
Արդեն տևական ժամանակ է ArmLur.am-ի խմբագրություն են ահազանգում քաղաքացիներ և հայտնում, որ դպրոցներում և մանկապարտեզներում տարածված վարակների պատճառով երեխաները անդադար հիվանդ են:
Քաղաքացիները նշում են, որ մանկապարտեզների սաների և դպրոցականների զգալի մասը հիվանդ է և հենց այդ վիճակում էլ գնում է դասի՝ բացակաների պատճառով առաջացած տհաճ իրավիճակներից խուսափելու համար:
ArmLur.am-ի խմբագրություն զանգահարած ծնողները ահազանգում են՝ պահանջելով, որ բոլոր մանկապարտեզներում և դպրոցներում դասապրոցեսը ժամանակավորապես դադարեցվի, որպեսզի վարակի տարածման հիմնական ճանապարհը փակ լինի:
Պարզաբանման նպատակով ArmLur.am-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի գլխավոր մասնագետ Ելենա Հարությունյանի հետ: Նա նշեց, որ դեռ այսօր են քննարկում ունեցել Վարակների կանխարգելման հանձնաժողովի հետ, որտեղից տեղյակ են պահել, որ վարակների տարածման տենդենցը նվազում է և համաճարակային իրավիճակ հայտարարելու կարիք այս պահին չկա: Ելենա Հարությունյանի հավաստիացմամբ այս պահին դպրոցները ժամանակավորապես փակելու խնդիր դրված չէ, հատկապես, որ, հակառակ ծնողների մտավախություններին, 60 ժամից ավել բացակայություն գրանցելու դեպքում դպրոցականները տարեվերջին պարզապես գրավոր աշխատանք են ներկայացնում իրենց բաց թողած թեմաներից՝ դրանք հանձնած լինելու համար:
Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ սուր շնչառական վարակները եղանակով և սեզոնով պայմանավորված սրվել են։ ArmLur.am-ը Հայաստանի Հանրապետությունում սուր շնչառական վարակների, թոքաբորբի և կորոնավիրուսային հիվանդությունների վերաբերյալ վիճակագրություն է խնդրել ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
2025 թվականի 5-րդ շաբաթվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում շարունակվում է պահպանվել ՍՇՎ-ներով պայմանավորված ակտիվությունը։ Նշված ժամանակահատվածում առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ ՍՇՎ-ով դիմել են 9105 պացիենտ, (հիվանդացության ցուցանիշը կազմել է 307․3) նախորդ շաբաթվա համեմատ հիվանդացությունը նվազել է՝ 1,1 անգամ, իսկ 2024թ. միևնույն ժամանակահատվածում արձանագրված դեպքերի համեմատ ևս ցածր է՝
1.1 անգամ։
Ընդհանուր դեպքերի 74.7%-ը արձանագրվել է 0-18 տարեկանների շրջանում։
Առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ նշված ժամանակահատվածում թոքաբորբով դիմել է 1022 պացիենտ, ինչը նախորդ շաբաթվա համեմատ հիվանդացությունը գտնվում է գրեթե միևնույն մակարդակի վրա, իսկ նախորդ` 2024թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ բարձր է 2.4 անգամ։ Ընդհանուր դեպքերի 67.9%-ը կազմում են 0-18 տարեկանները։
Նշված ժամանակահատվածում ՀՀ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ՍՇՎ-ներով հոսպիտալացվել են 863 պացիենտ, որոնց 92.8%-ը կազմում են 0-18 տարեկանները։ Նախորդ շաբաթվա 932-ի համեմատ հոսպիատալացումները նվազել են 1,1 անգամ։ Թոքաբորբով հոսպիտալացվել են 578 պացիենտ, որոնց 67.4%-ը ևս կազմում են 0-18 տարեկանները, նախորդ շաբաթվա 584 հոսպիտալացումների համեմատ գրեթե նույնն են։
Սույն թվականի փետրվարի 2-ի դրությամբ սուր շնչառական վարակներով, ծանր սուր շնչառական վարակներով և թոքաբորբով վերակենդանացման բաժանմունքներ հոսպիտալացվել են թվով 72 պացիենտ, որից 59-ը՝ 0-18 տարեկան։
Դետքային համակարգի դիտարկման շրջանակներում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում 23 նմուշում հայտնաբերվել են գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչներ։ Այլ շնչառական վարակներից 4 նմուշում հայտնաբերվել են ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, 3 նմուշում՝ ռինովիրուսի և 1 նմուշում՝
կորոնավիրուսային հիվանդության SARS-Cov-2 հարուցիչներ։
2025 թվականի փետրվարի 3-ի դրությամբ վերջին 7 օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 27 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3 դեպքով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպքերը ցածր են 1.8 անգամ:
Էմմա Միքայելյան