
Երեւանյան փողոցները համալրվել են աշխարհահռչակ սթրիթ արտիստ Ալեք Մոնոպոլիի ինքնատիպ ստեղծագործություններով: Ալեք Մոնոպոլի անվամբ հայտնի ազգությամբ հայ Ալեք Անդոնը սթրիթ արտիստ է եւ դիջեյ՝ ծագումով Նյու Յորքից։ Ինքնությունը թաքցնելու համար նրան հատուկ է դեմքը ձեռքով ծածկելը կամ բժշկական դիմակ կրելը: Առավել հայտնի է Parker Brothers-ի «Մոնոպոլիա» սեղանի խաղի «Mr. Monopoly» կերպարի օգտագործմամբ, որին պատկերում է սմոկինգով եւ գլխարկով:
Հունվարի 18-20-ը Ալեք Մոնոպոլին «Ֆասթեքսի» համահիմնադիր Վիգեն Բադալյանի հրավերով հյուրընկալվել էր Հայաստան եւ նվեր մատուցել Երեւան քաղաքին՝ սիրված կերպարը նկարելով Թումանյան 31 հասցեում գտնվող սպիտակ բարձրահարկ շենքի կողային հատվածում եւ Սարյան 6 հասցեում գտնվող «Տապաստան» ռեստորանի դռան կողքի պատի վրա:
Նկարչի ստեղծագործություններում վառ արտահայտված է ուրբանիստական բնույթը: Աշխատել է տարբեր միջավայրերում՝ Մայամի, Լոս Անջելես, Մեքսիկա, Եվրոպա եւ Ասիա՝ օգտագործելով տարատեսակ նյութեր, այդ թվում՝ տրաֆարետներ, ներկեր, էպոքսիդներ, լաքեր եւ թերթեր, եւ պատկերելով փոփ մշակույթի բազմաթիվ կերպարներ: Ալեք Մոնոպոլիի մենաշնորհային գործերը գնել են այնպիսի նշանավոր մարդիկ, ինչպիսիք են՝ Ֆիլիպ Փլեյնը, Մայլի Սայրուսը, Ռոբին Թիքը, Սնուփ Դոգը, Սեթ Ռոգենը, Էդրիեն Բրոուդին, Իգի Ազալիան եւ այլք։ Մոնոպոլին համագործակցել է նաեւ հայտնի բրենդների՝ TAG Heuer-ի, Dom Perignon-ի, Philipp Plein-ի, Hermes-ի հետ:
Սթրիթ արթի արքան նկարել է նաեւ 4 AKNEYE քանդակի վրա, որոնք այժմ գտնվում են Միացյալ Էմիրություններում: 2024 թվականի դեկտեմբերին Ռաս-Ալ Խայմայում տեղի ունեցած Harmony Meetup VI-ի շրջանակում ներկաները հնարավորություն ունեցան վայելելու արտիստի ֆենոմենալ արվեստի կենդանի ցուցադրությունը քանդակների վրա, ինչը նշանավորեց Ալեքի եւ AKNEYE-ի ուշագրավ համագործակցությունը:
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ եւ հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը եւ ftNFT-ն՝ իր հարթակներով եւ ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաեւ YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։ Fastex-ը կարեւորում է անվտանգ եւ հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետեւելով ոլորտի միտումներին:
ԳՈՒՅՔԸ ԿՕՏԱՐՎԻ
Պետական գույքն օտարելու մասին որոշում է կայացվել: Խոսքը Երեւանի Իսակովի պողոտա 17/2, 17/5, 17/6 եւ 17/7 հասցեներում գտնվող հողամասերի մասին է, որոնք կօտարվեն դասական աճուրդով: Աճուրդով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը սահմանվել է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ համաձայն որոշման նախագծի հավելվածի։ Ըստ այդմ, 4 հողամասերի արժեքներն են 2,78 մլրդ դրամ, 544 մլն դրամ, 1 մլրդ դրամ եւ 2,84 մլրդ դրամ:
Նախագծով գնորդը պարտավորվում է վճարել նաեւ գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը՝ համաձայն որոշման նախագծի հավելվածի (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը), որը ենթակա է վճարման աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից մեկամսյա ժամկետում՝ «Գույքի գնահատման եւ աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան հաշվին եւ չի համարվում գույքի վաճառքի գնի մաս։
ԱՌԱՆՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման եւ փոխանակման մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման առաջարկին։
