Ռոբերտ Քոչարյանն ամեն գնով Մինսկի խումբը պահելու անհրաժեշտություն է տեսնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանն ամեն գնով ԵԱՀԿ Մինսկի խումբը պահելու անհրաժեշտություն է տեսնում: Քոչարյանը նման տեսակետ հայտնեց իր ասուլիսում:

«Ամեն գնով պետք է պահել Մինսկի խումբը, որովհետև, եթե հիմա Մինսկի խումբը լուծարվի, չափազանց դժվար կլինի այդ կարգի նոր միջազգային ֆորմատ ունենալ»,–ասաց Քոչարյանը՝ հարց հնչեցնելով, թե Մինսկի խումբն այսօր ինչո՞վ է խանգարում:

Նա շեշտեց՝ Մինսկի խումբը ստեղծվել է որպես բանակցային ֆորմատ, և կարող է մնալ։

Ըստ Քոչարյանի՝ միայն այլ աշխատող բանակցային ֆորմատ ստեղծելուց հետո կարելի է այն լուծարել:

Մինսկի խումբը լուծարելու առաջարկը ներկայացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ 

«Արմենպրես»–ի հետ հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, թե ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու գաղափարի վերաբերյալ՝ պատասխանել էր՝ կառուցողական: Նա ընդգծել էր՝ Հայաստանը հասկանում է այն դիրքորոշումը, որ եթե չկա կոնֆլիկտ, ինչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձեւաչափի գոյությունը: Բայց նաև շեշտել էր՝ կարևոր է համոզվել, որ հենց այս նույն տրամաբանությամբ է հարցին մոտենում Ադրբեջանը, և նրա մղումը, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի զարգացմամբ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն իրագործելը չէ։ 




Լրահոս