
2025 թվականի հունվարին Վրաստանը Ռուսաստանից ներմուծել է ավելի քան 78 200 տոննա նավթ և նավթամթերք, ինչը 1,5 անգամ ավելի է 2024 թվականի նույն ցուցանիշից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վերլուծելով Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալները։
Գերատեսչության տվյալների համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունից նավթի և նավթամթերքի ներմուծման ծավալը հունվարին կազմել է 78 266,58 տոննա՝ 55,3 մլն դոլար արժողությամբ: Մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմել է 51 253,96 տոննա՝ 37,1 մլն դոլար արժողությամբ։ Ռուսաստանից այդ հումքի մատակարարումները հունվարին եղել են ռեկորդային ավելի շատ՝ գերազանցելով 2023 թվականի տվյալները (75 070 տոննա):
Ընդհանուր առմամբ, Վրաստանը հունվարին ձեռք է բերել ավելի քան 143 400 տոննա նավթ և նավթամթերք (աճը՝ 34,8%)՝ ավելի քան 106,9 մլն դոլար արժողությամբ: Երկրորդ տեղում է Ռումինիան (23 700 տոննա), երրորդում՝ Բուլղարիան (22 800 տոննա)։ Այնուհետև հաջորդում են Ուզբեկստանը (5100 տոննա), Հունաստանը (3000 տոննա), Իսրայելը (2500 տոննա), ԱՄԷ-ն (2200 տոննա), Թուրքիան (2100 տոննա) և Թուրքմենստանը (1300 տոննա):