
ArmLur.am-ի զրուցակիցը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանն է։
-Պարո՛ն Սարուխանյան, Գյումրու ընտրություններին մոտ մեկ ամիս է մնացել, տարբեր դեմքեր, որոնք Գյումրիում ճանաչում ունեն, գյումրեցիների կողմից սիրված են, իրենց թեկնածությունն առաջադրել են՝ Ռուբեն Մխիթարյան, Վարդան Ղուկասյան, Մարտուն Գրիգորյան և այլք։ Ի՞նչ սպասումներ կան այս ընտրություններին, ՔՊ-ն ո՞ւմ է համարում իր հիմնական մրցակիցը։
-Քանի դեռ վերջնական ցանկ չկա, շատ բան չեմ կարող ասել, մենք մեր օրակարգով գնում ենք մասնակցելու ՏԻՄ ընտրություններին։ Մենք բոլորին ենք համարում մրցակից, բայց ամբողջ խնդիրն այն է, որ մենք մեր մոտեցումը դնում ենք ավելի շատ մեր կատարած աշխատանքի վրա, փորձելու ենք գյումրեցիներից վստահության քվե ստանալ, որպեսզի Գյումրիում իշխանություն դառնանք։ Բոլոր թեկնածուները հավասար հնարավորություն ունեն, դե ՔՊ-ի ուժն ու հնարավորությունն անհամեմատելի է, մրցակցությունն ավելի շատ մյուս ուժերի մեջ է լինելու։
-Այսինքն արդեն վստա՞հ եք, որ ՔՊ-ն հաղթելու է։
-Միանշանակ, մենք գնում ենք 50-ից ավել քվե ստանալու և հաղթելու համար։
-Ի դեպ, տեղեկություններ կան, որ հաղթելու հարցում իշխանություններին օգնության է հասնելու քրեական ենթամշակույթը, և ընտրություններից առաջ ՔՊ-ն ոտքի է հանելու քրեական դեմքերի, որպեսզի ձայներ ապահովեն։
-Իշխանությունները եթե նման բան անեին, հիմա քրեական հեղինակություններ թեկնածություն չէին դնի, հետևաբար՝ իշխանությունները քրեական հեղինակությունների հետ առնչություն չունեն, ՔՊ-ն քրեական ենթամշակույթի դեմ պայքարել է, անգամ օրենք ունենք դրա համար։
-Կամ առհասարակ չեն պայքարել քրեական ենթամշակույթի դեմ, կամ էլ անարդյունք է եղել այդ պայքարը, քանի որ հիմա էլ թե՛ Երևանում, թե՛ մարզերում պարբերաբար հենց քրեական դեմքերի մասնակցությամբ բազմաթիվ վեճեր ու միջադեպեր են լինում։
-Վեճեր բոլոր տեղերում էլ լինում են, անգամ ամենաժողովրդավար երկրում հանցագործություններ լինում են։ Ամենախիստ միջոցներով պայքար տարվում է։
-Պարո՛ն Սարուխանյան, իշխանությունները, մասնավորապես Գյումրու ավագանու անդամները, գյումրեցի պատգամավորները, անթույլատրելի ու վիրավորական խոսույթով են արտահայտվում ընդդիմադիրների նկատմամբ։ Ինչո՞ւ, հնարավոր չէ՞ առողջ մրցակցություն։
-Իրենք քաղաքական անհատներ են և քաղաքական տեքստեր են ասում, այդտեղ որևէ բան ցենզից դուրս չկա, եթե ցենզից դուրս է կամ վիրավորական, թեկնածուն նեղսրտել է, կարող է դիմել դատարան։
-Դե հաճախ մեղադրում են, թե այս կամ այն թեկնածուն առնչություն ունի նախկին իշխանությունների հետ, ինչու միայն ՔՊ-ականը կամ իշխանության հետ փոխկապակցված ա՞նձը կարող է առաջադրվել։
-Ով է ասել միայն ՔՊ-ն պետք է մասնակցի։ Եթե չկարողանային մասնակցել, այսքան մասնակցություն չէր լինի, եթե այն իշխանությունը լինեինք, որ չթողնեինք կամ ճնշեինք, այսքան ակտիվ մասնակցություն չէր լինի։ Սա փաստում է այն մասին, որ մենք ամեն ինչ անում ենք, որ արդար ընտրություններ լինեն։ Բոլոր քաղաքական ուժերը, տեսնելով, որ մենք պահում ենք արդարությունը, մասնակցում են ընտրություններին, և գնում ենք գյումրեցու ձայնը խնդրելու, իսկ թե ում կընտրի գյումրեցին, մեկ ամիս ժամանակ կա։
-Պարո՛ն Սարուխանյան, ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանը, որը նաև համայնքապետի պաշտոնակատարն է այս պահին, ի պաշտոնե հանդիպում է քաղաքացիների հետ, նվերներ բաժանում նրանց։ Սա արդյո՞ք ռեսուրսների չարաշահում չէ, ստացվում է՝ մրցակցային անհավասար պայմաններում են պայքարելու թեկնածուները։
-Էլի կան թեկնածուներ, որոնք որոշակի դիրք են զբաղեցնում Գյումրիում։ Սարիկ Մինասյանը համայնքապետի պաշտոնակատարն է և իր գործառույթն է իրականացնում։ Եթե բակային հանդիպումներ չաներ, հիմա պետք է դժգոհեին, որ Սարիկ Մինասյանը անգործության է մատնված։ Նվերների բաժանում Սարիկ Մինասյանի կողմից չի եղել։ Մարդիկ կարիքի մեջ են եղել, Սարիկ Մինասյանը խնդրել է՝ ովքեր ի վիճակի են, օգնեն այդ մարդկանց։
-Դե այդ նվերներն էլ Սարիկ Մինասյանի անունից են տրվել քաղաքացիներին։
-Իր անունից չէ, հիմա ինձ էլ մարդիկ տարբեր հարցերով դիմում են, շատ բաներ ես ինքս չեմ կարողանում լուծել, այդքան հնարավորություն չեմ ունենում, դիմում եմ այլոց, որ օգնեն մարդկանց։ Սարիկ Մինասյանն էլ, նույն տրամաբանությամբ էլ լինում են գործարարներ, կազմակերպություններ, որոնց միջոցով լուծվում է հարցը։
Քրիստինա Մուշեղյան