ArmLur.am-ը տեղեկացել է, որ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում արշալույսները խաղաղ չեն: Պարզվում է՝ Մեծամոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Հովհաննիսյանը կարողացել է այնպես անել, որ մի ընկերության կողմից իրականացվող մանկապարտեզի հիմնանորոգման պայմանագիրը միակողմանի չեղարկվի:
Իսկ ինչպես է սկսվել պատմությունը
Եվ այսպես, ArmLur.am-ին քաղաքացի Վահագն Ղալումյանը պատմել է, որ իր եւ կնոջ կողմից ղեկավարած «Տուրիստա» ընկերությունը, որպես շինարարական ընկերություն, «տենդեր» է շահել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում՝ կառուցելու թիվ 2 մանկապարտեզը։
«2023 թվականի մարտի 14-ից սկսել եմ մանկապարտեզի կառուցման աշխատանքները։ Ժամկետը 2 անգամ հետաձգվել է, բայց վերջնականը պետք է 2024 թվականի նոյեմբերի 1-ին՝ կառավարության որոշմամբ, ավարտվեր, իսկ դրանից հետո մեկ անգամ եւս բոլոր սուբվենցիոն ծրագրերը հետաձգել են մինչեւ 2025 թվականի նոյեմբերի 1-ը»,- ArmLur.am-ին պատմել է Վահագն Ղալումյանը։
Ղալումյանի խոսքով՝ Մեծամոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Հովհաննիսյանը լարված է եղել իր դեմ, քանի որ, ըստ իր տեղեկությունների, Հովհաննիսյանը վաղուց նպատակ է ունեցել, որ այդ մանկապարտեզի կառուցումն իրականացնեն իր ծանոթները:
«Բոլորն ինձ զգուշացնում էին, որ քո հետ լարված է, ասում էր՝ Վահագից գործը վերցնում ենք, ես անձամբ իրենց էլ ասել եմ, որ նման բան չկա, սուտ եք ասում, բայց պարզվեց՝ սուտ չէին ասում։ Կոնկրետ չեմ կարող ասել, թե լարվածությունն ինչից սկսվեց, բայց արդեն պարզ էր, որ ընկած են իմ հետեւից։ Ամեն օր 5 անգամ իրենց գործերը թողած՝ գալիս էին ու աշխատողներին ստուգում էին։ Տեսուչ Սարգիսն ամեն օր գործի գնալիս գալիս էր, աշխատողներին հաշվում, նայում՝ ինչ գործ են անում, կոֆե են խմում, ես էլ կատակով իրենց ասել եմ՝ կարո՞ղ է աշխատանքի տեսչությունից եք, որ ամեն օր գալիս այդ մարդկանց ստուգում եք»,-պատմել է Ղալումյանը։
Վահագն Ղալումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ շինարարական նախագծում շեղումներ են եղել, որոնց մասին ինքը զգուշացրել է, սակայն ստացել են աշխատելու հորդոր։
«Երբ շինարարական պրոցեսները գնացին, նախագծում շեղումներ նկատեցին, որոնց մասին ես իրենց զգուշացրել էի նախօրոք, նամակներ էլ ենք ուղարկել, ասել են՝ աշխատեք։ 10 տոկոսի շեղում էր, պատեր կային՝ քանդված էին, տված չէր՝ ինչով վերանորոգեինք, պատուհանները քիչ էին նախագծած։ Թույլատրելի են դրանք, բայց մենք զգուշացրել ենք իրենց, որ սխալ են»,- նշել է Ղալումյանը։
Եզրափակելով խոսքը՝ Ղալումյանն ասել է, որ արդեն սեպտեմբերի 9-ին իրեն նամակով տեղեկացրել են, որ միակողմանի լուծարել են պայմանագիրը, որի գլխավոր մեղավորը Էդգար Հովհաննիսյանն է։
«Սեպտեմբերի 9-ին նամակով ուղարկել են լուծարման մասին թե՛ բանկին, թե՛ մեզ, որ ձեր պայմանագիրը 287 միլիոնից 200-ն արված է, իսկ մնացած 87 միլիոնը կասեցրել ենք եւ բանկից երաշխիքները բռնագանձել են»,- եզրափակեց Ղալումյանը։
«Ժողովուրդ»-ը կապ է հաստատել նաեւ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Հովհաննիսյանի հետ։ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, թե որեւէ տրամադրվածություն չի ունեցել. շինարարական պրոցեսը կանգ է առել, ինչի համար համայնքապետարանը որոշել է դադարեցնել աշխատանքները:
«2022 թվականի սուբվենցիոն ծրագիր է։ Շինաշխատանքները սկսվեցին, որոնք բավականին արագ ու լավ տեմպով ընթանում էին։ Մենք՝ որպես համայնքի ներկայացուցիչ, անընդհատ ստուգում էինք, կար դրա հետ կապված հանձնաժողով, որը շաբաթվա մեջ մի քանի անգամ գնում եւ շինաշխատանքներին հետեւում էին։ Մի ընթացք եկավ, երբ շինարարության տեմպը նվազեց։ Տեմպի նվազելուց հետո սկսվեցին բողոքները։ Շինարարության ընթացքում արված աշխատանքը կատարողականի միջոցով հանձնվում էր համայնքին, կատարողականը ստուգում էր, բոլորը գոհ էին՝ թե՛ շինարարները, թե՛ տեխհսկողը, թե՛ հանձնաժողովը. կատարողականի հիման վրա գումարը փոխանցվում էր տվյալ կազմակերպությանը։ Դրանից հետո մենք ընդհանրապես գործ չունենք՝ ինքն այդ գումարով իր աշխատողներին կվճարի, թե ինչ-որ նյութ կգնի»,-հայտարարել է Հովհաննիսյանը։
Վերջինս ArmLur.am-ի հետ զրույցում նշել է, որ մանկապարտեզի աշխատանքները կտրուկ դադարեցվել են, եւ ոչ մի շինաշխատանք չի կատարվել, ու մանկապարտեզի շենքում ամիսներ շարունակ եղել է միայն հսկիչը։
«Հանձնաժողովը թե՛ վիդեոհոլովակով, թե՛ լուսանկարներով նկարահանել է, որ մանկապարտեզի դարպասները փակ են, շինաշխատանքները դադարեցված են, եւ այնտեղ միայն պահակն է եղել։ Երբ գնացել ենք, միայն պահակն է եղել։ Բազմաթիվ անգամներ գրություններ են ուղարկվել Վահագն Ղալումյանին համայնքի կողմից, թե երբ կսկսվեն մանկապարտեզի աշխատանքները, ասել է՝ ամսի մեկով, ամսի հինգով, երկուշաբթի։ Ամիսներ շարունակ ձգձգել է այդ պրոցեսը, համայնքն էլ որոշում է կայացրել դադարեցնել աշխատանքը»,- նշել է Հովհաննիսյանը:
Ի դեպ, Վահագն Ղալումյանը դատի է տվել Մեծամոր համայնքին, քանի որ առանց իրենց տեղեկացնելու՝ միակողմանի լուծարել են պայմանագիրը: «Ժողովուրդ»-ի զրուցակիցը նշեց, որ իր ընտանիքը երեք բնակարան է գրավադրել, որ կարողանան մանկապարտեզի շինաշխատանքները իրականացնել, սակայն այսօր հայտնվել է նման իրավիճակում:
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԵՐԿՐՈՐԴ ՓՈՐՁԻՑ ԳՏՆՎԵՑ
Տավուշի մարզպետարանը մրցույթ էր հայտարարել մարզում 1410 կովերի արհեստական սերմնավորման համար։ Մրցույթն անցկացվել էր Կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշմամբ հաստատված՝ «Մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի» շրջանակներում։ Ծրագրով նախատեսված է յուրաքանչյուր կովի սերմնավորման համար սերմնավորողին փոխհատուցել 10 հազար դրամ (5 հազար դրամը կվճարի անասնատերը)։ Մրցույթին կարող էին մասնակցել այն կազմակերպությունները, որոնք ունեն տվյալ ոլորտում գործունեություն իրականացնելու առնվազն մեկ տարվա փորձ եւ համապատասխան գործունեությամբ զբաղվելու հավաստագիր ունեցող մասնագետներ, նաեւ ունեն վարկային դրական պատմություն։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն էր 2024թ. դեկտեմբերի 12-ը։ Սակայն մրցույթը չկայացավ, որովհետեւ մասնակիցներ չեղան։ Մարզպետարանը նոր մրցույթ հայտարարեց։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում ենք արել, թե որ կազմակերպությունն է հաղթել մրցույթում։ Մարզպետարանից պատասախանել են. «Պետական աջակցության ծրագրերի շրջանակներում կովերի արհեստական սերմնավորման վերաբերյալ մրցույթում հաղթող է ճանաչվել Ա/Ձ Դավիթ Նավասարդյանը։ Պայմանագրի կնքման աշխատանքներն ընթացքի մեջ են»։ Այս տարվա ավարտին պարզ կլինի, թե նշված կազմակերպությունը ինչպես է կատարել իր պայմանագրային պարտավորությունները, կովերի արհեստական սերմնավորման ծրագիրը որքանով է արդյունավետ եղել։
ՎԱՐՁԱՎՃԱՐԻՑ ԱԶԱՏՎԱԾ ՉԵՆ
Նոյեմբերյան համայնքի ավագանու որոշմամբ` համայնքի բոլոր բնակավայրերի՝ Նոյեմբերյան, Այրում քաղաքների եւ 17 գյուղերի մանուկները այս տարի մանկապարտեզներ կհաճախեն անվճար` համայնքի բյուջեի հաշվին։ Դիլիջան համայնքի ավագանին 2025թ. հունվարի 10-ին որոշել է Դիլիջանի համայնքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաների ուսման վարձավճարների նկատմամբ 2025 թվականի համար սահմանել արտոնություն`
1) Միեւնույն ընտանիքից 2 եւ ավելի երեխաներ հաճախելու դեպքում` յուրաքանչյուր երկրորդ եւ հաջորդ երեխաների համար ուսման վարձավճարի 50 %-ի չափով,
2) Միակողմանի ծնողազուրկ երեխաների համար՝ ուսման վարձավճարի 50 %-ի չափով,
3) Երկկողմանի ծնողազուրկ երեխաներին ազատել ուսման վարձավճարից,
4) Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաներին ազատել ուսման վարձավճարից։
Դիլիջան համայնքի 2025թվականի բյուջեն եկամուտների եւ ծախսերի գծով կազմում է 1 միլիարդ 750 միլիոն դրամ,. Դիլիջանը ֆինանսական ավելի մեծ հնարավորություններ ունի մանկապարտեզների սաներին ազատելու վարձավճարներց` քան Նոյեմբերյանի համայնքապետարանը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ























