Ցտեսություն. մինչեւ հաջորդ` 2012-ի փետրվար եւ հույս, որ գալիք տարին կարող է դառնալ հույսի եւ արժանապատվության վերականգնման, բոլոր անձնական ու հավաքական իղձերի կատարման տարի։ Եւ իհարկե, անսերժ Հայաստանի: Երեկ այսպիսի նախադասություններով եզրափակվեց Հայ ազգային կոնգրեսի նոյեմբերի 25-ի հանրահավաքը: Դժվար է պնդել, որ սա սպասվածի չափ հուսախաբ արեց Կոնգրեսի այն համակիրներին, որոնք այս տարիների ընթացքում մաղվելով էլի Ազատության հրապարակում էին: Հենց նրանք երեկ միաձայն քվեարկությամբ ընդունեցին Սերժ Սարգսյանի պաշտոնանկության իրավաքաղաքական հիմքերի հռչակագիրը, որը ներկայացրեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:
Չնայած հերթական անգամ վերցված դադարին, հանրահավաքն իր բովանդակային, հուզական եւ քաղաքական ելեւէջների հագեցածությամբ գերազանցում էր նախորդներին: Նախ հանրահավաքը վարող Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ մոտ մեկ ամիս առաջ հենց այդ հարթակից Լեւոն Տեր-Պետրոսյանը կանխատեսել էր պաշտոնանկությունների այն ալիքը, որ մարգարեական ճշգրտությամբ իրականացավ օրեր անց: Դիմելով նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, որն իր պաշտոնավարման տարիներին սովորություն ուներ կրկնելու, թե թույլ չի տա Հայաստանում ղրղըզական հեղափոխություն, Նիկոլ Փաշինյանը ֆիքսեց. «Ալի՛կ Սարգսյան, փաստորեն, քո ղեկավարը քեզ ղրղըզեց»: Ավելի ուշ նման «հիշեցումներ» արվեցին նաեւ ներկա ոստիկանապետ Վովա Գասպարյանի եւ Սերժ Սարգսյանի համար, որ «կղրղըզվեն» ժողովրդի կողմից:
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ երբ Արամ Սարգսյանի ելույթի ժամանակ անսպասելի անջատվեցին Ազատության հրապարակի լույսերը, ընդդիմության մեջ կասկածներ առաջացան, որ դա հենց Գասպարյանի «քաջագործությունն» է, մանավանդ, որ մարզերից եկող ճանապարհներն այս անգամ սովորականից ավելի փակ էին, եւ ընդդիմությունն էլ տեղեկություններ ուներ, որ հանրահավաքի նախօրեին Վովա Գասպարյանը գլուխ է գովել, թե իր գործողությունների շնորհիվ հանրահավաքը ձախողվելու է:
Հարցը կարգավորվեց պահեստային էներգամատակարարմամբ, որից հետո Նիկոլ Փաշինյանը հերթով թվարկեց այս վարչախմբի եւ անձամբ վարչապետի ներդրումները մի շարք բաների «կապակցուուուությաաա~ամբ». «արտագաղթի ոոո~ոլորտում» եւ այլն: Այս բոլոր «ոոոոլորտներում» «հաջողություններն են», որ Նիկոլ Փաշինյանի կարծիքով` քաղաքացի Վաչագան Իսոյանին ստիպել էին «24-10» ավտոմեքենան քշել նախագահական նստավայրի դարպասների վրա: Նիկոլ Փաշինյանը նույնիսկ կարգախոս առաջարկեց. «Մենք բոլորս Վաչագան Իսոյան ենք, եւ մենք գալու ենք ձեր հետեւից»: Սրանից հետո խոսելով ԱԺ նախագահի անսպասելի հրաժարականի մասին` Փաշինյանն արձանագրեց` Սերժ Սարգսյանը չի վստահում ոչ միայն իր նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանին, այլեւ իր ընտանիքի անդամներին:
Հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանն էլ դիմեց ժողովրդին. «Մենք պետք է վերջ տանք այն տրտունջներին, որ ճանապարհները փակում են: Կներեք, պատմության մեջ էդ ո՞ր ապստամբի առաջ են իշխանությունները գորգ փռել ու «բարով եք եկել» ասել»: Ժողովուրդը համաձայն էր:
Վարչախմբի` աննախադեպ արդար ընտրություններ անցկացնելու ցինիզմի հասնող հավաստիացումներին անդրադարձան ՀԺԿ եւ «Հանրապետություն» կուսակցությունների նախագահներ Ստեփան Դեմիրճյանն ու Արամ Սարգսյանը: Եթե առաջինն արձանագրեց` «իշխանությունները լծված են վերարտադրության գործին», ապա Արամ Սարգսյանը, որ 2000 թվականից քաղաքականության մեջ է, չի հիշում որեւէ համապետական ընտրություն, որից առաջ նման հայտարարություններ չլինեն: Հետեւաբար, ելքն այն է, ինչ տեղի ունեցավ Եմենում, Եգիպտոսում եւ Թունիսում։
Ինչ վերաբերում է Սարգսյանին իմփիչմենթի հիմքերին, ապա դրա հիմքերը Սահմանադրության մի շարք հոդվածներն են: Քանի որ 57-րդն ասում է՝ «ՀՀ Նախագահը կարող է պաշտոնանկ արվել դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար», ապա ինը կետով նկարագրված էր, թե ինչ հանցագործություններ է կատարել Սերժ Սարգսյանը վարչապետի եւ նախագահի պաշտոններում: Թվարկումն այսպես է եզրափակվում. «2008թ. ռազմական հեղաշրջման միջոցով իշխանության յուրացման եւ հետագա տարիներին կատարված նորանոր հանցանքների հետեւանքով երկիրը մղվել է քայքայման, պետականության վտանգման սահմանագիծ։ Ահագնացող արտագաղթը սպառնում է հանրապետությունում անդարձելի ժողովրդագրական փոփոխությունների, սեփական երկրում հայ ժողովրդի ազգային գոյության ապահովմանը։ Եւ դրա կանխման միակ ձեւը Սերժ Սարգսյանի անհապաղ հեռացումն է իշխանությունից»:
Սույն թվականի ընթացքում եւս մեկ անգամ` դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների միջազգային օրը, կլինի միջանկյալ հավաք` երթի տեսքով:
ՈՉ ՈՔ ԿԱՐՄԻՐ ԳՈՐԳ ՉԻ ՓՌՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