
Մալիի արևմուտքում ոսկու արդյունահանման անօրինական հանքահորի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի: Այս մասին հաղորդել է Xinhua գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։
Վթարը տեղի է ունեցել փետրվարի 15-ին Կայեսի տարածաշրջանի Քենիբայի շրջանում գտնվող գյուղերից մեկում։ Տեղի պաշտոնյայի խոսքով՝ փլուզման պատճառ է դարձել այն, որ էքսկավատորն ընկել է ինքնաշեն հանքահոր, որտեղ մի խումբ մարդիկ զբաղված էին ոսկու որոնման աշխատանքներով։ Փրկարարական գործողությունն ավարտված է։ Ողբերգության հետևանքով, ընդհանուր առմամբ, զոհվել են 49 կին և մեկ տղամարդ։
Մալիի վարչապետ Աբդուլայե Մայիգան փետրվարի 16-ի երեկոյան հայտարարել է, որ կառավարությունը խիստ միջոցներ կձեռնարկի հանքահորում կատարվածի առնչությամբ: