«ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԳՈՐԾԵԼ ԵՄ ՕՐԵՆՔԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը, ով վերջերս անդամագրվել էր ԲՀԿ-ին, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրեց, որ մասնակցելու է առաջիկա ԱԺ ընտրություններին` նաեւ մեծամասնական ընտրակարգով առաջադրելով թեկնածությունը:
-Ի՞նչը Ձեզ ստիպեց մտնել քաղաքականություն:
-Այսքան ժամանակ պարապությունից հետո որոշեցի մտնել քաղաքականություն:
-Իսկ ինչո՞ւ հենց ԲՀԿ:
-Ես Ծառուկյանին ծանոթ եմ, ճանաչում եմ, ընդունում եմ, համարում եմ, որ խոսքի տեր մարդ է, դրա համար էլ ընտրեցի ԲՀԿ-ն:
-Իսկ Ձեր նախկին գլխավոր գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանը չի՞ նեղանա, որ ոչ թե իր կուսակցությանն անդամագրվեցիք, այլ ԲՀԿ-ին:
-Չեմ կարծում, որ կնեղանա: Աշխատել եմ, այո՛, նրա հետ ե՛ւ որպես նախարար, ե՛ւ որպես նախագահ: Բայց չեմ կարծում, որ նա կնեղանա ԲՀԿ անդամագրվելովս:
-Իսկ ինչո՞ւ իր կուսակցությանը չանդամագրվեցիք:
-Դե այդ կուսակցությունում մեծաքանակ ժողովուրդ կա, ամենամեծ իշխանական կուսակցությունն է, եւ ի՞նչ վատ բան կա, որ մյուս կուսակցություններն էլ ուժեղանան:
-Այսինքն` կարծում եք` Ձեր ներկայությամբ ուժեղացնո՞ւմ եք ԲՀԿ-ին:
-Չեմ կարծում, որ իմ ներկայությունը շատ բան է փոխում: Այդքան էլ մեծամիտ կարծիքի չեմ, որ իմ մտնելով` ուժեղանում է կառույցը, բայց այդ կուսակցության լիդերին եմ ընդունում, դրա համար էլ այնտեղ մտա:
-ՀՀԿ-ԲՀԿ միջեւ միշտ էլ թաքնված հակասություններ են եղել, եւ դրանք պարբերաբար սրվում են: Ինքներդ ինչպե՞ս եք վերաբերվում այդ հանգամանքին:
-Ես ինքս նման հակասությունների ծանոթ չեմ, կոալիցիոն կուսակցություններ են, իրար մեջ իզուր եք հակասություններ փնտրում: Հակասություններ, համենայնդեպս, ես ո՛չ նկատել եմ, ո՛չ էլ կարծում եմ` կան այդպիսիք:
-Հակասությունների ապացույցներից մեկն էլ պարբերաբար ԱԺ-ում «փոխհրաձգություններն» են:
-Այդ հարցը ճիշտ կանեք` «փոխհրաձգողներին» տաք:
-Մասնակցելո՞ւ եք առաջիկա ընտրություններին:
-Իհարկե: Հնարավոր է` երկու ձեւով էլ մասնակցեմ, այսինքն` ե՛ւ մեծամասնական, ե՛ւ համամասնական:
-Եւ ո՞ր ընտրատարածքում եք պատրաստվում առաջադրվել:
-Մեր ընտրատարածքում` Արարատի:
-Եթե ՀՀԿ-ականի հետ ընտրապայքարի մեջ մտնեք, Ձեզ վրա ի՞նչ ազդեցություն կթողնի, որ Ձեր մրցակցին սատարի Ձեր նախկին հրամանատարը:
-Ընտրություններում միշտ էլ պայքար լինում է, եւ պարզ է, որ հաղթում է թեկնածուներից մեկը: Ես ուզում եմ, որ կյանքը փոխվի, լավանա մեզ համար, մեր երեխեքի համար: Դրա համար էլ ուզում եմ առաջադրվել:
-Ուշագրավ է, որ 2007թ. այլ զինվորականներ եւս մտան քաղաքականություն, մտան խորհրդարան` գեներալ Սեյրան Սարոյան, Ռուստամ Գասպարյան, որոնք միանգամից քաղաքականություն մտան բանակից: Վտանգավոր չէ՞, երբ զինվորականը մտնում է քաղաքականություն:
-Չեմ կարծում, որ այդտեղ վտանգավոր բան կա: Եթե զինվորականները մտնում են քաղաքականություն, բնականաբար, իրենց զինվորական գործով այլեւս չեն զբաղվում: Եւ որեւէ վտանգի մասին խոսք լինել չի կարող:
-Ի՞նչն է դրդում, ի վերջո, զինվորականին մտնել քաղաքականություն, դա կարծես նրա գործը չէ:
-Զինվորականները մի քիչ ավելի կարգապահ են, ավելի պարտաճանաչ: Եւ  իրենց մուտքը քաղաքականություն ավելի կկանոնակարգի, ավելի կարգի կհրավիրի այդ դաշտը: Ես այն կարծիքին չեմ, որ զինվորականներն ունեն ուժային մտածելակերպ եւ քաղաքականության հետ կապ չունեն:
-Մտավախություն չկա՞, որ 2008թ. մարտի 1-ի Ձեր ծավալած գործունեությունը` որպես կոմպրոմատ, առաջիկայում Ձեր դեմ շուռ գա, այսինքն` քաղաքականության մեջ դա Ձեր դեմ ծառայեցնեն:
-Մարտի 1-ին ես իմ գործունեությունը ծավալել եմ օրենքի շրջանակներում: Այս տարիների ընթացքում իրավապահ մարմիններն այդ գործով զբաղվել են: Եւ ընդհանրապես, ես գործել եմ օրենքի շրջանակներում, տեղեկացված մարդիկ գիտեն դա: Այնպես որ, որեւէ մտավախություն չունեմ: Այդ օրերի իմ գործունեությունը` որպես իմ դեմ կոմպրոմատ չի կարող օգտագործվել, որովհետեւ ես սխալներ չեմ արել: Ես ընդամենը լուծել եմ իմ առաջ դրված խնդիրները եւ լուծել եմ օրենքի շրջանակներում:
-Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ այդ օրը 10 զոհ եղավ, այդ օրերին ո՞վ չի գործել օրենքի շրջանակներում, եւ ընդհանրապես, ինչո՞ւ առ այսօր բացահայտված չեն այդ 10 սպանությունները:
-Այդ հարցն ինձ ամենաշատն է հետաքրքրում, եւ ինքս կուզենայի, որ իրավապահ մարմինները հայտնաբերեին ու պատժեին բոլոր անձանց, որոնց պատճառով դա եղավ:
-Այդ դեպքում ինչո՞ւ մարտի 1-ից հետո հրաժարական տվեցիք. արդյո՞ք Ձեր հրաժարականը հենց մարտի 1-ի հետ չէր կապված:
-Բնական է, որ նման դեպքերում պետք է նաեւ հրաժարականներ լինեն, որովհետեւ, համենայնդեպս, կարող էին ավելի լավ գործել… երեւի թե:
-Իսկ ի՞նչը խանգարեց լավ գործելուն:
-Այդ դեպքից 4 տարի է անցել… խանգարող հանգամանքներ ե՛ւ այն ժամանակ կային, ե՛ւ դրանից հետո կան: Բայց դա արդեն այլ խոսակցության թեմա է:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս