Երեւանի քաղաքապետարանն այս տարի որոշել է Հանրապետության հրապարակում սովորականից զգալիորեն շուտ տեղադրել գլխավոր տոնածառը: Տարոն Մարգարյանի այս որոշումը քաղաքապետարանի լրատվական վարչության ղեկավարը պատճառաբանել է ավելի շուտ տոնական տրամադրություններ ստեղծելու ցանկությամբ: «Դե բոլորս էլ հոգսաշատ ենք…»,-անկեղծացել է Արթուր Գրիգորյանը: Ինչ խոսք, քաղաքապետարանի պաշտոնյան իրավացի է, եւ տոնածառը մի քանի օր շուտ դնելու մեջ որեւէ վատ բան չկա: Խնդիրն այն է, որ մենք բոլորս ոչ թե պարզապես հոգսաշատ ենք, այլ շատ, շատ հոգսաշատ ենք, ու նման իրավիճակում եթե քաղաքային իշխանությունները Երեւանի յուրաքանչյուր շենքի բակում մեկական զարդարված տոնածառ էլ դնեն, միեւնույն է, դրանով տոնական տրամադրություններ չեն ստեղծի: Բնականաբար, դա ամենից լավ հասկանում են հենց իրենք` իշխանությունները, ուստի ժողովրդին իրենց հոգսերից շեղելու եւ կուտակված դժգոհությունը լիցքաթափելու ուղղությամբ տարբեր քայլեր են անում, որոնք, սակայն, միտված են ոչ թե իրավիճակի արմատական բարեփոխմանը, այլ զուտ ժամանակ ձգելուն` մինչեւ հաջորդ ընտրություններ: Այս իմաստով հասարակական տարբեր շերտերի համար նախատեսված են զոմբիացման տարբեր մեխանիզմներ, ինչն, ի դեպ, նորություն չէ: Այսպես ասած, լյումպեն պրոլետարիատի` աշխատավորական դասի համար նախկին լոտոներին ու Տիգրան Կարապետյանին փոխարինել են ՀԴՄ խաղարկություններն ու հեռուստասերիալները, նաեւ զանազան զվարճալի-հումորային հեռուստանախագծերը: Նկատենք, որ այս ասպարեզում հայաստանյան իրականության մեջ պիոները նույն Տիգրան Կարապետյանն էր, որի «ադամանդների» ու «շոգեքարշների» փոքր-ինչ ավելի սոլիդ տարբերակն են իրականացնում այսօրվա առաջատար հեռուստաընկերությունները: Ինչ վերաբերում է հասարակության ավելի ինտելեկտուալ, քաղաքականացված շերտերին, ապա այստեղ հեռուստանախագծերը չեն կարող արդյունք տալ, քանի որ այդ շերտը պարզապես չի նայում հայկական հեռուստատեսության էժանագին շոուները: Փոխարենը նրանք մեծ ուշադրություն են դարձնում տպագիր եւ առցանց լրատվամիջոցներին` համարելով, որ այդ դաշտում դեռեւս որոշակի այլակարծություն ու խոսքի ազատություն մնացել է: Հետեւաբար, այդ շերտին էլ պետք է զոմբիացնել` օգտագործելով նրանց տեղեկատվական պահանջմունքների բավարարման հենց այդ խողովակները: Ինչն էլ քարոզչամեքենան բավական հաջող կերպով իրականացնում է: Վերջին մեկ ամսվա ընթացքում գրեթե օր չկա, որ էլեկտրոնային եւ տպագիր մամուլում որեւէ մտացածին լուր, կեղծ ինֆորմացիոն արտահոսք, լրագրողական լեզվով ասած` «ուտկա» չգցվի` քաղաքականացված զանգվածի երեւակայությունը մշտապես պահելով ինտրիգային կրքերի տիրույթում` առնվազն մինչեւ Նոր տարի, դե իսկ դրանից հետո, մինչեւ անցնեն հետտոնական տրամադրությունները, մինչեւ ժողովուրդը հայտնաբերի, որ հսկայական ծախսեր է արել Նոր տարին նշելու համար ու կրկին մնացել կոտրած տաշտակի առջեւ, արդեն կսկսվի նախընտրական փուլը եւ «Առաջ Հայաստանը»:
ՄԻՆՉԵՎ ՆՈՐ ՏԱՐԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