![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/photo_5303546031260167770_y.jpg)
Հայաստանը «Եվրատեսիլ 2025» երգի հեղինակավոր մրցույթում կներկայացնի Պարգը՝ Survivor երգով:
Այս մասին հայտնի դարձավ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի շրջանակում կազմակերպված համերգային ծրագրից հետո, որը տեղի ունեցավ փետրվարի 16-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համերգն ուղիղ հեռարձակեց Հանրային հեռուստաընկերությունը:
Հաղթողն ընտրվեց Հանրային հեռուստաընկերության, միջազգային ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում: Նա վաստակեց 214 միավոր:
Բացի Պարգից նախագծին մասնակցում էին Աթենա Մանուկյանը, Անահիտ Ադամյանը, Անահիտը և Գասոյան, Արսեն Գրիգորյան և Կամիլ նախագիծը, Գևորգ Հարությունյանը, Մելս Դանիելյանը, Միլենա Միրիջանյանը, Սիմոնը, Սևագիրը, Ֆլորա Բիչախչյանը, ALTSIGHT-ը:
«Եվրատեսիլ 2025» երաժշտական մրցույթը տեղի կունենա մայիսին Շվեյցարիայի Բազել քաղաքում։ Շվեյցարիան «Եվրատեսիլ»-ը հյուրընկակելու իրավունքը ստացել է 2024 թվականին մրցույթում շվեյցարացի Նեմոյի հաղթանակից հետո։
«Եվրատեսիլ»-ի կիսաեզրափակիչներն ու եզրափակիչը կկայանան մայիսի 13-ին, 15-ին և 17-ին St. Jacobshalle-ի արենայում:
«Եվրատեսիլ»-ը մի քանի անգամ անցկացվել է Շվեյցարիայում։ Առաջին անգամ Շվեյցարիան մրցույթը հյուրընկալել է 1956-ին: Այն կազմակերպվել է երկրի իտալախոս Լուգանո քաղաքում, 1989 թվականին «Եվրատեսիլ»-ը կայացել է ֆրանսախոս Լոզանում, իսկ այժմ երաժշտական մրցույթն առաջին անգամ տեղի կունենա երկրի գերմանախոս մասում։