Հուշագիրը նախատեսում է, որ Հայաստանի եւ ԱՄԷ քաղաքացիները՝ ոչ բնակության նպատակով ժամանելու դեպքում, կարող են առանց լրացուցիչ քննությունների օգտվել իրենց ունեցած վարորդական վկայականից։ Իսկ բնակության նպատակով ժամանող քաղաքացիների դեպքում կդյուրացվի վարորդական վկայականի փոխանակման գործընթացը, եւ նրանք կազատվեն տեսական եւ գործնական քննություններից։ Երկու երկրների վարորդական վկայականները կճանաչվեն առանց լրացուցիչ ընթացակարգերի՝ չվերահաստատելով դրանց վավերականությունը։ ՀՀ կամ ԱՄԷ-ում բնակության իրավունք ստացած անձինք կարող են իրենց երկրի վարորդական վկայականը փոխանակել առանց քննության։ Հուշագրի շրջանակում հաշվի են առնվելու վարորդական վկայականների տարիքային սահմանափակումները, որոնք սահմանված են երկու երկրների օրենսդրությամբ։ ՀՀ ներքին գործերի նախարարության համաձայն՝ այս համաձայնագիրը նպաստելու է երկու երկրների միջեւ տրանսպորտային ոլորտի համագործակցության զարգացմանը, ինչպես նաեւ առավել հարմարավետ պայմաններ կապահովվեն Հայաստանում բնակություն հաստատած ԱՄԷ քաղաքացիների եւ ԱՄԷ-ում ապրող հայերի համար։ Հուշագիրը կնպաստի նաեւ Հայաստանի կառավարության՝ 2021-2026 թվականների ծրագրի արտաքին քաղաքական ուղղությունների իրականացմանը, մասնավորապես՝ Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրների հետ փոխգործակցության ընդլայնմանը։
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
«44-օրյա պատերազմից չհուղարկավորված մարմիններից փոքրաթիվ դեպքեր կան, որ վերջին շրջանում հուղարկավորել ենք, աշխատանքներն այս ուղղությամբ շարունակվում են», – ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա հավելել է. «Միջգերատեսչական խմբի շրջանակներում ամեն մարդ իր գործառույթները տանում է, որպեսզի այս գործընթացում հնարավորինս ճիշտ եւ բոլոր հանգամանքները հաշվի առնելով կարողանանք ի վերջո բոլոր աճյունները հուղարկավորել»։
Նախարարը պարզաբանել է, որ իր թվարկածների դեպքում ծնողներն են իրենց համաձայնությունը տվել եւ հուղարկավորությունն էլ իրենք են արել. «Այն դեպքերում, երբ նույնականացումն իրականացվել է, բայց ծնողները, հարազատները չեն ընդունում արդյունքները, այս մասով դեռ աշխատանքները շարունակվում են։ Երբ քննարկման արդյունքը լինի, ես իմ լիազորությունների շրջանակում տեղյակ կպահեմ»։
ԿԱՅԱՑԵԼ Է «ՖԱՍԹ» ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ
«Ֆասթ» բանկի աջակցությամբ Բարդերի ակումբի հեղինակ կատարողներն օրերս Ազգային Տիկնիկային թատրոնում իրականացրել են բարեգործական երեկո։ Բարդերի ակումբի այս տարվա առաջին համերգի հասույթն ուղղվելու է «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությանը: Համերգին հնչել են Վախթանգ Հարությունյանի, Արմինե Հայրապետյանի, Էդուարդ Զորիկյանի, Լիլիթ Բլեյանի եւ այլոց կատարումները: Բարդերի ակումբի հիմնադիր, երգահան Վախթանգ Հարությունյանն ասել է. «Շատ շնորհակալ եմ, որ «ֆասթ» բանկն իր քաղաքականության մեջ ինտեգրել է մշակութային քաղաքականությունը: Այս համերգային ծրագիրը, իհարկե, բացառություն չէ, քանի որ աջակցությունը «Ֆասթ» բանկինն է: Եվ այդ աջակցությունն է, որի շնորհիվ մենք այս դահլիճում հավաքված տոմսի գումարները կկարողանանք ուղղել մշակութային երեւույթից դուրս՝ սոցիալական տարբեր խոցելիություն ունեցող հարթակներ»: «Ֆասթ» բանկի օժանդակությամբ կայացած միջոցառումը հնարավորություն կտա աջակցել «Օգնենք հայ մանուկներին» ՀԿ-ի շահառու երեք երեխաների՝ իրենց շարունակական թերապիայի եւ առողջության բարելավման հարցում։ «Ֆասթ» բանկը կարեւորում է ոչ միայն հեղինակ կատարողների ստեղծագործական առաջընթացն ու գործունեության իրականացումը, այլեւ հայկական հեղինակային երգի ավանդույթների պահպանումը՝ միաժամանակ մասնակից դառնալով բարեգործությանը: «Ֆասթ» բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաեւ բանկի հավելվածը։