
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում ավարտվել են ռուս-ամերիկյան բանակցությունները: Դրանք տևել են 4,5 ժամ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ռուսական կողմը դրանք դրական է գնահատել: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները պայմանավորվել են հարգել միմյանց շահերը: Նա ընդգծել է, որ առայժմ դժվար է ասել, որ Ռուսաստանի Դաշնությունն ու ԱՄՆ-ն մերձենում են, բայց այդ մասին խոսակցություն եղել է:
«Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների պատվիրակությունները շատ լուրջ զրույց են ունեցել բոլոր հարցերի շուրջ», – հավելել է նա:
Ինչ վերաբերում է երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպմանը, ապա, Ուշակովի խոսքով, այն դժվար թե կայանա հաջորդ շաբաթ: Ըստ պաշտոնյայի՝ Մոսկվան և Վաշինգտոնը կաշխատեն, որպեսզի պայմաններ ստեղծեն Պուտինի և Թրամփի հանդիպման համար:
Ուշակովը նաև ասել է, որ Ուկրաինայի հարցով ՌԴ և ԱՄՆ բանակցողների առանձին թիմեր շփման մեջ են մտնելու: