
ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտի 11 ընկերություններ փետրվարի 17-21-ն Աբու Դաբիում կազմակերպված պաշտպանական արտադրանքի միջազգային ցուցահանդեսին կներկայացնեն բարձր, տեղեկատվական, պաշտպանական և ռազմական նշանակության տեխնոլոգիաների, ինժեներական լուծումների ուղղությամբ Հայաստանի վերջին ձեռքբերումներն ու ներուժը։
Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, որ «ԱՅԴԵՔՍ 2025» (IDEX 2025) ցուցահանդեսին մասնակցությունը նպատակ ունի միջազգայնացնել հայկական պաշտպանական արտադրանքը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ՝ գերատեսչության պատվիրակությունը ևս փետրվարի 16-21-ը գտնվելու է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում` միջազգային պաշտպանական այս համաժողովին և ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:
Ցուցադրվելու են ոչ միայն արդեն պատրաստի արտադրանք ու ծրագրեր, այլև հեռանկարային նախագծեր, որոնք կարող են դյուրացնել տվյալ ոլորտներում նոր համագործակցությունների մեկնարկն ու ընդլայնումը:
Ցուցահանդեսին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 3-րդ անգամ անընդմեջ մասնակցում է «ՀԱՅԱՍՏԱՆ (ARMENIA)» միասնական տաղավարով։
Ցուցահանդեսն անցկացվում է երկու տարին մեկ անգամ և հանդիսանում է աշխարհի խոշորագույն պաշտպանական ցուցահանդեսներից մեկը, որտեղ այս տարի սպասվում են շուրջ 150 հազար այցելուներ։
Միջոցառմանը փետրվարի 16-ին նախորդել է Միջազգային պաշտպանական համաժողովը (IDC), որին Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության հարցերով պետնախարար Մուհամմադ բին Մուբարաք բին Ֆադել Ալ-Մազրուեի հրավերով մասնակցել և «Ապատեղեկատվություն և ազդեցության գործառնություններ» խորագրով պանելային քննարկման շրջանակում որպես բանախոս հանդես է եկել ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը: