Ալավերդու բժշկական կենտրոնում նախատեսվում է հիմնել հեմոդիալիզի բաժանմունք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը փետրվարի 18-ին ընդունել է «Մեդինվեստկոր» առողջապահական կազմակերպության գլխավոր տնօրեն Եվգենիա Լանովայային և զարգացման տնօրեն Սերգեյ Բրյուխանովին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Լորա Սարգսյանը:

Հանդիպման նպատակը Ալավերդու բժշկական կենտրոնում դիալիզի բաժանմունքի հիմնման հետ կապված հարցերի քննարկումն էր:

Ողջունելով հյուրերին՝ մարզպետը նշել է, որ Ալավերդու բժշկական կենտրոնում հեմոդիալիզի ծառայության հիմնումը մեծ անհրաժեշտություն է, քանի որ ներկայում տարածաշրջանի բուժառուները նշված ծառայությունն ստանալու համար ստիպված են լինում գնալ այլ համայնքներ, ինչը դժվարություններ է առաջացնում:

Կազմակերպության ներկայացուցիչներն, իրենց հերթին շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, հանդես են եկել առաջարկությամբ՝ Ալավերդու ԲԿ-ի տարածքում վարձակալության հիմունքներով հիմնելու հեմոդիալիզի բաժանմունք:

Վերջինիս շրջանակներում նախատեսում են վերանորոգել տարածքը, հագեցնել այն ժամանակակից բուժսարքավորումներով, նաև վերապատրաստել բուժանձնակազմին:

Կողմերը քննարկել են ծառայության կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր: Մարզի ղեկավարը հանձնարարել է, համապատասխան ընթացակարգերի պահպանմամբ, աշխատանքներ իրականացնել բաժանմունքի հիմնան ուղղությամբ:




Լրահոս