
Փարիզում Ուկրաինայի վերաբերյալ արտահերթ հանդիպումը որոշ եվրոպական պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հետագա գործողությունների, այդ թվում այնտեղ խաղաղապահներ ուղարկելու շուրջ կոնսենսուսի հասնելու նպատակով, նշանավորվել է մասնակիցների միջեւ սուր հակասություններով։ Այս մասին հայտնել է Financial Times (FT) թերթը։
Պարբերականի տվյալներով՝ «եվրոպական երկրների միջեւ ճգնաժամային հանդիպման ժամանակ վեճ է սկսվել Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ»։ Գերմանիան, Իտալիան, Լեհաստանը եւ Իսպանիան փետրվարի 17-ին հայտարարել են, որ չեն ցանկանում խաղաղապահ ուժեր ուղարկել Ուկրաինա՝ այն բանից ժամեր անց, երբ Բրիտանիան առաջարկել է այնտեղ եվրոպական ուժեր տեղակայել, նշվել է հրապարակման մեջ:
Հանդիպմանն իրազեկ պաշտոնյաների խոսքով՝ Ֆրանսիան առաջարկել է զինված ուժեր տեղակայել ապագա շփման գծի հետեւում: Սակայն փարիզյան հանդիպումից հետո Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը զորքերի տեղակայման մասին քննարկումն անվանել է «չափազանց անտեղի», հաշվի առնելով, որ հակամարտությունը դեռ շարունակվում է։
Նման «քննարկումը վաղաժամ է, եւ հիմա դրա հարմար ժամանակը չէ»,- Շոլցի խոսքերը մեջբերել է FT-ն։ Նա ասել է, որ իրեն նյարդայնացնում են նման քննարկումները, եւ դրանք անվանել է «անհասկանալի վեճ սխալ պահին եւ սխալ թեմայով»: