«ԵՍ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄԻՔՍ ԵՄ». ԱԹԵՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2025 թվականի «Եվրատեսիլ» երգի մրցույթին շատ քիչ ժամանակ է մնացել։ Երգի մրցույթի համար այս տարի հայկական կողմից մասնակցում են 12 թեկնածուներ. իսկ դա նշանակում է, որ ամեն բան թեժ է անցնելու։ Եվրատեսիլի հայկական պատվիրակի անունը կորոշվի փետրվարի 16-ին մրցույթի միջոցով։ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայաստանի պատվիրակներից Աթենա Մանուկյանի հետ, ով շատերի սրտերը գրավել է ոչ միայն իր հրապուրիչ տեսքով, այլև հեքիաթային ձայնով:

 

-Աթենա՛, բավականին հետաքրքիր եւ հիշվող անուն ունեք, նույնիսկ՝ անսովոր։ Որտեղի՞ց եք ծնունդով, ինչպե՞ս եւ ո՞վ է որոշել Ձեր անունը։

-Ծնողներս են որոշել իմ անունը: Աթենան հունական անուն է, Մանուկյանը՝ հայկական ազգանուն, եւ սա իսկապես լավ միքս է։

-Ո՞ր տարիքից եք զբաղվում երգով եւ ո՞ր լեզվով եք նախընտրում երգել։

-12 տարեկանից սկսել եմ ելույթներ ունենալ։ Ես մասնակցեցի մի հեռուստատեսային շոուի եւ հաղթեցի մրցույթում։ 13 տարեկանում ես մասնակցեցի մանկական «Եվրատեսիլին» Հունաստանում եւ 16 տարեկանից սկսեցի ելույթներ ունենալ տարբեր ակումբներում՝ հանդես գալով տարբեր միջոցառումների շրջանակներում։

-Ձեր կյանքը 10 տարի անց որտե՞ղ եք պատկերացնում՝ ՀՀ-ո՞ւմ, թե՞ Աթենքում։ Ո՞ր երկիրն եք առավել նախընտրում։

-Ես նույնիսկ չեմ կարող ասել, թե իմ կյանքը ինչ տեսք կունենա վեց ամիս անց, սակայն վստահ կարող եմ ասել, որ կարող եմ լինել հաջողակ իմ կյանքում եւ կարիերայում։

-Դեռ 2020 թվականից շատերի սրտերն ուղղակիորեն գրավել եք եւ 5 տարի շարունակ շատերն էին սպասում Ձեր վերադարձին «Դեպի Եվրատեսիլ»։ Ինչպե՞ս ստացվեց, որ մասնակցում եք, ինչպե՞ս այդ որոշմանը եկաք։

-Ես նախկինում արդեն այս մասին ասել եմ եւ հիմա էլ ասեմ, որ մենք կարծես չավարտված բիզնես ունենք այստեղ, եւ ամեն բան իր ժամանակն ունի:

-5 տարի առաջ նշել եք, որ «Դեպի Եվրատեսիլում» չհաղթելու դեպքում՝ Ձեր ուժերը փորձելու եք հայկական շոու բիզնեսում։ Ինչպե՞ս եք այժմ ինքնադրսեւորվում հայկական շոու բիզում եւ ի՞նչ բացեր եք նկատում։

-Ես կարող եմ խոսել Հայաստանի ավանդույթների մասին եւ այն որակի մասին, որն առհասարակ պահում են շոու բիզնեսում երաժշտության մեջ։ Լավ կլիներ, որ հայկական շոու բիզնեսում այնպիսի արտիստ լիներ, որ փոփ երաժշտությունը ներկայացներ հանրությանը։ Ես կարծում եմ, որ «Եվրատեսիլը» կարող է դա իրականություն դարձնել, այսինքն՝ լինի փոփ արտիստ, որը կներկայացնի Հայաստանը։

-Կարելի՞ է ենթադրել, որ դեռ 2008 թվականին, երբ մասնակցում էիք Հունաստանի մանկական «Եվրատեսիլին», այդ ժամանակից ամեն բան սկսվեց։

-Եվրատեսիլյան իմ ճանապարհորդությունը սկսվեց 13 տարեկանում եւ, կարծես թե, շարունակվեց այն ժամանակ, երբ ես 2015-ին եկա Հայաստան ու ելույթ ունեցա Հայաստանում, սակայն ոչ «Եվրատեսիլի» համար։ 2015-ից սկսած՝ հայ ժողովուրդը ցանկանում էր, որ ես Հայաստանը ներկայացնեմ եվրատեսլի շրջանակում։ Ամեն բան առաջին անգամ տեղի ունեցավ 2020 թվականին։

