
Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով հերթական դատական նիստը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նիստի սկզբում Ռուբեն Վարդանյանը և նրա պաշտպան Աբրահամ Բերմանը դատարանին խնդրել են պայմաններ ստեղծել հանդիպման համար։ Դատարանը բավարարել է միջնորդությունը և հայտարարել ընդմիջում, որից հետո Ռուբեն Վարդանյանն ու նրա պաշտպանը դատավորների կազմի ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել։
Մեղադրող դատախազներ Վուսալ Ալիևը և Ֆուադ Մուսաևը, որոնք պաշտպանում են պետական մեղադրանքը, միջնորդության վերաբերյալ նշել են, որ նախորդ դատական նիստում նույնաբովանդակ միջնորդություն է քննարկվել և համապատասխան որոշում է կայացվել և խնդրել են մերժել միջնորդությունը։
Այսօրվա նիստին շարունակվել է մեղադրական եզրակացության ընթերցումը։
Նիստը նախագահող դատավորը Ռուբեն Վարդանյանին հարցրել է՝ արդյո՞ք իրեն մեղավոր համարում է։ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է պատասխանել հարցերին՝ ի նշան իրեն առաջադրված շինծու մեղադրանքների դեմ բողոքի։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը նոր «մեղադրանք» է ներկայացրել Բաքվում ապօրինի պատանդառված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ռուբեն Վարդանյանն այժմ «մեղադրվում է» նաև արտասահմանում ադրբեջանցի դիվանագետների դեմ «Նեմեսիս-2» ահաբեկչական գործողություն նախաձեռնելու մեջ»։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ այսօրվա դատական ֆարսի ժամանակ Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր, որ հրաժարվում է ադրբեջանցի պաշտպանից, և որ նրա իրավունքները պաշտպանելու է միայն պայմանագրով իր փաստաբան Աբրահամ Բերմանը։
Հիշեցնենք, որ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների և քաղաքացիական անձանց Բաքվի դատարանը մեղադրում է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» համար:
Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 16 հոդվածներով։