«…. Գլխաբաց շքերթի ելած մեր անբարո իրականությունը պետք է գրողի քո այրական իր պատասխանը ստանա: Գրոտեսկայնորեն դաժան իրականությունը քեզանից տղամարդ մարդու պատասխան է պահանջում – որ ես, ահա, ձեզ ճանաչում եմ: Որ ես կսմիթով, այլասացությամբ յոլա չեմ գնա: Ճի՛շտ, կոպի՛տ, ճշգրի՛տ, շիտակ պիտի լինես՝ այնքա՛ն, ինչքան իր ժամանակին Չարենցը եղավ»։ Հրանտ Մաթեւոսյանն է ասել՝ մեծ մարդը, մտավորականը, գրողը։
Առհասարակ Մաթեւոսյանի ձեռագիրը կարելի է արվեստի մի ուրիշ ճյուղ համարել, քանի որ իր խորությամբ, բայց միեւնույն ժամանակ «բոլորի համար լինելով»՝ գրավում է ընթերցողին։
Փետրվարի 12-ը գրողի ծննդյան օրն է։ ArmLur.am-ը ներկայացնում է գրողի հայտնի հարցազրույներից որոշ հատվածներ եւ նրա հետաքրքիր մտքերից։
Իր տված հարցազրույցներից մեկում Մաթեւոսյանն ասել է. «Քիչ եմ գրել եւ դրանում մեղքի իմ բաժինն այնքան էլ մեծ չէ: «Ահնիձորի» չափազանցված արձագանքը, «Մենք ենք, մեր սարերը» վիպակի եւ ապա կինոսցենարի վիճարկումը ինչքա՜ն ուժ խլեցին ինձանից, որ կարող էր դառնալ գրական վաստակ, գեղարվեստական արժեք: Կինոյում անցկացրած տարիները կորսված եմ համարում, կինոն ինձ միայն դառը հիասթափություն ու ծանր պարտություններ տվեց՝ բացառությամբ, թերեւս, «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի, որ Հենրիկ Մալյանի հաջողված էկրանավորումներից է: «Տերը» ժողովածուն տպագրելու մտադրություն չունեի, գրվել էին՝ որպես գրական սցենարներ, բայց հրապարակեցի հանդիսական-ընթերցողիս թողությունը հայցելու հույսով: Հիասթափություններն ու պարտությունները պիտի որ դաս լինեին, բայց ազգային մեծ կինո ունենալու հավատս չեմ կորցրել: Կուզենայի, թեկուզեւ ոչ իմ՝ մեզանից մեկնումեկի աշխատանքով ստեղծվեր, մեր մշակույթի նվաճում դառնար եւ իր ողջ շողք ու փայլով լայնածավալ երկրի էկրանով անցներ մեր ազգային կերպարը»։
Կարելի է ասել, որ Մաթեւոսյանն անտեսանելի թելերով կապված է եղել բնությանը, իր հայրենի բնաշխարհին եւ դրա բացասական փոփոխությանն արձագանքել է սրտի ցավով, ինչը նույնպես փաստում են հարցազրույցները։
Հրանտ Մաթեւոսյանն ասել է, որ հողի կորուստը, արդյունաբերական ագրեսիան, բնության ու մարդու բախումը, ապագա սերունդների ունեզրկումը ծանր խնդիրներ են, որ պիտի քննվեն ըստ ամենայնի, սահմանադրական հոդվածի հստակություն առնեն, համընդհանուր մտահոգության ու լրջության միջավայրում ճշտվեն ու գործադրվեն դրանց լուծման միջոցները:
«Այդ մասին պետք է խոսել կա՛մ ամբողջ երկրով մեկ ու ամբողջ ձայնով, կա՛մ բոլորովին չպետք է խոսել: Թերասացությունը լռությունից վատ է, թերասացությունը հարցը մաշում ու թմրեցնում է»,- իր տված հարցազրույցներից մեկում ասել է Մաթեւոսյանը: Հրանտ Մաթեւոսյանի խոսքերը արդիական են մինչ օրս։ Թվում է, թե գրողը ճշգրիտ կերպով բարձրաձայնել է նաեւ այսօրվա խնդիրների մասին։
Հրանտ Մաթեւոսյանի պարզ ու շիտակ խոսքերը այսօր էլ կարող են օգնել շատերին եւ մտածելու տեղիք տալ։ Եթե դուք անորոշության մեջ եք եւ չգիտեք՝ ինչ անել, ապա դրա մասին էլ է գրել Մաթեւոսյանը. «Ճշմարտությունը քոնն է, հաղթանակը՝ քոնը, ապագան՝ քոնը։ Ճշմարիտը դու ես հաղթողը՝ դու, ապագայի տերը՝ դու…»։
գ Ժամանակը նույնքան առարկայական է, ինչքան առարկայական է ողջ աշխարհը: Երբ դարասկզբի կերպարը դնում ես այսօրվա կերպարի կողքին՝ պարզվում է, որ ժամանակը առարկայական է շոշափելիորեն, ինչպես այս ծառը, այս արտը, այս հայրենիքը, որոնցից կարելի է հեռանալ, որոնց կարելի է մոտենալ:
գ Պետք է մտածեինք պահանջատիրոջ մասին եւ ոչ պահանջատիրության: Պետք է սիրեինք այս Հայրենիքը, հոգայինք այսօրվա հոգսը: Այլապես, հնարավոր է, վաղը պահանջատիրությունը բավարարվի՝ մեջտեղը պահանջատեր չլինի, մանավանդ որ այսպես մի անգամ արդեն եղել է. ձեզ Երզնկայից Շուշի երկիր ենք տալիս, բայց ժողովուրդ չունեք։
. Մարդ չպետք է այնքան քաղցր լինի, որ կուլ տան… ոչ էլ այնքան դառը, որ թքեն։
. Մարդ ու անասուն իրարից հիշողությունով են ջոկվում, ես հիշողություն ունեմ:
. Լավերը շուտ են մեռնում։ Վատերը տնքտնքում են ու չեն մեռնում….
. Չասելով ասելը, երեւի, ավելի մեծ իմացություն ու կուլտուրա է պահանջում։
Կարդալով Հրանտ Մաթեւոսյանի տողերը, թվում է, թե կարդում ես այսօրվա մասին, ապրում ու զգում ամեն տողը։
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
ՀԱՅ ԱԹԼԵՏՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
Հայաստանի աթլետիկայի հավաքականի համար 2025 թվականի մրցաշրջանը կմեկնարկի Բալկանյան երկրների ձմեռային առաջնությամբ: Այս մասին ասել է Հայաստանի աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանը: «2025 թվականի առաջին մրցաշարը, որին մասնակցում ենք, Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունն է: Մարտին կայանալու է Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցենք 2 մարզիկով: Իսկ ահա մայիսին Արտաշատում կկայանա Հայաստանի առաջնությունը», – ասել է նա։
Հայաստանի աթլետիկայի հավաքականը Բալկանյանը երկրների ձմեռային առաջնությանը կմասնակցի 6 մարզիկով` Երվանդ Մկրտչյան (վազք), Ռազմիկ Ղազարյան (եռացատկ), Գոռ Հովակիմյան (եռացատկ), Յանա Սարգսյանը (հեռացատկ, եռացատկ), Իզաբելլա Առաքելյան (հեռացատկ): Մարզիչները կլինեն հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանն ու մարզիչ Արսեն Պետրոսյանը:
Առաջնությունը կկայանա Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում եւ կմեկնարկի փետրվարի 15-ին։
ՆՈՐ ԵՐԳ ԵՎ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
Փետրվարի 11-ին՝ Սիրո տոներին ընդառաջ, երգչուհի Իվետա Մուկուչյանը ներկայացրել է իր նոր՝ «Սիրում եմ» աշխատանքը, որն առաջինը դիտելու հնարավորություն ունեցան տեսահոլովակի առիթով կազմակերպած փակ դիտման հյուրերը:
«Ես ու Սերժոն դեռ տարիներ առաջ ցանկանում էինք Ապո Սարգսյանի «Սիրտս խփում է» երգը նոր շնչով ներկայացնել: Առհասարակ, ռետրո ծրագիր ներկայացնելու միտք ունենք: Ոչ միայն այս երգը, այլ նաեւ մտադրություն ունեինք ռետրո ծրագիր իրականացնել «Դաշտերով» նախագծից հետո: Սերժոն «Դաշտերով» ալբոմի հեղինակն է ու գործիքավորել է «Դաշտերով», «Նինո», «Ղափամա» եւ այլ ստեղծագործություններ, որոնք իմ եւ Արամ Mp3-ի կատարմամբ առաջատար էին ու իսկապես շատ էին սիրվել հանրության կողմից: Մինչ այդ էլ Սերժոյի հետ նոր ոճով «Արի յար» ու «Հարս» տեսահոլովակներն էինք նկարահանել: Վստահ եմ՝ կրկին փոխելու ենք Հայաստանի երաժշտական ռիթմը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Իվետա Մուկուչյանը: Իվետան խոստովանել է, որ ռիսկային քայլի էր գնացել, քանի որ վստահել էր հանրության համար ոչ հայտնի ռեժիսորի՝ Ալբերտ Սարգսյանին, սակայն վերջինս լիովին իրականացրել է իր առջեւ դրված բոլոր խնդիրները՝ ստանալով ֆիլմ հիշեցնող համարձակ ու վառ տեսահոլովակ: Ի դեպ, Ալբերտը նաեւ բեմադրող օպերատորն է:
Հավելենք, որ երաժշտական պրոդյուսերը Սերժոն է: Ռեժիսորն ու օպերատորը՝ Ալբերտ Սարգսյանը: Նախագծի դիզայները Ալբերտ Գրիգորյանն է, մոնտաժն ու գունամշակումն իրականացրել է Տիգրան Վանյանը: Խորեոգրաֆիայի հեղինակները Աիդա Սիմոնն ու Հասմիկ Թանգյանն են: Պրոդյուսերը Ալեքսանդր Մհերյանն է:
Ա. ՍՐԱՊԻՈՆՅԱՆ























