մի գործընթաց, որը տեսանելի ապագայում որեւէ հեռանկար չունի, եւ բոլորս դա հասկանում ենք». այս մասին, ԱԺ-ում ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Այսինքն՝ մենք մեզ փորձում ենք տանել այն ժամանակները, որ արդեն ԵՄ-ում ենք, տեսեք՝ ԵՄ-ն ինչ լավ տեղ է: Դրանով փորձում ենք ինքներս մեզ համոզել, որ այս գործընթացը մեզ օգտակար է լինելու, բերելու է շատ լավ արդյունքներ: Երբ ասում ենք՝ Հայաստանը տարբեր միջազգային կառույցների մեջ է, դրանք իրար հետ համատեղելի չեն, ասում են՝ հիմա չի այդ հարցը, հիմա հո չե՞նք ասում, որ ԵՄ անդամ ենք: Այ, երբ ԵՄ անդամ կլինենք, այդ ժամանակ կորոշենք՝ որտեղ ենք գնում: Այսինքն՝ մենք նպատակով, որը բոլորի համար վարդագույն երազներ է առաջացնում, արդարացնում ենք գործընթացը, որը խիստ խոցելի է: Առնվազն երեք առումով դա մեզ համար առաջացնելու է լրջագույն խնդիրներ»,-ասել է նա:

 

 




Լրահոս