Մոտ ապագայում կձևավորվի ուկրաինական կարգավորման գործընթաց և կնշանակվեն բանակցողներ․ Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը համակարծիք են եղել, որ պետք է ամեն ինչ անել աշխարհաքաղաքական ոլորտներում և տնտեսական հարցերում ջանքերը միավորելու համար։ Ինչպես փոխանցում է Ռիա Նովոստի-ն, այս մասին ամերիկյան պատվիրակության հետ բանակցություններից հետո հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Ըստ Լավրովի՝ հիմքեր կան ենթադրելու, որ ամերիկյան կողմը սկսել է ավելի լավ հասկանալ Ռուսաստանի դիրքորոշումը։

«Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են, որ երբ իրենց շահերը չեն համընկնում, պետք է ոչ թե հակամարտություն հրահրեն, այլ լուծեն խնդիրները։ Կողմերը պայմանավորվել են, որ մոտ ապագայում կձևավորվի ուկրաինական կարգավորման գործընթաց և կնշանակվեն բանակցողներ։

Ռուսական կողմը կնշանակի իր ներկայացուցիչներին, որոնք կաշխատեն հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ այն բանից հետո, երբ իրեն կտեղեկացնեն ամերիկյան պատվիրակության կազմի մասին։

Բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել պայմաններ ստեղծել ուկրաինական հակամարտությունը լուծմանը զուգընթաց, որպեսզի Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունն ամբողջությամբ վերսկսվի»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Լավրովը խոսել է նաև Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցման վերաբերյալ բացասական դիրքորոշման մասին։

«Մենք մեր ամերիկացի զրուցակիցներին բացատրեցինք, որ ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունն Ուկրաինայում անընդունելի է։  Ռուսաստանը բացատրել է նաև, որ չի հարձակվում քաղաքացիական օբյեկտների վրա»,- եզրափակել է Լավրովը։




Լրահոս