
Քրեական բարքերը շարունակում են խորանալ մեր հասարակության մեջ, որքան էլ որ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ամբիոններից հայտարարում է քրեական ենթամշակույթի անթույլատրելիության մասին:
ArmLur.am-ը հերթական ահազանգերն է ստանում Նորագավիթ վարչական շրջանից: Իսկ ինչն է խնդիրը. 2024 թվականի հունիսի 13-ին Նորագավիթի նույնանուն՝ Նորագավիթ թաղամասում գտնվող սուպերմարկետի մոտ հայտնաբերվել է նույն թաղամասի 26-ամյա բնակիչ Մհեր Խաչատրյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Քննությամբ պարզվել է, որ երիտասարդը սպանվել է մի խումբ անձանց կողմից, ովքեր զինված են եղել ատրճանակով եւ ինքնաձիգով, ինչպես նաեւ դեպքի վայրում գտնված եւ ակտիվ դերակատարում ունեցող մի խումբ անձանց կողմից, որոնք եղել են կացնով եւ մահակներով։ Ակնհայտ է, որ այս սպանությունը ունեցել է նախապատմություն, սակայն իրավապահները չեն կարողացել ժամանակին տիրապետել օպերատիվ իրավիճակին՝ կանխելու ու նախականխելու հնարավոր հանցանքը:
Այս ուշագրավ դեպքի մասին ArmLur.am-ին նորագավիթցիները ահազանգեցին, որ սպանված Մհեր Խաչատրյանի շուրջ առեղծվածային իրադարձություններ են եղել: Մասնավորապես, մինչ սպանությունը Մհեր Խաչատրյանը վիճաբանել է 140 դպրոցի ուսուցիչ Դովլաթյանի թոռ Արթուրի հետ ու նրան դանակահարել են, սակայն գործը չի հասել իրավապահներին:
Դեպքից առաջ՝ Մհեր Խաչատրյանի մեքենայի վրա գազ տեղադրելուց հետո, Մհերը Խաչատրյանը նկատել է, որ մեքենայի վրայից պոկված դետալ կա: Ավելի ուշ պարզել է, որ այդ դետալը պայթուցիկ սարք է: Անգամ Նորագավիթում հիշում են, որ Մհերը մշտապես եղել է զինված, քանի որ մտերիմներին բացատրել է, թե իրեն հետեւում են ու ցանկանում վնասել: Նաեւ դրա համար է, որ ընկերները ուղեկցել են Մհերին, դուրս գալուց առաջ էլ ստուգել են տարածքը՝ հասկանալու՝ հետեւողներ կան, թե ոչ:
Ըստ ամենայնի՝ նա ոսկրի պես շատերի կոկորդին է մնացած եղել:
ArmLur.am-ին զանգահարած քաղաքացիները պատմեցին, որ դեպքից առաջ Մհերը մեքենան տարել է նորոգելու Նորագավիթում՝ Էրիկի ու Դավոյի մոտ, ովքեր նորոգման ժամանակ հայտնաբերել են նրա մեքենայում նաեւ տեղեկություններ հավաքագրող սարքեր: Դեպքի մասին տեղյակ են եղել Մհերի ընտանիքի անդամները, հորեղբոր որդիները եւ ընկերները, ինչպես նաեւ քույրը: Իսկ թե ինչու իրավապահները ոչինչ չեն արել՝ իրենց անպատժելիությամբ նպաստելով եւս մեկ հանցանքի, բարդ է ասել: Բայց փաստ է, որ մեկի կյանքը խլվեց, մյուսինը՝ սպանողինը, խեղվեց անպատժելիության հետեւանքով: Ու այսօր իրավապահ մարմինները կենտրոնացել են ու քննում են մեքենան արագ քշելու հանգամանքից առաջացած վեճի դեպքը, մինչդեռ պատմությունը խոր արմատներ ունի:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԵՐԳԻՉԸ ԴԻՄԵԼ Է ԴԱՏԱՎՈՐԻՆ
2025 թվականի փետրվարի 6-ին երգիչ Սարո Թովմասյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ ըննդեմ ՀՀ պարեկային ծառայության՝ 2024 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին: ArmLur.am-ը տեղեկացավ, որ միջնորդությամբ, մասնավորապես, նշել է, որ զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 2 տարի ժամկետով։ Վերջինս աշխատում է, եւ աշխատանքի արդյունավետ կազմակերպման եւ կատարման համար առաջնային պայման է հանդիսանում մեքենա վարելը, առանց որի անհնար կլինի իրականացնել աշխատանքային գործունեությունը։
