![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/480255513_938630705108481_3267130017182298288_n.jpg.webp)
Փետրվարի 14-ից 15-ը Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը մասնակցել է Ջայպուր քաղաքում կայացած «Usanas» հիմնադրամի ամենամյա աշխարհաքաղաքական երկխոսության 4-րդ համաժողովին (MPAGD 2025), որի գլխավոր հյուրն էր Հնդկաստանի ԱԳ պետնախարար Կիրտի Վարդհան Սինգհը:
Ելույթ ունենալով համաժողովի երկրորդ օրվա բացման խոսքում՝ դեսպան Վ. Աֆյանը նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու նպատակով ՀՀ կառավարությունը մշակել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Ընդգծվել է, որ որպես խաղաղության օրակարգի կարևոր մաս՝ նախաձեռնությունն ունի առանցքային նշանակություն տարածաշրջանային հաղորդակցության ուղիների վերագործարկման և զարգացման առումով և տվյալ նախագծով Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանն ու պատրաստակամությունն անցնելու գործնական քննարկումների փուլ։
Անդրադառնալով հայ-հնդկական բարեկամական հարաբերություններին՝ ներկայացվել է ՀՀ կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության համատեքստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունն այն մասին, որ Հնդկաստանի հետ Հայաստանի հարաբերությունները նոր կշիռ և իմաստ են ձեռքբերել:
ՀՀ դեսպանը նաև նշել է, որ Հայաստանն ու Հնդկաստանը, կիսելով պատմական խորը կապեր, ընդհանուր արժեքներ և տարբեր ոլորտներում համագործակցության փոխադարձ հանձնառություն, վերջին շրջանի արագ զարգացող աշխարհի մարտահրավերների և հնարավորությունների պայմաններում, խորացնում են համագործակցությունը առևտրի, պաշտպանության, կրթամշակութային փոխանակման և այլ նախաձեռնությունների ոլորտներում:
Համաժողովի պանելային քննարկումներին մասնակցում էին ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը, «Օրբելի» վերլուծական կենտրոնի և Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի (ԱՊՐԻ Արմենիա) փորձագետները: