
Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում որոշվեց, թե ով է ներկայացնելու Հայաստանը «Դեպի Եվրատեսիլ» երգի մրցույթում Շվեյցարիայի Բազել քաղաքում։
Քվեարկությունների արդյունքում պարզ դարձավ, որ Հայաստանը «Դեպի Եվրատեսիլ» մրցույթում ներկայացնելու է Պարգը։
Ինչքան էլ այդ փաստն ուրախալի է շատերի համար, միևնույն ժամանակ նաև տխրեցրել է մնացած մասնակիցների երկրպագուներին։
Գանք ամենասկզբից։
Ի սկզբանե եղել են կարծիքներ, որ երգի մրցույթին պետք է մասնակցեր Աթենա Մանուկյանը, ով 2020 թվականի կորոնավիրուսի պատճառով այդպես էլ չմասնակցեց մրցույթին։ Շատ երկրպագուների պնդմամբ՝ 2020-ին չմասնակցելու պատճառով էլ պետք է Աթենան ներկայացներ Հայաստանը մրցույթին, քանի որ անարդար կերպով է ամեն բան կազմակերպված, սակայն ունենք այն, ինչ ունենք։
Մրցույթի քննադատներից շատերը, որոնք «Դեպի Եվրատեսիլը» համարում են զուտ քաղաքական շոու, այն կարծիքին են, որ այս տարի մասնակիցների մեծամասնությունը անհայտ դեմքեր էին։
Հանդիսատեսների համար փոքր ինչ անհայտ էին նաև Գևորգ Հարությունյանը, Միլենա Միրիջանյանը, «Սևագիր» խումբը, «Altsight» խումբը, որոնց մասին անգամ ինֆորմացիան քիչ է համացանցում։ Չնայած այն հանգամանքին, որ թե՛ արտիստները, թե՛ խմբերը ունեն ոկալային հիանալի հմտություններ, հաղթել են տարբեր մրցույթներում և ունեն հետաքրքիր երգեր, այնուամենայնիվ հանրության որոշ մասի կարծիքով նրանք Եվրատեսիլ երգի մրցույթի համար չէին։
Անցնելով մնացած մասնակիցներին, նշենք, որ շատերի համար անսպասելի էր Արսեն Գրիգորյանի և Կամիլի մասնակցությունը մրցույթին։ Ի դեպ, շատերի կարծիքով Կամիլը Արսեն Գրիգորյանի կերտած հայտնի Կամիլն էր, սակայն անակնկալները այլ էին։ Շատ երկրպագուների տխրեցրեց Արսեն Գրիգորյանի չանցնելը, սակայն այն հանգամանքը, որ երգիչը փայլել է բեմում՝ դա անհերքելի փաստ է։
Ֆլորա Բիչախչյանը, ում կարելի է հիշել ռուսական «Ну-ка, все вместе!» երգի մրցույթից, նույնպես հրաշալի ելույթ է ունեցել, սակայն կրկին քննադատների կարծիքով երգը չէր համապատասխանում մրցույթի ստանդարտներին։
Եվրատեսիլի շատ քննարկված դեմքերը հատկապես տղաներն են, այդ թվում՝ Մելսը, ում պարի հեղինակը, ի դեպ, պարուհի Վիկա Մարտիրոսյանն էր, ով վաղուց հանրայինում վաղուց չէր երևում։ Ի դեպ, Մելսի երկրպագուները ևս շատ էին, սակայն դա ոչինչ չփոխեց։
Սիմոնը, ով ժյուրիի քվեարկությամբ առաջին հորիզոնականում էր, կարող էր ներկայացնել Հայաստանը, սակայն ամեն բան փոխել է հանդիսատեսի քվեարկությունը։ Սիմոնը գրավել էր շատերի սրտերը, և այս ամենը ևս անարդարություն են համարում երկրպագուները։
Զույգերից Անահիտ Հակոբյանն ու Գասոյան ևս պայթյունավտանգ իրավիճակ են ստեղծել բեմում։ Դուետն իր ելույթով դեռ ամենասկզբից անտարբեր չի թողել երկրպագուներին և ուներ շանսեր մասնակցելու Եվրատեսիլին։ Հանդիսատեսի և քննադատների կարծիքով Անահիտը կարծես Լիլիթ Հովհաննիսյանի կրկնօրինակը լինի, ինչը, ի զարմանս շատերի, վատ քննադատությունների չի արժանացել։
Ինչ վերաբերում է Անահիտ Ադամյանին, ով Աշոտ Ղազարյանի թոռնուհին է, նա ևս լավ ելույթ ունեցավ, սակայն կրկին քննադատների կարծիքով նրա ձայնը «Եվրատեսիլի ձայն չէ», քանի որ բարակ է։ Ի դեպ, երկրպագուները Անահիտին համարում են հայկական Արիանա Գրանդե։
Այսպիսով, թե ինչ կլինի Եվրատեսիլին, ինչ արդյունքներ կբերի Պարգը և արդյո՞ք ճիշտ է նրա մասնակցությունը Եվրատեսիլին, մնում է միայն հետևել զարգացումներին և նոր թեժ քննարկումներին։
Աննա Սրապիոնյան