Այսինքն՝ հայցվորի ընտանիքի եկամտի միակ աղբյուրը հայցվորի աշխատանքն է, որից վերջինս փաստացի կարող է զրկվել՝ կապված վիճարկվող վարչական ակտի կատարման հետ, եւ որի արդյունքում վերջինս չի կարողանում պատշաճ իրականացնել իր աշխատանքային պարտականությունները, ինչպես նաեւ հոգալ իր խնամքի տակ գտնվող անձանց համար անհրաժեշտ մինիմալ ծախսերը։ Նշել է նաեւ, որ վարչական ակտի կատարումը զգալի վնաս կարող է պատճառել հայցվորին, քանի որ վերջինս դրա արդյունքում զրկվում է իր եկամտի միակ աղբյուրը հանդիսացող աշխատանքից, եւ որն էլ հենց խոչընդոտում է իր խնամքին գտնվող անձանց խնամքը պատշաճ իրականացնելուն։ Քննարկելով հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը՝ դատարանը մերժել է երգչին։ Հիշեցենք, որ Սարո Թովմասյանին Պարեկային ծառայության աշխատակիցները կանգնեցրել են ու զրկել են վարորդական իրավունքից: Վերջինս դատարան է դիմել հունվարի 29-ին ու բողոքարկում է պարեկային ծառայության որոշումը:
ԱՊՕՐԻՆԻ ԶԵՆՔ Է ՈՒՆԵՑԵԼ
Համայնքային ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները ապօրինի զենք պահելու եւ կրելու կասկածանքով «Բարեկամություն» կայարանի նախասրահում ձերբակալել եւ բաժին են տեղափոխել Էջմիածին քաղաքի բնակիչ 21-ամյա երիտասարդին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 3 փամփուշտով լիցքավորված գազային ատրճանակ եւ գաղտնի փականով դանակ: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
ՍՏՈՒԳՈՒՄ՝ 5 ՄԱՍՆԱՃՅՈՒՂՈՒՄ
ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը ներկայացրել է 2024թ. վերահսկողության արդյունքները: Իրականացվել է 5 ստուգում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 5 մասնաճյուղում: Արձանագրվել է 916 իրավախախտման դեպք, 13,013 ապօրինի հատված ծառ, 3,778.5 խմ ապօրինի փայտանյութ: Կիրառվել է 293 վարչական տույժ, 29,910,000դր տուգանք: Հաշվարկվել է 1,136,214,472 դր. պատճառված վնաս: Վայրի կենդանիների արտահանման, պահման պայմանների խախտման եւ ապօրինի որսի՝ 62 դեպք: Առգրավվել է 7 զենք, 50 փամփուշտ, 73 լողամիջոց, 923 ձկնորսական ցանց 2,589 խեցգետնորսիչ:
ԿԻՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
Փետրվարի 12-ին՝ գիշերը ժամը 3-ին, Լճաշեն բնակավայրի «Սովխոզի» բնակելի շենքում օգնության կանչեր են լսվել՝ «փրկեք մարդ է մահանում»։ Արդյունքում, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նշված բնակարանում ապրել են հնդկաստանի քաղաքացիներ։ Հնդկաստանի քաղաքացի Տ.Ա.-ն պատմել է, որ սեռական հարաբերությունների շուրջ ունեցած տարաձայնությունների պատճառով վիճել է ընկերոջ հետ ու ծագած վեճի ընթացքում ընկերը ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին, որից հետո Տ.Ա.-ն ծծմբաթթուն լցրել է ընկերոջ մարմնին, ով «Սեւան» հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է։ Կինը ձերբակալվել է։
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