
ArmLur.am-ը գրել էր, որ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ով վերջերս նոր կուսակցություն հիմնեց, նպատակ ունի առաջիկայում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի գործընթաց սկսել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Աղազարյանը այս օրերին տարբեր հանդիպում-քննարկումներ է ունենում իր նորաստեղծ կուսակցության ներկայացուցիչների հետ, որ անվստահության գործընթաց սկսի:
ArmLur.am-ը զրուցել է Հովիկ Աղազարյանի հետ՝ պարզելու նրա առաջիկա ծրագրերը։
-Պարո՛ն Աղազարյան, կան տեղեկություններ, որ Դուք պատրաստվում եք իմպիչմենթ հայտարարել Նիկոլ Փաշինյանին, կա՞ նման հարց Ձեր օրակարգում։
-Ես չեմ ցանկանում հրապարակայնացնել իմ առաջիկա պլանների մասին։
-Բացառո՞ւմ եք, որ ԱԺ-ում նման գործընթաց կնախաձեռնեք։
-Շատ անսպասելի հարց տվեցիք, բայց պատասխանը նույնն է՝ իմ պլանների մասին չեմ խոսում։
-Պարո՛ն Աղազարյան, կարծես, չեք էլ բացառում անվստահության գործընթացը, ստացվում է, նման հարց, ամեն դեպքում, կա՞ Ձեր օրակարգում։
-Դա արդեն Ձեր ենթադրությունն է։ Ես այնքան եմ շփվել լրագրողների հետ, որ իմունիտետ ունեմ, ոնց էլ հարցը տաք, նույն պատասխանն եմ տալու։
-Պարո՛ն Աղազարյան, ամեն դեպքում, եթե նման գործընթաց սկսեք, անհրաժեշտ է լինելու, որ ՔՊ-ից ևս պատգամավորներ միանան Փաշինյանի իմպիչմենթի գործընթացին, ի՞նչ եք կարծում, Ձեր նախկին թիմակիցներից կմիանա՞ն։
-Ես իմ առաջիկա պլանների մասին չեմ խոսում։
-Ունե՞ք Նիկոլ Փաշինյանին այլընտանք թեկնածուներ, ո՞ւմ եք տեսնում վարչապետի թեկնածու։
-Ես, կարող է, չեմ տեսնում, բայց անկասկած կան, ոչ թե կա, այլ՝ կան։
-Օրինակ, անուններ կասե՞ք։
-Ոչ, չեմ ասի։
-Իսկ հնարավո՞ր է, երբ պահը գա, Ձեր թեկնածությունը առաջադրեք վարչապետի պաշտոնում։
-Ես իմ պլանների մասին չեմ ուզում ասեմ։
-Պարո՛ն Աղազարյան, արդեն տևական ժամանակ է՝ տեղեկություններ են շրջանառվում, որ Գլխավոր դատախազը ԱԺ հերթական նստաշրջանի ժամանակ Ձեզ անձեռնմխելիությունից զրկելու հարցով գալու է խորհրդարան, ի՞նչ կասեք, Դուք ի՞նչ տեղեկություններ ունեք։
-Իհարկե, հնարավոր է, պարտադիր չէ հերթական նիստ լինի, կարող է և արտահերթ նիստ հրավիրվի։
-Իսկ կբավարարվե՞ն միայն Ձեզ անձեռնմխելիությունից զրկելով, թե՞ կտանեն կալանավորման։
-Դա պայմանավորված կլինի իմ վտանգավորության և հանցավորության չափերով։
-Իսկ իշխանությունները Ձեզանից վտանգ տեսնո՞ւմ են, Փաշինյանը Ձեզ իրեն մրցակից համարո՞ւմ է։
-Ես իրենց փոխարեն չեմ կարող պատասխանել։
-Պարո՛ն Աղազարյան, իսկ Դուք Նիկոլ Փաշինյանին Ձեզ մրցակից համարո՞ւմ եք։
-Մենք ամեն ինչ անելու ենք, որ հերթական կամ արտահերթ ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը չդառնա վարչապետ։
Քրիստինա Մուշեղյան