-Այս տարի պայքարը «Եվրատեսիլում», կարելի է ասել, թեժ է լինելու, քանի որ 12 մասնակիցներ կան։ Ինչպե՞ս եք տրամադրված եւ ի՞նչ ակնկալիքներ ունեք։

-Ես մշտապես լավ եմ տրամադրված եւ մշտապես աշխատում եմ, որ ամեն բան լավ լինի, այսինքն՝ իմ ամբողջ ներուժն ու աշխատանքն ուղղված են լավ արդյունքի։ «Դաքուինեյշն» երգը, որով ես հանդես եմ գալիս «Դեպի Եվրատեսիլի» նախընտրական փուլում, գրել եմ 5 տարի առաջ՝ արդեն հստակ ու վիզուալ պատկերացնելով, թե ինչպիսին է այն լինելու. այդպես էր նաեւ «Չեյզ օն յու» երգի պարագայում, որը 2020 թվականի նախընտրական փուլում էր արդեն ներկայացված, բառերի հեղինակը ես եմ, եւ երգը համատեղ գրվել է ԴիՋեյ Պակոյի հետ։ Այն իմ կյանքի մասին է, կարծես լինի կյանքի դասերի վերաբերյալ։ Ինձ համար շատ էմոցիոնալ երգ է այն, քանի որ վերաբերում է բոլոր այն խոչընդոտներին եւ խնդիրներին, որոնց ես բախվել եմ այս ամբողջ ընթացքում։

-Ունե՞ք մասնակիցներից Ձեր ֆավորիտին եւ ո՞ւմ եք համարում Ձեզ մրցակից։

-Մեզնից յուրաքանչյուրը տարբեր պատմություններ է ներկայացնում, եւ մեզնից յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ ձայնը։ Կարեւորն այն է, որ ամեն մեկս պատմելու է իր սեփական՝ յուրահատուկ պատմությունը, եւ կարծում եմ՝ մեզնից ոչ ոք այս փուլը չի դիտարկում որպես մրցակցություն։

Զրուցեց ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆԸ

 

 

 

ԴԵՐԱՍԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԱՄՆ

«Փահլեւան» մոնոներկայացումը հասավ ԱՄՆ։  Դերասան Ռաֆայել Երանոսյանը մեկնում է ԱՄՆ, որտեղ էլ մարտի 14-ին կկայանա «Փահլեվան» մոնոներկայացումը։ Դերասանն իր ինստագրամյան եւ ֆեյսբուքյան էջերում հրապարակում է արել այդ մասին, որին կից գրել է. «Դե՜ ինչ, ԱՄՆ-ում բնակվող շատ սիրելի հայրենակիցնե՛ր, հանդիպում ենք մարտի 14-ին Փասադենայում»։ Հավելենք, որ Ռաֆայել Երանոսյանը իր մոնոներկայացմամբ շրջագայել է Եվրոպայի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Բարսելոնայում, Լիոնում, Համբուրգում եւ մի շարք այլ քաղաքներում։ Նշենք, որ 2024 թվականի վերջին «Փահլեվան» ներկայացումը կայացավ դեկտեմբերի 28-ին «Բոհեմ» Թատրոնում։

Ա.  ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 

 

ՊԱՏԱՍԽԱՆ ՉԿԱ

ԿԳՄՍ  նախարարությունը դիմել է «Դոպինգ Սփեյս» ընկերությանը՝ Սնուփ Դոգին վճարած 1,8 մլն դոլար հոնորարը վերադարձնելու համար. պատասխան առայժմ չկա։

«Դիմել ենք կազմակերպությանը համապատասխան պահանջով, այս պահին սպասում ենք կազմակերպության կողմից գործողություններին։ Դեռեւս այդ գործընթացում ենք, ինքներս կիրազեկենք հենց որ անցնենք հաջորդ փուլ»,- ասել է նախարարը։ Հիշեցնենք, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի փետրվարի 4-ի թիվ 55-Ա որոշմամբ կարճել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության նկատմամբ Սնուպ Դոգի համերգի կազմակերպման նպատակով «Դոպինգ Սփեյս» ընկերությանը պետական օժանդակության տրամադրման առնչությամբ հարուցված վարույթը։ Այս մասին հայտնում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։

Ինչպես տեղեկանում ենք որոշումից, «Դոպինգ Սփեյս» ընկերությունից հայտնել են, որ համերգի չեղարկումից առաջ կատարվել էին որոշ չվերականգնվող ծախսեր, ներառյալ՝ արտիստին վճարված հոնորարը, սակայն Սնուփ Դոգը համերգի համար ստացած հոնորարը հետ է վերադարձրել։

 

 




Լրահոս