
Թուրք մաքսավորները կասեցրել են Վրաստանից «Սարպի» մաքսային անցակետով (վրաց-թուրքական սահման) հազվագյուտ կրիաների 910 առանձնյակի ներմուծումը երկիր: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից։
Առգրավված սողունների ընդհանուր արժեքը շուկայում 655 000 թուրքական լիրա է կամ մոտավորապես 51 000 լարի (18 000 ԱՄՆ դոլար)։
Թուրքական լրատվամիջոցների տվյալներով՝ «Սարպի» մաքսային անցակետի մաքսավորների ուշադրությունը գրավել է մի ավտոմեքենա։ Այն ուղարկվել է ռենտգեն սկանավորման, որի ընթացքում մեքենայում կասկածելի ակտիվություն է հայտնաբերվել, մասնավորապես՝ 910 ջրային կրիա:
Այժմ կենդանիները գտնվում են մասնագետների հսկողության ներքո։ Որոշվում է նրանց հետագա ճակատագրի հարցը՝ վերադարձնել իրենց բնական միջավայր, թե տեղափոխել մասնագիտացված կենտրոններ։