![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/3132507.1985db1e5ec51e2d837d4f0b8599ab1a.jpg)
Փետրվարի 18-ին նախատեսված ուկրաինական պատերազմի շուրջ ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները մեկնարկել են:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հաստատել էր, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը Էր Ռիադում հանդիպում կունենան ԱՄՆ ներկայացուցիչների հետ: Դմիտրի Պեսկովը նշել էր, որ հանդիպումն առաջին հերթին նվիրված կլինի ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնմանը, ուկրաինական կարգավորման հնարավոր բանակցությունների նախապատրաստմանը և երկու նախագահների հանդիպման կազմակերպմանը։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն էլ հայտարարել էր, որ Էր Ռիյադում բանակցությունները կլինեն երկկողմ՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև։ Նրա խոսքով հանդիպման ժամանակ՝ Մոսկվան և Վաշինգտոնը պետք է որոշեն, թե ինչպես սկսել բանակցությունները ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար, քանի որ ամերիկյան կողմը դեռ գլխավոր բանակցող չի նշանակել։
Սաուդյան Արաբիայում է նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Ամերիկյան կողմից բանակցություններին կմասնակցում է Մերձավոր Արևելքի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վալցը: Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նպատակով Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղ բանակցությունների մեկնարկից առաջ երկար ճանապարհ կա անցնելու։
Ուկրաինան չի մասնակցում Սաուդյան Արաբիայում այժմ ընթացող բանակցություններին։
«Ուկրաինան ոչինչ չգիտեր այդ մասին: Մենք համարում ենք, որ Ուկրաինայի վերաբերյալ ցանկացած բանակցություն առանց Ուկրաինայի արդյունք չի կարող ունենալ: Մենք չենք կարող ճանաչել մեզ վերաբերող որևէ համաձայնություն, որը ձեռք է բերվել առանց մեր մասնակցության»,- հայտարարել էր Զելենսկին:
Նա հավելել է, որ ուկրաինական պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Սաուդյան Արաբիա, սակայն դա կապված չէ ռուս-ամերիկյան հանդիպման հետ։ Զելենսկին նաև հայտնել էր, որ ուկրաինական կարգավորման հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի այցը Ուկրաինա սպասվում է փետրվարի 20-ին:
Էմմա Միքայելյան