
Ռուսաստանն ու Իրանը փոխադարձ առևտրում գրեթե ամբողջությամբ անցել են ազգային արժույթներով հաշվարկներին, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ելույթ ունենալով Թեհրանում ընթացող Կասպյան տնտեսական համաժողովում։
«Հատուկ կարևորություն ենք տալիս փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների օգտագործմանը։ Եվրասիական տնտեսական միությունում դրա մասնաբաժինը գերազանցում է 92 տոկոսը։ Ռուսաստանը և Իրանը գրեթե ամբողջությամբ անցել են ազգային արժույթներով հաշվարկների ՝ օգտագործելով ֆինանսական և բանկային սեփական համակարգերը»,- ասել է նա։
ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու համաձայնագրի մասին, որը ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերին, սակայն դեռ ուժի մեջ չի մտել, Օվերչուկն ասել է․ «Սպասում ենք, որ Իրանում ավարտվեն ներպետական ընթացակարգերը, որպեսզի համաձայնագիրն ուժի մեջ մտնի»։
Նա հիշեցրել է, որ Իրանը վերջերս միացել է ԵԱՏՄ-ին՝ որպես դիտորդ երկիր և «Կասպիական հնգյակի» մյուս երկրներին առաջարկել է մտածել ԵԱՏՄ-ին «ավելի մոտ լինելու» հարցի շուրջ։